Այս գիշեր ուկրաինական զինված ուժերը հարվածներ են հասցրել չորս ռուսաստանյան նավերի Ազովի ծովում՝ Տագանրոգի ծովածոցում, զոհվել է մի նավաստի: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը:
Նահանգապետի փոխանցմամբ՝ այդ նավերից մեկը մեթանոլ տեղափոխող լցանավ է: Արտահոսքի վտանգ չկա, նավերը աննշան վնասվածքներ են ստացել, գրել է Սլյուսարը: Նրա վկայությամբ՝ հարձակումների են ենթարկվել նաև Տագանրոգը, Ազովսկի և Նեկլինովսկի շրջանները:
Supernova+ ալիքը հաղորդում է նաև ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող Բերդյանսկի նավահանգստին հասցված հարվածի մասին:
Նախորդ գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել էին Տագանրոգի նավահանգստի, ինչպես նաև Ազովի ծովում տանկերների և այլ նավերի վրա:
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ղեկավար Ռոբերտ Բրովդիի տվյալներով՝ վերջին մի քանի օրերին հարվածներ են հասցվել շուրջ հինգ տասնյակ նավերի, գլխավորապես՝ բռնակցված Ղրիմ վառելիք փոխադրող տանկերների: