Մատչելիության հղումներ

ՌԴ-ի տնտեսական սահմանափակումները սխալ քայլեր են, որոնք մարդկանց տրամադրում են ԵԱՏՄ-ի դեմ. Փաշինյան

Ռուսաստանի տնտեսական սահմանափակումները սխալ քայլեր են, որոնք մարդկանց տրամադրում են ԵԱՏՄ-ի դեմ, այսօր Գեղարքունիքում քարոզարշավի ընթացքում ռուսական «Իզվեստիա»-ի լրագրողին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանում «շատ լավ» հասկանում են ԵԱՏՄ-ի տնտեսական օգուտները, բայց «այս դեպքում ԵԱՏՄ-ն պետք է նոր հնարավորություններ բացի, որպեսզի միության հեղինակությունը Հայաստանում բարձրանա, ոչ թե հակառակը»:

«Երեկ ես խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ, զանգահարել էր ծննդյանս օրվա առթիվ շնորհավորելու, խոսեցինք ընթացիկ գործերից, և մեզ մոտ դրական զրույց ստացվեց: Կարծում եմ՝ այս համատեքստում հիմա լավագույն քայլը կլիներ պարզապես հրաժարվել ամեն տեսակ սահմանափակումներից»,- ասել է Հայաստանի վարչապետը:

Մինչդեռ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից մի քանի ժամ անց Մոսկվան հայտարարեց հայկական ապրանքների նկատմամբ հերթական սահմանափակման մասին: «Ռոսսելխոզնադզոր»-ը մասնավորապես հայտնեց, որ այսօրվանից ժամանակավոր սահմանափակումներ կմտցվեն Հայաստանից առաքվող կորիզավոր մրգերի (բալ, ծիրան, սալորաչիր, դեղձ, նեկտար) և թարմ խաղողի ներմուծման, ինչպես նաև այդ ապրանքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա:

Ռուսական կողմը սահմանափակումները պատճառաբանում է հայտնաբերված խախտումներով: Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է՝ հնարավոր է առանձին ընկերություններ խնդիրներ ունենա, բայց Հայաստանը շարունակում է բարելավել իր ֆիտոսանիտարական հսկողության որակը:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ե՞րբ է Հայաստանում կայանալու ԵԱՏՄ-ում մնալու կամ Եվրամիությանը միանալու հանրաքվեն, Փաշինյանը կրկնել է՝ այս պահին հարաքվեի հարց չկա, քանի որ Հայաստանը նախ պետք է թեկնածու դառնա կամ պաշտոնապես դիմի Եվրամիությանը, իսկ այս պահին «նման բան չկա»:

Հայաստանի վարչապետը նաև հայտնել է, որ պատրաստվում է մասնակցել ԵԱՏՄ հաջորդ նիստին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորել են սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Փաշինյանն էլ արձագանքել է՝ նշելով, որ Հայաստանն առաջիկայում հանրաքվե չի անցկացնելու Եվրամիությանն անդամակցելու հարցով:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG