Մատչելիության հղումներ

Ռուսաստանի խորքում ուկրաինական հարվածները կարող են երկարաձգել պատերազմը. Կրեմլ

Կրեմլը զգուշացրել է, թե Ռուսաստանի խորքում ուկրաինական հարվածները կարող են երկարաձգել արդեն չորս տարուց ավելի շարունակվող պատերազմը, և որ այս հարցում ամերիկյան կողմի հաշվարկները սխալ են։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեկ Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, հայտարարել էր, թե Ռուսաստանի համար դժվար է պաշտպանել սեփական երկինքը՝ հույս հայտնելով, որ դա հնարավորություններ կստեղծի պատերազմի ավարտի շուրջ բանակցելու համար։

Ամերիկյան վարչակազմում կան «որոշակի սխալ պատկերացումներ...» ,- ասել է նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով. «Այս ամենի արդյունքում մենք ստիպված կլինենք ստեղծել ավելի մեծ բուֆերային գոտի, ինչը ոչ մի կերպ չի նպաստի խաղաղության գործընթացին»։

Կրեմլին մոտ կանգնած երեք աղբյուրներ «Ռոյթերս»-ին հայտնել են, որ նախագահ Պուտինը մերժում է Կիևի հետ խաղաղության շուրջ բանակցությունների կոչերը, և որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների և նավահանգիստների վրա վերջերս կատարված անօդաչու թռչող սարքերի հարվածները ամրապնդել են նրա՝ պատերազմը շարունակելու վճռականությունը։

Վերջին ամիսներին Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ նախագահ Թրամփի ջանքերը կանգ են առել, քանի որ Վաշինգտոնը կենտրոնացել է Իրանի հետ պատերազմի վրա։ Պուտինի խոսնակը, սակայն, նշել է՝ Կրեմլը հույս ունի, որ ԱՄՆ միջնորդությունը կվերսկսվի Մերձավոր Արևելքի ճգնաժամի կարգավորումից հետո։

XS
SM
MD
LG