Մատչելիության հղումներ

Երևանը պետք է մերձենա ԵՄ-ին իր հաշվին, ոչ թե Մոսկվայի և ԵԱՏՄ-ի. Պեսկով

Երևանը պետք է մերձենա ԵՄ-ին իր հաշվին, այլ ոչ թե Մոսկվայի և Եվրասիական տնտեսական միության, Риа Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դեռևս կա մեծ հարց. շարժվելով դեպի Եվրամիություն, ինչը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, նա չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսական միջոցների հաշվին։ Դա պետք է անի սեփական միջոցներով», - նշել է նա։

Պեսկովը հավելել է, որ Եվրամիության հետ մերձեցման ընթացքում Հայաստանը վաղ թե ուշ կհայտնվի մի իրավիճակում, երբ իր ընդունած նորմերը կհակասեն Եվրասիական տնտեսական միության կանոններին։

Այսօր ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի ու Ղրղըզստանի ղեկավարները հայտարարություն են փոխանցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ քննարկել են «Երևանի դիրքորոշման շուրջ իրավիճակը»: Հայտարարությունն առայժմ չի հրապարակվել:

Ռուսաստանը հորդորում է արագ կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև, թեև Հայաստանի իշխանությունները մինչ այս պահը Եվրամիությանն անդամակցելու հայտ չեն ուղարկել:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր Աստանայում անցկացված ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում վերահաստատել է Երևանի դիրքորոշումը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալ չեն պատրաստվում:

XS
SM
MD
LG