«Եթե Ռուսաստանը դադարեցնի Հայաստանին գազի մատակարարումը, կարող է ստեղծվել բարդ իրավիճակ», Риа Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ նշելով, թե Մոսկվան չի ցանկանում սրել իրավիճակը։
Օվերչուկի խոսքով՝ Հայաստանը ռուսականից բացի այլ գազ չի ունենա։ Միակ հարցն, ըստ նրա, այն է, թե որտեղից է հանրապետությունը ստանալու այդ գազը։
«Նրանք (Հայաստանը) պարզապես պետք է նայեն քարտեզին, տեսնեն, թե որ խողովակաշարերն են դեռևս գործում: Նրանք անմիջապես կտեսնեն, թե որտեղից են ստանալու ռուսական գազը՝ հաշվի առնելով 30 տոկոս արտահանման մաքսատուրքը, հաշվի առնելով, որ դա կլինի շուկայական գինը: Եվ հաշվի առնելով, որ միջնորդները նույնպես կցանկանան ստանալ իրենց բաժինը շահույթից: Հետևաբար, իրավիճակը Հայաստանում շատ դժվար կլինի: Մենք դա չենք ուզում», - ասել է փոխվարչապետը:
Ռուսաստանը գազը Հայաստանին վաճառում է հազար խորանարդ մետրի դիմաց 177 դոլարով, Եվրոպայում այն այժմ արժե շուրջ 600 դոլար: Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, վերջին շրջանում անդադար շեշտում են այդ հանգամանքը և զգուշացնում Հայաստանի՝ «Եվրասիական տնտեսական միությունից Եվրամիություն գնալու» դեպքում գազի գնի բարձրացման մասին, թեև Երևանը շեշտում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի:
«Երևանը կարող է ընտրել ԵՄ-ն, բայց ոչ Ռուսաստանի հաշվին». Օվերչուկ
Ալեքսեյ Օվերչուկը նաև հայտարարեց՝ եթե Երևանը կարծում է, որ ԵՄ-ում ավելի լավ կլինի, քան ԵԱՏՄ-ում, «կարող է այդ ընտրությունը կատարել, բայց ոչ մեր հաշվին»։
«Մենք կողմ ենք այն բանին, ինչը հայերն իրենք են համարում լավագույնը... Եթե նրանք կարծում են, որ ավելի հարմարավետ կլինեն Եվրամիությունում և ավելի լավ կզգան Եվրամիությունում, իհարկե, կարող են», - ասել է Օվերչուկը։
Ռուսաստանը չի աջակցի Երևանին ոչ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ոչ էլ երկկողմ համաձայնագրերով, եթե Երևանը որոշի շարունակել մերձեցումը Եվրամիության հետ, այսօր ասել է Ռուսաստանի փոխվարչապետը, ընդգծելով, թե «հետագա որոշումները կախված կլինեն նաև Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքից»։
«Եթե եվրոպամետ ուժերը հաղթեն, դա նշանակում է, որ Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիություն։ Եվ այդ դեպքում իսկապես անհրաժեշտ կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել», - նշել է նա։
Օվերչուկը պնդել է, թե Ռուսաստանը դեռևս պահպանում է իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, բայց կարող է դրանք վերանայել։
«Աստանայի հայտարարության մեջ հստակ խոսվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու հնարավորությունն ուսումնասիրելու մասին: Մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից: Բայց ասում ենք. եթե դուք ձեր ժողովրդին տանում եք դեպի Եվրամիություն, որը ներկայումս թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, թշնամաբար է տրամադրված Բելառուսի նկատմամբ և պատրաստվում է պատերազմել մեզ հետ, ապա ինչո՞ւ պետք է մենք աջակցենք ձեզ՝ սահմանելով առևտրի պայմաններ՝ առանց մաքսատուրքերի, առաջարկելով էներգակիրների ցածր գներ ու արտոնյալ պայմաններ աշխատուժի համար», - ասել է ՌԴ փոխվարչապետը ։
Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով Հայաստանին հորդորում է արագ կողմնորոշվել Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև, այդ հարցով հանրաքվե անցկացնել։ Աստանայի գագաթնաժողովում համապատասխան հայտարարությանը միացան Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը:
Երևանը շեշտում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի, Մոսկվայի շահերին էլ հարգանքով է վերաբերվում:
Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի դեմ ձեռնարկվող միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի դեմ ձեռնարկվող միջոցառումներն էլ, ըստ Ալեքսեյ Օվերչուկի, նորմալ գործընթաց են:
«Մենք որևէ սահմանափակում չենք դնում հայկական ներմուծման վրա։ Ընթանում է սովորական, բնականոն աշխատանք՝ կապված այն բանի հետ, որ նոր բերքը հավաքվել է, նոր արտադրանք է գալիս, և, բնականաբար, գործընթացի շրջանակներում ի հայտ են գալիս նոր արտադրանքներ: Սա միշտ պատահում։ Մենք շարունակում ենք մեր սովորական գործերը», - ասել է նա։
Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների մուտքն իր շուկա՝ որակական անհամապատասխանության պատճառաբանությամբ: