Մատչելիության հղումներ

Հայաստանի քաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումներ են

Ազգային ժողովի շենքը Երևանում, արխիվ
Ազգային ժողովի շենքը Երևանում, արխիվ

Ընդդիմադիր ՀՅ Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պնդում է` իշխանությունը սարսափում է «Գյումրի 2» սցենարից։ Անցած տարի Գյումրիում տեղական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը միավորվեցին՝ թույլ չտալով, որ «Քաղաքացիական պայմանագիրն» այնտեղ իշխանություն վերցնի:

«Լուրջ մտահոգություն ունեն ու էդ մտահոգության համար պատճառ ունեն ու ճիշտ են անում, որ մտահոգվում են, որ ընդդիմության միասնական քվեն լինելու է ավելին, քան իրենցը», - հայտարարեց Սաղաթելյանը:

Վերջին օրերին իշխող ուժից պարբերաբար զգուշացնում են, որ թույլ չեն տալու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժերը միավորվեն ու կոալիցիայով իշխանություն վերցնեն։

«Ծոծրակներդ կտեսնեք՝ «Գյումրի 2» օպերացիա չեք տեսնի», - հայտարարում էր, մասնավորապես, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Չպիտի թույլ տանք Քոչարյանին, ռուսաստանցի օլիգարխին ու տեղական բելառուսամետ հակումներով օլիգարխին որոշել մեր երկրի ճակատագիրը», - իր հերթին, պնդում էր Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Իշխող ուժից պարզաբանել էին, թե ինչպես թույլ չեն տալու «Գյումրի 2»-ը։ Ասում են՝ ընտրողներին պետք է բացատրեն՝ ովքեր են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերը։

«Գործիքը ասացի՝ ասել քաղաքացուն, որ եթե իշխանության գալու հնարավորություն ունենան էն ուժերը, որոնք այսօր հավակնում են, այլընտրանք են մեզ, նրանք բերելու են իշխանության մի որևէ օլիգարխի, որովհետև հավակնողները որևէ օլիգարխներ են», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Թե ինչ դաշինքով ու վարչապետի թեկնածուով հանդես կգա ընտրություններին երկրորդ նախագահի առաջնորդած «Հայաստան» խմբակցության կազմում խորհրդարան անցած Դաշնակցությունը, Իշխան Սաղաթելյանը խոստանում է՝ մի քանի շաբաթից կհայտնեն։

«Կարծում եմ՝ մեծ անակնկալներ էդ իմաստով չի լինելու, բայց ճիշտ կլինի էդ մասին խոսենք, այսինքն՝ պաշտոնապես կներկայացնենք ճիշտ ժամանակին», - ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչը:

Ավելի վաղ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե սոցհարցումներով կկողմնորոշվեն՝ ի՞նքը նորից կառաջնորդի դաշինքը, թե՞ որևէ այլ թեկնածու:

Մյուս ընդդիմադիր ուժերը ևս չեն շտապում հայտնել՝ արդյո՞ք ընտրություններից հետո պատրաստվում են միավորվել մեկ դաշինքով, ինչպես եղավ Գյումրիում։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուժից, օրինակ, փաստացի չեն բացառում նման հնարավորությունը։

«Սպասենք ընտրությունների արդյունքին: Էն վստահության քվեն, որը որ կտա ժողովուրդը մեզ, կտա այլ ուժերի, ըստ այդմ հնարավոր կլինի ասել, թե ինչ գործընթացներ են տեղի ունենալու», - հայտարարեց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Մինչ իշխանությունները զգուշացնում են «Գյումրի 2» սցենարի մասին, մյուս ընդդիմադիր ուժերն էլ չեն շտապում ուղիղ միավորումների մասին խոսել, ընտրապայքարին նոր ուժեր են միանում։

2019-ից հետախուզման մեջ գտնվող՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար մեղադրվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն, օրինակ, այսօր տեսակապով Ռուսաստանից հայաստանյան ընդդիմադիր ուժերի միավորվելու ուղիղ կոչ էր անում։

«Ժամանակն է մի կողմ դնել տարաձայնությունները և համախմբվել մեկ նպատակի շուրջ», - հայտարարում էր «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ Պողոսյանը, - «Այսօր վտանգված է հայի ինքնությունը, արժանապատվությունը, մեր սերունդների ապագան»:

Մինչ այդ, ընդդիմադիր մեկ այլ ուժի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը թերահավատ է «Գյումրի 2»-ի հարցում. - «Գյումրիի ընտրություններից հետո տեղի ունեցան Վաղարշապատի ընտրությունները, որտեղ փորձ արվեց կրկնել Գյումրիի սցենարը, բայց դա ավարտվեց ֆիասկոյով ու պարտությամբ՝ ոչինչ չստացվեց»:

Խորհրդարանական ընտրությունները հունիսի 7-ին են նշանակված։ Այժմ հայաստանյան քաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումներ են:

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG