Վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի մտահոգում ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հեռանկարը: Եթե կառույցի անդամները նման որոշում կայացնեն, ասաց, Երևանը դա ի գիտություն կընդունի:
«ՀԱՊԿ-ի հետ կապված չեմ կարող մեկնաբանություն անել: Ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա, գործում է, և եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք էդ որոշումն ընդունել ի գիտություն, ուրիշ բան անելու չունենք», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտել է դաշինքում աշխատանքը: 2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային: Հայ պաշտոնյաները նախ դադարեցին մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին, հետո չհամաձայնեցին, որ Հայաստանի տարածքում անցկացվեն դաշինքի զորավարժությունները: Երևանը հրաժարվեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, իսկ 2024-ի փետրվարին վարչապետ Փաշինյանն ուղիղ հայտարարեց՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու մասին:
«Մենք գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություններում։ Վաղը ինչ կլինի, վաղը կերևա»,- հայտարարել էր վարչապետը:
Նույն տարվա մայիսին պաշտոնական Երևանը հայտնեց՝ չի մասնակցելու կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը: Մոսկվան անցած երկու տարում պարբերաբար հիշեցրել է ՀԱՊԿ կանոնադրական դրույթները, ըստ որոնց՝ ֆինանսավորումը պարտադիր է բոլորի համար:
Երեկ արդեն Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց՝ անդամ երկրները համաձայնել են այս հարցով քննարկում անցկացնել:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով.- «Մենք այսօր քննարկել ենք, թե ինչ է անհրաժեշտ անել այս իրավիճակում։ Հայաստանը պարտք է ՀԱՊԿ-ին ավելի քան երկու տարի։ Սա կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված իրավիճակ է, և մենք այսօր համաձայնել ենք քննարկել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման հարցը»:
ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունը չի կատարում իր պարտավորությունները կազմակերպության բյուջեի նկատմամբ, խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության քաղաքացիների՝ ՀԱՊԿ շրջանակում քվոտային պաշտոններ առաջադրելու իրավունքը, ինչպես նաև նրանց զրկել Կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից մինչև պարտքի լրիվ մարումը։ Հնարավո՞ր է Հայաստանը վերանայի մոտեցումն ու վճարի պարտքը: Վարչապետ Փաշինյանն ասաց. «ՀԱՊԿ-ի մասով ոչ, չենք պատրաստվում որևէ բան փոխել»:
ՀԱՊԿ կանոնադրությունը նաև սահմանում է՝ եթե անդամ երկրներից որևէ մեկը չի կատարում իր պարտավորությունները, կազմակերպության խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության մասնակցությունը կառույցի գործունեությանը, իսկ բացասական միտումների շարունակականության դեպքում՝ նույնիսկ որոշում կայացնել տվյալ երկիրը կազմակերպությունից հեռացնելու մասին։ Դեռևս հայտնի չէ՝ Հայաստանի պարագայում հարցը կհասնի՞ հեռացման, հատկապես որ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հայտարարում է, թե ֆինանսավորման հարցում իրենց դիրքորոշումը չի փոխվելու: Այդուհանդերձ, վարչապետն այսօր հայտարարեց՝ նույնիսկ նման հանգուցալուծումը Երևանին չի մտահոգում:
Խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանից դեռ չեն շնորհավորել, փոխարենը՝ Մոսկվայից տարբեր պնդումներ են հնչում, թե Հայաստանում ընտրությունները խախտումներով են անցել: Վարչապետ Փաշինյանը հույս հայտնեց, որ շնորհավորանքը կստանա: Իսկ ընտրությունների արդյունքերը չճանաչելու վերաբերյալ ասաց.
«Ի՞նչ է նշանակում՝ չճանաչեն ընտրությունները։ Նախ՝ կա Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելություն, և Ռուսաստանի ինստիտուցիոնալ մեխանիզմը մեր ընտրությունների հետ առնչություն ունենալու՝ էդ դիտորդական առաքելությունն է, դիտորդական առաքելությունն իր եզրակացությունը տվել է, ներառված է եղել նաև Ռուսաստանի Դաշնության դիտորդները։ Այսինքն՝ մնացածն արդեն հռետորիկայի հարց է, որը կքննարկենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետի վերջին այցը Ռուսաստան ապրիլի մեկին էր, դրանից մեկ շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել են հանդիպեկ հունիսի 2-րդ կեսին: Փաշինյանին այսօր հարցրին՝ ուժի մե՞ջ է այս պայմանավորվածությունը, պատասխանեց.- «Եղել է ըմբռնում, բայց պետք է հրավեր լինի, որ գնամ: Երբ հրավեր լինի, կգնամ, այսինքն՝ չեմ մերժի հրավերը, դա հաստատ»:
Ռուսաստանի մամուլի խոսնակը երեկ նշել էր՝ Փաշինյան-Պուտին հանդիպման վերաբերյալ որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա: Պեսկովը հանդիպման որոշումը կապել էր ընտրության արդյունքների հետ: