Այսօր Մարզահամերգային համալիրում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ համալիրի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում:
Մինչ եվրոպացի առաջնորդերը Մարզահամերգային համալիրում գագաթնաժողովի էին մասնակցում արցախցիներն ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ համալիրի աստիճաններից ներքև՝ ոստիկանական պատնեշից այս կողմ էին փորձում իրենց ձայնը լսելի դարձնել: Երևան ժամանած տասնյակ երկրների պատվիրակություններից և ոչ մեկն այս օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց ու նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների հետ չի հանդիպել:
«Դուք ինչ է՝ չգիտե՞ք պատմությունը, դուք չգիտե՞ք միջազգային իրավու՞նքը, այդ դուք երբվանի՞ց և ու՞մ եք ծառայում, արդյոք դուք ներկայացնո՞ւմ եք Եվրոպայի ժողովուրդներին», - հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Հավաքվածներն արդեն ավելի քան 2.5 տարի ինչ դուռ ասես չեն թակել և՛ Հայաստանում, և՛ դրսում. պահանջները նույնն են՝ ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող 19 հայ գերիներին, փրկել Արցախի հայկական ժառանգությունը, ապահովել Արցախ վերադարձի իրենց իրավունքը:
«Արցախ Միության» նախագահ Արտակ Բեգլարյանն ընդգծում է՝ իրենք ուզում են տուն վերադառնալ, սակայն դրա համար երաշխիքներ են պետք. «Հիմա մենք հայտարարում ենք, որ 2.5 տարի է Արցախի ժողովուրդը կամովին ցանկանում է վերադառնալ մեր հայրենիք՝ անվտանգ, արժանապատիվ պայմաններով, միջազգային երաշխիքների ներքո, ոչ ոք չի ապահովում այդ պայմանները»:
Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը չի կարող կառուցվել արցախահայերի ոտնահարված իրավունքների հիմքի վրա, շեշտում է Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Նրա խոսքով՝ այս միջոցառումը ևս մեկ առիթ է իրենց խնդիրների մասին խոսելու համար:
«Բաքվում ապօրինաբար պահվող գերիների վերադարձ, անհետ կորածների ճակատագրերի հստակեցում, մենք ունենք ևս մի շատ նուրբ հարց, որը վերաբերում է 2023 թվականին Արցախում հուղարկավորվածների արտաշիրիմման հարցին, որը կարծես՝ ինչ-որ քննարկումներ եղել են, բայց այդպես էլ վերջնակետին չի հասել», - ասաց Ստեփանյանը:
«Դրսից ողջ եմ, ներսից՝ մահացած» գրությամբ պաստառով Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում հավաքվածները հույս ունեին, որ գոնե այսպիսի ակցիաներով կկարողանան եվրոպացի առաջնորդների ուշադրությունը հրավիրել, իսկ նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների նամակները տեղ հասնու՞մ են. «Որ ասենք բոլոր դիմումներին պատշաճ պատասխան լինում է՝ չէ, բայց ասեմ, որ այնպես էլ չէ, որ դրանք մնում են ամբողջությամբ անարձագանք, դիմումներին երբեմն հետևում են հանդիպումներ հասցեատիրոջ կամ նրա ներկայացուցչի հետ»:
Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն, այդուհանդերձ, վստահ է՝ եվրոպացի առաջնորդներին զեկուցում են իրենց խնդիրների մասին.
«Այդ թվում նաև մեր ներկայությունը, այնպես չէ, որ այնտեղ նստածները տեղյակ չեն, որ մարդիկ հավաքվել են, իրենց խնդիրներն ունեն, իրենց պահանջներն ունեն»:
Այսօր մայրաքաղաքում արցախցիների իրավունքներն ապահովելու պահանջներով այլ ցույցեր էլ տեղի ունեցան: