Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Լրացված

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, այս մասին «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստից հետո լրագրողներին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քննարկման և փակ-գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Լրագրողների հետ զրույցում Ռուբեն Ռուբինյանն էլ շեշտեց.- «Շոյված եմ արդյունքից և վստահությունն ինձ համար շատ պարտավորեցնող է: Չեմ կարող ասել, որ ինչ-որ բան պետք է ավելի լավ անեմ, քան նախորդ նախագահը կամ մյուս թեկնածուները: Ես կարծում եմ, որ պարոն Սիմոնյանը շատ լավ Ազգային ժողովի նախագահ է եղել և պարոն Կոնջորյանը փայլուն խմբակցության ղեկավար է եղել»:

ԱԺ նախագահի աթոռի համար պայքարում էին երեք թեկնածուներ՝ գործող խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց նաև, որ փոխխոսնակների հետ կապված հաջորդիվ որոշում կկայացվի. «Արդեն կբացվի առաջադրման փուլը և, մարդիկ կկարողանան առաջադրվել և նույն ընթացակարգով կընտրենք փոխխոսնակ»:

Հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին ուղղված «Ազատության» հարցին, թե քանի որ նա ներգրավված է հայ-թուրքական բանակցություններում, հնարավո՞ր է այստեղ որևէ բան փոխվի, թե ոչ, Ռուբինյանն արձագանքեց. «Չգիտեմ, չեմ մտածել, որովհետև 5 րոպե առաջ է այդ որոշումը կայացվել, 5 րոպեում չենք հասցրել այդ հարցին անդրադառնալ»:

«Ազատության» հարցին ի պատասխան, այսօր կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հայտնեց նաև, որ արդեն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնին:

Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կազմակերպվում է նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի ընթացքում, թեկնածու կարող են առաջադրել բոլոր խմբակցությունները: Խոսնակն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ունենում է երեք տեղակալ, որոնցից մեկը՝ ընդդիմության կազմից:

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, բայց վերջին խոսքը Սահմանադրական դատարանինն է, որտեղ վիճարկվում է նաև ԲՀԿ-ի դուրս մնալու հարցը: Սրան զուգահեռ դեռ անպատասխան է գլխավոր հարցը՝ արդյոք ընդդիմադիրները կվերցնե՞ն իրենց մանդատները։ Ամեն դեպքում, իշխանական թիմից արդեն հնչում են զգուշացումներ, թե ընդդիմադիրներին խորհրդարանում «քաղաքականապես ոչնչացնելու են»։


XS
SM
MD
LG