Այս գիշեր Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով գրոհել են Ռուսաստանի Սամարայի մարզի Սիզրան քաղաքի նավթավերամշակման գործարանը: Նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հաղորդել է արդյունաբերական ձեռնարկության վրա հարձակման և վնասված բնակելի շենքերի մասին. մեկ մարդ զոհվել է, ևս երեքը, այդ թվում՝ մի երեխա, վիրավորվել:
Սիզրանի գործարանը Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման ձեռնարկություններից է, մտնում է «Ռոսնեֆտ»-ի կառույցի մեջ:
Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերը հաստատել են հարձակումը: «Սիզրանի նավթավերամշակման գործարանը «Ռոսնեֆտ»-ի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է և Հարավային Պովոլժիեի առանցքային ձեռնարկություն: Դրա տարեկան հզորությունը կազմում է շուրջ 8.5 միլիոն տոննա նավթ, ինչը հավասար է ՌԴ-ում նավթավերամշակման ընդհանուր ծավալի մոտավորապես 3 տոկոսին», - ասված է ուկրաինացի զինվորականների հաղորդագրությունում:
Նախկինում էլ Ուկրաինայի զինված ուժերը քանիցս գրոհել են այդ ձեռնարկությունը:
Նավթավերամշակման ձեռնարկություններին ուկրաինական հարվածները Ռուսաստանում վառելիքային ճգնաժամի պատճառ են դարձել:
ՌԴ Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սյուսարն էլ հաղորդել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը Ազով-Սևծովյան ջրանցք մուտք գործող լցանավ են վնասել: Նա հայտնել է նաև Տագանրոգին և մարզի մի շարք շրջանների հասցված հարվածների մասին: Տագանրոգը հարվածների է ենթարկվում երրորդ գիշերն անընդմեջ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է 349 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Թե քանիսը չի հաջողվել խոցել, չի հաղորդվում: