Մատչելիության հղումներ

ԱԹՍ-ների հարձակում՝ Կալուգայի մերձակայքի նավթավերամշակման գործարանի վրա

Կալուգայի մարզի ղեկավար Վլադիսլավ Շապշան հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Դերժինսկի շրջանում գտնվող արդյունաբերական ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել։

Astra-ի տվյալներով այդ շրջանում են գտնվում՝ «Առաջին գործարան» նավթավերամշակման ձեռնարկությունը, նավթաբազան և թղթի ու ցելյուլոզի արդյունաբերության մի շարք խոշոր ձեռնարկություններ։

Exilenova+-ի փոխանցմամբ՝ ԱԹՍ-ները հարձակվել են տեղական «Առաջին գործարան» մինի-նավթավերամշակման գործարանի վրա, որի նախագծային հզորությունը տարեկան կազմում է 1,2 մլն տոննա։

Բելգորոդի մարզն էլ գիշերը ենթարկվել է զանգվածային հրթիռային հարձակման։ Մարզպետ Ալեքսանդր Շուվաևը հայտնել է, որ վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքը, որի հետևանքով Բելգորոդ քաղաքի որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խափանումներ են եղել։

Բելովսկոյե գյուղում մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ տուժել։

«Պեպել» տելեգրամ-ալիքի տվյալներով՝ հրթիռային հարվածից հետո հրդեհվել է մայրուղային գազատարների գծային արտադրական վարչությունը, իսկ Բելգորոդում բնակարաններին գազի մատակարարման խափանումներ են սկսվել։ Բացի Բելգորոդից, նշյալ կառույցը գազ է մատակարարում նաև Բելգորոդի, Յակովլևսկի, Ռակիտյանսկի, Բորիսովսկի, Գրայվորոնսկի, Կորոչանսկի, Շեբեկինսկի, Պրոխորովսկի և Իվնյանսկի շրջաններին։

Exilenova+-ը, հղում անելով NASA FIRMS ծառայության տվյալներին, հայտնում է, որ բռնակցված Ղրիմում հրդեհներ են բռնկվել «Արևմտյան Ղրիմ» ենթակայանի, Ս-400 զենիթահրթիռային համալիրի դիրքերի, «Սակի» ենթակայանի հատվածներում։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի շրջանների, բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրատարածքների վրա խոցվել է 452 անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի պնդմամբ՝ Մոսկվայի ուղղությամբ եղել է ավելի քան 430 ԱԹՍ։ Նրա խոսքով՝ դրանց մեծ մասը խոցվել է Մոսկվա չհասած, իսկ 36-ը՝ Մոսկվային հասնելիս։


XS
SM
MD
LG