«Չենք պատրաստվում ապահարզան ունենալ որևէ գործընկերոջ հետ մեր հարաբերություններում», - ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի նախագահի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որ ճիշտ կլիներ՝ Հայաստանը շուտ կողմնորոշվեր ԵՄ-ԵԱՏՄ հարցում:
Ռուսաստանի նախագահը մայիսի 9-ին նշել էր, որ Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում»:
«Եվ իմ կարծիքով՝ ճիշտ կլիներ թե՛ Հայաստանի բնակչության, քաղաքացիների նկատմամբ, թե՛ մեր՝ որպես տնտեսական գլխավոր գործընկերոջ նկատմամբ, հնարավորիս շուտ կողմնորոշվել, օրինակ՝ հանրաքվե անցկացնել: Դա մեր գործը չէ, բայց սկզբունքորեն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հարցնել Հայաստանի քաղաքացիներին՝ ինչպիսի՞ն կլինի նրանց ընտրությունը: Դրան համապատասխան էլ մենք ևս համապատասխան եզրակացություններ կանեինք և կգնայինք փափուկ, ինտելիգենտ և փոխշահավետ ապահարզանի ճանապարհով», - հայտարարել է Պուտինը:
«Քաղաքականությունն ու դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ չեն ճանաչում պատմության ընթացքում։ Մենք նաև չենք պատրաստվում հակամարտ... կամ ավելի տեղին կլինի ասել՝ լարվածություն մտցնել ՌԴ-ՀՀ հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով, և տրամադրված ենք առողջ միջավայրում քննարկման՝ այդ հարաբերությունները փոխշահավետ զարգացնելուն։ Խնդիրներ կան, անշուշտ, և խնդիրներ կան բոլոր հնարավոր հարաբերություններում, աշխարհում, և միշտ էլ այդպես է եղել։ Այդ խնդիրներին պետք է կոնստրուկտիվ քննարկումներով լուծումներ գտնել»,- Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ժամանակ նշեց Միրզոյանը:
Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց՝ «բոլոր կողմերը պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի այս կամ այն հարցով ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքին»։
«Մենք շատ լավ հասկանում ենք, Ռուսաստանից չէ, որ պետք է մեզ ասեն, որ ԵԱՏՄ անդամակցությունը և ԵՄ անդամակցությունն անհամատեղելի են: Հնարավոր չէ մենք մնանք ԵԱՏՄ-ի մեջ ու դառնանք ԵՄ անդամ: Մեր մոտարկումը Եվրոպական միության հետ շարունակելու ենք, երբ կգա այն պահը, որ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնել լինել այս խմբի թե այն խմբի երկրների ընտանիքի անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք», - ասաց նա: