Մատչելիության հղումներ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մոսկվայի տարածաշրջանում բենզինի գները կտրուկ բարձրացել են, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Մեկ շաբաթվա ընթացքում Մոսկվայում ԱԻ-95 տեսակի բենզինի արժեքն աճել է գրեթե 2 ռուբլով և գերազանցել 75 ռուբլին մեկ լիտրի դիմաց, իսկ Մոսկվայի մարզում աճը կազմել է ավելի քան 3 ռուբլի։ Նմանատիպ իրավիճակ է նաև դիզելային վառելիքի շուկայում։

Շուկայի ներկայացուցիչները հիմնական պատճառ են համարում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի համակարգված հարվածները նավթավերամշակման գործարաններին։

Մայիսին հարձակումների թիրախ են դարձել 16 նավթավերամշակման գործարաններ, ընդ որում՝ ոլորտի 10 խոշորագույն ձեռնարկություններից 8-ը։

Հունիսի 16-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը վնասել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանի Կապոտնյայի արտադրական կայանքը, որն ապահովում է գործարանի ընդհանուր հզորության ավելի քան կեսը։ Երկու օր անց ձեռնարկությունը կրկին ենթարկվել էր հարձակման և դադարեցրել աշխատանքը։

Մոսկվայի նավթավերամշակման գործարանն ապահովում է տարածաշրջանի նավթավերամշակման ծավալների շուրջ 40 տոկոսը և վառելիքի տեղական շուկայի զգալի մասը։

Վառելիքի պակասի ֆոնին Ռուսաստանի և բռնակցված Ղրիմի մի շարք բենզալցակայանների ցանցեր սահմանափակումներ են մտցրել: Որոշ շրջաններում արգելվել է վառելիքի վաճառքը տարաներով, որոշներում էլ սահմանվել են մեկ ավտոմեքենայի լիցքավորման առավելագույն ծավալներ։

Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայությունը պահանջել է բենզալցակայանների մի շարք խոշոր ցանցերից պարզաբանել գների կտրուկ աճի պատճառները։

XS
SM
MD
LG