Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ որոշեցին փոխարինել Ալեն Սիմոնյանին՝ Ռուբեն Ռուբինյանով. հրաժեշտ խորհրդարանին

Ինչո՞ւ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու վարչության անդամները 5 տարի անց որոշեցին փոխել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ Ռուբեն Ռուբինյանով: Արդյո՞ք այս հարցի պատասխանը Սիմոնյանը ստացել է թիմակիցներից: Դատելով խորհրդարանի հեռացող նախագահի պատասխանից՝ որևէ բացատրություն չի հնչել:

Սիմոնյանը պատճառների մասին տեղյակ չէ, հակառակ պարագայում, ինչպես նա նշեց այսօրվա հրաժեշտի ճեպազրույցում, չէր առաջադրվի որպես ԱԺ նախագահի թեկնածու:

«Չեմ կարող ասել, որովհետև նման քննարկում տեղի չի ունեցել: Ու, եթե ես գտնեի, որ կա ինչ-որ պատաճառ, ես չէի առաջադրվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Անցած ամսվա վերջին, ՔՊ վարչությունը փակ-գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահի թեկնածու էր ընտրել հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին:

Գուցե անձնակա՞ն հարաբերություններ են պատճառ դարձել, գուցե արտաքին քաղաքական նպատակահարմարության հարց է, Սիմոնյանը շատ էր քննադատում Ռուսաստանին, հարցրին խոսնակին: Ալեն Սիմոնյանը դեռ որևէ եզրահանգում չունի, ասաց՝ պատճառները փորձում է իր մեջ փնտրել. «Անձնական մակարդակով լավ հարաբերություններ ունեմ վարչության բոլոր անդամների հետ, մեծ մասի հետ գրեթե ամենօրյա շփում և կրկնում եմ՝ հակված եմ փնտրել իմ մեջ»:

Սիմոնյանը չի վերցնելու մանդատը

Ոչ միայն ԱԺ նախագահի պաշտոնում չընտրվելու պատճառներն են անհայտ Ալեն Սիմոնյանին, այլև իր քաղաքական ապագան: Ինչպես նա նշեց՝ հետագայի հետ կապված որևէ պայմանավորվածություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չունի, քննարկում էլ չի եղել: Երբ Փաշինյանը որևէ բան կառաջարկի՝ կքննարկեն:

Մամուլը վերջին շրջանում հաճախ էր գրում, թե Սիմոնյանին հնարավոր է առաջարկվի երկրի նախագահի ղեկը՝ Վահագն Խաչատուրյանի փոխարեն: Սիմոնյանը, սակայն, այսօր հերքեց այդ լուրերը՝ վստահեցնելով, թե իրեն նման առաջարկ չի արվել: Հարցրինք՝ իսկ եթե արվի, կընդունի՞.

«Դա ահեթեթություն է, ես նման բան չեմ մատծում, որևէ մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել»,- պատասխանեց Ալեն Սիմոնյանը:

Առայժմ մեկ բան է հստակ՝ խորհրդարանը շուրջ 5 տարի ղեկավարած 46-ամյա Ալեն Սիմոնյանը չի վերցնի պատգամավորական մանդատը և որպես շարքային պատգամավոր չի շարունակի քաղաքական գործունեությունը:
Հարցն արդեն քննարկել է վարչապետի հետ և իր որոշման մասին տեղյակ է պահել նրան:

Օրերս, խոսելով Ալեն Սիմոնյանի քաղաքական ապագայի մասին, Նիկոլ Փաշինյանը կոնկրետ որևէ բան չէր ասել, միայն նշել էր, թե շատ կարևոր է ունենալ նախկինում պաշտոն զբաղեցրած կուսակցականներ, քանի որ «դա կապիտալ է»: Վարչապետը, միաժամանակ, վստահեցրել էր, թե որևէ անձնական խնդիր Սիմոնյանի հետ չունի:

Ալեն Սիմոնյանն այսօր ասաց.- «Վարչապետի հետ քննարկել եմ, ինչպես նաև վարչության հետ եմ խոսել, չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ: Իսկականից ուզում եմ մի քիչ հանգստանալ, նաև անձնական կյանք ունեմ և անձնական կյանքս եմ ուզում վերջնական կարգավորեմ»:

Փաշինյանին պարբերաբար իր հավատարմությունն ապացուցող Ալեն Սիմոնյանը շատ ակտիվ էր նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում: Հենց նա էր, որ վարչապետ Փաշինյանին ընկերակցում էր նաև աղմկահարույց «պեռաշկի և սուջուխ» ուտելիս:

Ինչո՞ւ նրա աշխատանքը չգնահատվեց, ի՞նչն այնպես չարեց կամ ինչը նրան չներվեց: Այս հարցերին ի պատասխան Սիմոնյանը վստահեցրեց՝ որևէ նեղվածություն կամ չասված բան իր և վարչապետի միջև չկա և չի կարող լինել:

«Դա պատիժ չէր, ես իմ ծառայությունը լավ կատարեցի, ես պարզ ճակատով եմ ավարտում էս փուլը: Կապրենք, կտեսնենք, թե հետագայում ինչ կլինի, չեմ բացառում որ մոտակա ժամանակում ընդհանրապես որևիցե քաղաքական պաշտոնով զբաղված չլինեմ»,- նշեց Սիմոնյանը:

Չնայած քաղաքական ապագայի անորոշությանը՝ Սիմոնյանն այսօր էլ շարունակեց հավատարմություն հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե առանց նրա որևիցե քաղաքական պրոցեսում իրեն չի տեսնում: Ինչպես ԱԺ նախագահը նշեց՝ միշտ կլինի վարչապետի կողքին, բայց կես քայլ հետ: Ի դեպ, Սիմոնյանը «խելագարություն» որակեց վարկածը, թե իրեն պաշտոնից հեռացրել են, քանի որ Փաշինյանն իր մեջ մրցակից է տեսել:

«Գի՞ժ եք, կներեք էս բառի համար: Ես որևիցե հավակնություն չունեմ, չեմ ունեցել, իմ քաղաքական սկբունքը հետևալն է. ես միշտ լինելու եմ Նիկոլ Փաշինյանի կողքին, կես քայլ հետ: Այն պահին, երբ իրեն պետք լինեմ, ինքը շուռ կգա, ինձ կտեսնի»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Թեև 8-րդ գումարման խորհրդարանը դեռ չի ավարտել աշխատանքը, սակայն Ազգային ժողովի նախագահն այսօր այցելեց խորհրդարանի բոլոր վարչությունների և բաժինների աշխատակիցներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց աշխատանքի համար: Սիմոնյանը, որ մոտ մեկ ամսից կլքի խորհրդարանի շենքը, հպարտանում էր կատարված աշխատանքներով և աշխատակիցների համար ստեղծված նոր պայմաններով:

Հեռացող Ալեն Սիմոնյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ սխալներ է արել անցած 5 տարիների ընթացքում, որ կուզեր արած չլիներ և ի՞նչն է ամենաշատը կարոտելու, ասաց.- «Կուզեի ավելի քիչ էմոցիոնալ լինեի: Ամեն ինչ էլ կարոտելու եմ. կարոտելու եմ սրճարանը, ձեր հետ ճեպազրույցները»:

Խորհրդարանի բացօթյա սրճարանը կառուցվեց Ալեն Սիմոնյանի նախագահության ժամանակ, «Հետք»-ի տվյալներով՝ դրա կառուցման համար 30 հազար դոլարի պայմանագիր էր կնքվել:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG