Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Զելենսկին քննարկել են երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները

Լրացված

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը նրանք ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը:

Փաշինյանն ու Զելենսկին անդրադարձել են նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին՝ ընդգծելով կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը։

«Լավ հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սա Ուկրաինայի նախագահի առաջին այցն է Հայաստան վերջին 24 տարվա ընթացքում։ Կարևոր է, որ մենք վերսկսենք մեր երկրների միջև ակտիվ երկխոսությունը։ Մենք քննարկեցինք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները։ Ես տեղեկացրեցի իրական խաղաղության հասնելու դիվանագիտական աշխատանքի մասին», - X-ում գրել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Փաշինյանի հետ խոսել են նաև տնտեսական գործընկերության զարգացման մասին. «Ես առաջարկեցի վերսկսել Տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը և դրա հաջորդ նիստն անցկացնել այս տարի Կիևում»։

Այսօր ավելի վաղ քննարկում են ունեցել նաև Հայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Անդրիյ Սիբիհան:

XS
SM
MD
LG