Մատչելիության հղումներ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում կլինի Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։

Չնայած սահմանադրական արգելքին՝ «Ուժեղ Հայաստան»-ը օրերս հայտարարեց, որ վարչապետի թեկնածուն տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանն է:

60-ամյա գործարարը մի քանի երկրի քաղաքացիություն ունի, մինչդեռ Հայաստանի օրենսդրությունը հստակ սահմանում է, որ և՛ վարչապետի, և՛ պատգամավորի թեկնածուն պետք է լինի վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձը: Այսինքն՝ Կարապետյանը վարչապետ չի կարող լինել:

Միլիարդատեր գործարարի թիմը, սակայն, այս սահմանադրական արգելքը հաղթահարելու իր ձևն է գտել. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մտադիր է հունիսի 7-ին հաղթել խորհրդարանական ընտրություններում և մեծամասնություն վերցնելով՝ խորհրդարանի միջոցով փոխել Սահմանադրության 148-րդ հոդվածը: Սահմանադրության 148-րդ հոդվածը սահմանում է, որ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները։ Իսկ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Սա փաստացի նշանակում է, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել նաև «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակում:

Իշխող ՔՊ-ում համոզված են՝ Սահմանադրության 148-րդ հոդվածը փոխելու և միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին վարչապետ ընտրելու Կարապետյանների պլանը չի աշխատի:

XS
SM
MD
LG