Բաղրամյան 19-ում նորամուտի են պատրաստվում. ամենազբաղված մարդը Կնյազ Հասանովն է: Նիստը նա է վարելու՝ տարիքով ավագ պատգամավորն է:
Հասանովին «Ազատություն»-ը խորհրդարանի միջանցքներում հանդիպեց, թղթերն առած շտապում էր Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ՝ երևի առաջիկա նստաշրջանի բացման իր ելույթը քննարկելու:
«Դե էդ բոլորը կլինի՝ և՛ բացման խոսքը, և՛ ելույթները, և ամեն ինչը կլինի նորմալ, ինձ թվում է», - ասաց Հասանովը:
Ամենատարեց խորհրդարանականի համար սա կրկնվող փորձություն է: Նախորդն էլ ինքն է բացել.
«Ես խնդրում եմ մի խանգարեք: Էստեղ ակցիա չի, էստեղ միտինգի տեղ չի, սա խորհրդարան է, չէ՞, ամբողջ աշխարհը մեզ է նայում: Դե եկեք վերջացնենք, հետո էդ ձեր հարցերը ուրիշ ձևով կլուծեք»:
Դահլիճում մթնոլորտը թեժ էր, ինքը՝ երկու քարի արանքում՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ճնշման ներքո: Փորձում էր զսպել կրքերը, բայցև ստիպված էր հաճախակի տեղից լսել Ռուբեն Ռուբինյանի հուշումներն ու ուղղորդումները, մի դրվագում էլ բարձրախոսները ֆիքսել էին, թե ինչպես է Ռուբինյանը տեղից քաջալերում Հասանովին. - «Սաղ լավ ա, մալադեց, մենակ մեկ-մեկ մեր կողմ նայի, էլի, իշմար ենք տալիս»:
Տարիներ անց պատկերը գրեթե նույնն է, դերերը՝ մի փոքր փոխված։ Այսօր էլ Կնյազ Հասանովը շտապում էր Ռուբեն Ռուբինյանի մոտ, բայց այս անգամ՝ արդեն որպես Ազգային ժողովի ապագա նախագահի։ Հասանովը որոշել է այս անգամ տարբեր սցենարների պատրաստվել, ու որպեսզի նիստն ավելի սահուն անցկացնի, նախօրոք «անցնում է» խորհրդարանի թիվ մեկ աշխատասենյակով։ Ինքն ամեն դեպքում ուզում է նիստի սահուն ընթացքն ապահովել ոչ կտրուկ մեթոդներով. - «Կտրուկը դա արդեն հրահրելու ինչ-որ մի երևույթ է, որ կարող է բորբոքել, կրքեր բորբոքվեն, որը հարիր չի խորհրդարանի համար»:
Դիտարկմանը՝ կփորձի մեղմ վարել, պատգամավորն արձագանքեց. - «Դե ընդհանրապես, օրենքով: Օրենքի սահմաններում եթե պահանջվում է մեղմ ձևով հարցը լուծել, էդպիսի հարցեր պետք է լուծեն, եթե կոշտ, կտրուկ օրենքի սահմաններում կլուծվի, դա էլ իր հերթին: Ամեն ինչ որոշվում է ժամանակի և տարածության մեջ»:
Միջանցքներում ակտիվ եռուզեռ է՝ բնակարանամուտի է նման: Խորհրդարանի տնտեսական աշխատողները տաբեր իրեր են այս ու այն կողմ տեղափոխում: Իսկ դրսում տեխնիկները փորձարկում են նոր վերելակը. այն բակից՝ բացօթյա սրճարանից, ուղիղ մուտք է ապահովում մինչև շենք: Թե որքանով է այս նոր լուծումը համահունչ շենքի ճարտարապետական տեսքին, մասնագիտական ահազանգեր դեռ չկան:
Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահից էլ հեռացված էր այն պաստառը, որի ֆոնին լրագրողներն անցկացնում էին ճեպազրույցները: Կլինի նոր պաստառ, թե՝ ոչ, դեռ պարզ չէ, սակայն ԶԼՄ ներկայացուցիչների համար նախատեսված է հատուկ մամուլի սրահ: Որքանով այն ավելի հասանելի կդարձնի պատգամավորներին՝ կերևա հաշվված օրերի ընթացքում:
Այս սրահում առաջին անգամ լրագրողների հարցերին պատասխանել է Ալեն Սիմոնյանը: Նա աշխատակազմին և աշխատասենյակին արդեն հրաժեշտ է տվել, այս օրերին պաշտոններից հեռանում կամ հեռացվում են նաև Սիմոնյանի թիմակիցները՝ խորհրդականներն ու օգնականները: «Ազատության» տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնին հրաժեշտ կտա նաև ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը: Իսկ 9-րդ գումարման խորհրդարանականների աշխատանքային առաջին օրը այս կիրակին է: