Մատչելիության հղումներ

Նորընտիր Ազգային ժողովն սկսեց աշխատանքները

Լրացված

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովն այսօր սկսեց աշխատանքները:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` խորհրդարանական հերթական ընտրությունների դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը` ժամը 10:00-ին:

Նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերն են՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում, ԱԺ նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, Էթիկայի հանձնաժողովի ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ, Կառավարության առաջարկությամբ` Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

Մինչև խորհրդարանի խոսնակի ընտրությունը նիստը վարում է ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը, ով նստաշրջանը հայտարարեց բացված: Նիստին ներկա են բոլոր երեք խմբակցությունները, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Հնչեց Հայաստանի օրհներգը, ապա ելույթ ունեցավ երկրի նախագահը:

Թեև Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված է նաև, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Ամենայն Հայոց կաթողիկոսն ու հանրապետության նախագահը, Գարեգին Երկրորդը նիստին ներկա չէ՝ նրան հրավեր չի ուղարկվել: Դա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այդպիսի դեպքը կլինի:

ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը:

Նոր խորհրդարանում մեծամասնություն է կազմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ստացել է 105 մանդատներից 64-ը: Մեծությամբ երկրորդը ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքն է, որը ստացել է 29 մանդատ: Ազգային ժողովում 12-հոգանոց խմբակցություն կունենա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը: Ընդդիմադիր երկու առաջնորդները, այդուհանդերձ, խորհրդարանում չեն լինի՝ Կարապետյանին արգելում է օրենսդրությունը, Քոչարյանն ինքն է հրաժարվել մանդատից:

«Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը խմբակցության ղեկավար է ընտրել Արուսյակ Մանավազյանին, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանին, «Հայաստան» դաշինքը՝ Աննա Գրիգորյանին:

ՔՊ վարչությունը նոր Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, տեղակալների թեկնածուներ՝ Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին: Իշխող կուսակցության վարչությունն ընտրել է նաև 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներին. ըստ ՔՊ պլանի, եթե հանձնաժողովի նախագահ դառնա ընդդիմության թեկնածուն, ՔՊ-ի ներկայացուցիչը այդ նույն հանձնաժողովում կդառնա փոխնախագահ։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG