Մատչելիության հղումներ

Արուսյակ Մանավազյանն ընտրվեց ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը կուսակցության վարչության նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրվեց ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու:

Խմբակցության ղեկավարի պաշտոնի համար բացի Արուսյակ Մանավազյանից, առաջադրվել էր նաև պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Վերջինս կուսակցության վարչության նիստից ավել վաղ հեռացավ, թեև վարչության կազմը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ դուրս չէին եկել: Հովհաննիսյանը վարչության անդամ չէ:

Կուսակցության Վարչության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց.- «Ես որևէ թեկնածության վերաբերյալ որևէ կարծիք որևէ տեղ չեմ հայտնել: Քննարկումներին էլ չեմ մասնակցել, լսողի դերում եմ եղել: Որևէ թեկնածուի վերաբերյալ որևէ կարծիք չեմ հայտնել»:

Վարչապետին ուղղված «Ազատության» հարցին՝ առաջադրումներից առաջ թեկնածուները իր հետ քննարկումներ ունենո՞ւմ են, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.

«Ոչ, ոչ մի քննարկում: Զրո ազդակ: Որևէ առաջադրման վերաբերյալ այդ ձևաչափով առանձին տեղեկատվություն չեմ ունեցել»:

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը, փոխնախագահների պաշտոններում՝ Հայկ Կոնջորյանը, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը: Ազգային ժողովի երրորդ փոխխոսնակը, ըստ օրենքի, պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ:

Խորհրդարանի երկու փոխխոսնակների պաշտոններին հավակնում էին նաև Եվրոպական ինտեգրման ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արման Եղոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, ինչպես նաև պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

ԱԺ նախագահի աթոռի համար պայքարում էին երեք թեկնածուներ՝ գործող խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։


XS
SM
MD
LG