Ազգային ժողովի գործող նախագահ Ալեն Սիմոնյանը չի վերցնելու մանդատը։ Նա այդ որոշումը հաստատեց լրագրողների հետ ճեպազրույցում. - «Վարչապետի հետ հարցը քննարկել եմ, չեմ վերցնի մանդատը և չեմ գա Ազգային ժողով»:
Սիմոնյանը հավակնում էր նաև նոր խորհրդարանի խոսնակի պաշտոնին, սակայն օրերս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հաստատեց ոչ թե նրա, այլ ԱԺ-ի ներկայիս փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։
Առայժմ պարզ չէ, թե ինչով է զբաղվելու 46-ամյա Սիմոնյանն առաջիկայում։ Նա այսօր հերքեց տեղեկություններն այն մասին, թե իրեն առաջարկվել է երկրի նախագահի պաշտոնը։ Ասաց՝ դա անհեթեթություն է: Միաժամանակ վստահեցրեց, որ կուսակցությունից դուրս գալու մտադրություն չունի և շարունակելու է պաշտպանել իր թիմին։
«Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, կապրենք՝ կտեսնեք», - ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ այս փուլում ուզում է «մի քիչ հանգստանալ»:
Ամեն դեպքում Սիմոնյանն այսօր վստահեցրեց, թե «քաղաքականության դուռը չի փակում»։
Ալեն Սիմոնյանն այսօր ավելի վաղ հրաժեշտ է տվել ԱԺ-ի բոլոր վարչությունների և բաժինների բոլոր աշխատակիցներին՝ անձամբ շնորհակալություն հայտնելով նրանց։