Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրների պնդմամբ՝ հունիսի 8 -ից հետո Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի լինելու. «Փաշինյանը վախենում է, որ պարտվելու է»

Նախկիններին, այդ թվում՝ նախկին նախագահներին քաղաքականությունից անվերադարձ դուրս շպրտելու մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությանը ընդդիմադիր ուժերը կոշտ են արձագանքում՝ պնդելով՝ հենց Փաշինյանն է, որ հունիսի 8 -ից հետո ալևս վարչապետ չի լինելու:

«Էս ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները և բոլոր օլիգարխները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից, 2026-ից հետո դուք այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, նախկին նախագահ»,- ՔՊ գրասենյակում հայտարարել է վարչապետը։

Նախկին նախագահների թիմերի արձագանքը

Խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ, 2 -րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը կարճ է արձագանում Փաշինյանին. «Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք»:

3 -րդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարում է. «Պաշտոնաթող նախագահների քաղաքականությունից հեռանալն ուզում են երու գործիչներ՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը»:

Մամիջանյանը հիշեցնում է Փաշինյանին՝ պաշտոնաթող նախագահները պատմության մեջ մնալու են որպես հաղթանակած նախագահներ, իսկ Նիկոլ Փաշինյանը մի վարչապետ, որը Ադրբեջանին է հանձնել հայ ժողովրդի և Հայաստանի նորագույն շրջանի ամենակարևոր և նվիրական հաղթանակը:

Հանրապետական Մամիջայանը նաև հիշեցնում է՝ «3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի խոշորագույն և առանցքային ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Հանրապետական» կուսակցության նախագահն է»: Ի դեպ, Հանրապետականը դեռ չի որոշել՝ առհասարակ մասնակցելու է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, թե՝ ոչ:

«Փաշինյանն արդեն գիտի, որ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետը». Նարեկ Կարապետյան

Փաշինյանը երեկ թիրախավորեց ոչ միայն նախկին նախագահներին և նրանց առաջնորդած ուժերին, այլև քաղաքականության մեջ նոր-նոր փորձեր անող և այժմ տնային կալանքում գտնվող միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին:

«Այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետությունը ապալեգիտիմացնելու վերջին փորձն է, Հայաստանի Հանրապետությունը որպես չպետություն հայտարարագրելու փորձ է», - ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Կարապետյանը վարչապետի պաշտոնին հավակնելով փորձելու է ապալեգիտիմացնել Հայաստանը: Թե ինչպես՝ չմանրամասնեց:

Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության համոզմամբ, մինչդեռ, Փաշինյանի այս հայտարարությունները ցույց են տալիս մի բան՝ նրա վախերը: Գործարարի եղբորորդին՝ կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը պնդել է՝ Սամվել Կարապետյանը դառնալու է Հայաստանի վարչապետ:

«Այսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է։ Փաշինյանն արդեն գիտի, որ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը և փորձում է խոչընդոտելու ձևեր գտնել։ Բայց դա նրան չի օգնի, որովհետև Սամվել Կարապետյանը դառնալու է վարչապետ, և Հայաստանը լինելու է ուժեղ», - նշել է Նարեկ Կարապետյանը:

Իշխանությունը մինչդեռ ընդգծում է՝ միլիարդատեր գործարարը ունի 3 երկրի քաղաքացիությունը, Հայաստանից բացի Ռուսաստանի և Կիպրոսի, հետևաբար չի կարող լինել վարչապետի թեկնածու:

Սահմանադրության համաձայն՝ թե՛ վարչապետի և թե՛ պատգամավորի թեկնածուն պետք է վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի լինի և վերջին չորս տարում մշտապես Հայաստանում բնակված լինի: Կարապետյանները, սակայն, գտել են սահմանադրական այս արգելքը հաղթահարելու իրենց ձևը և նպատակ ունեն իշխանությունը վերցնելուց հետո, խորհրդարանում փոխել վարչապետին վերաբերող սահմանադրական դրույթը:

Իշխանականները ծաղրում են «Ուժեղ Հայաստանի» այս մտադրությունը՝ համեմատություններ անցկացնելով օտարերկրյա տարբեր գործիչների և Սամվել Կարապետյանի միջև:

«Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում, Ֆիլիպ Կիրկորովը չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում, պարոն Մադուրոն չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում», - ասաց իշխանական Վահագն Ալեքսանյանը:

Խորհրդարանի ղեկավարը այսօր նույնպես պնդել է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ թեկնածու, քանի որ մի քանի երկրի քաղաքացի է, իսկ քաղաքականության մեջ մտել է միայն այն պատճառով, որ իր դեմ քրեական գործ կա:

«Սամվել Կարապետյանը կարող էր ասել Ռուսաստանում, որ այն փոքրիկ խմբակը, որը ինչ-որ գործողության հետ կապված, ասեր՝ «մենք մեր ձևով կմիջամտենք», մ տառը կմնար Սամվել Կարապետյանից, կարող է դա էլ չմնար», - նշեց Ալեն Սիմոնյանը:

Ո՞վ ջախջախիչ պարտություն կկրի ընտրություններում

Խորհրդարանական ընտրություններից 4 ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած նախկին ուժերը պարտվելու են, այն էլ ջախջախիչ կերպով:

«Թույլ տվեք վստահություն հայտնել, որ իմ նշած բոլոր ուժերը իրար հետ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ստանալու են ջախջախիչ փոքրամասնություն», - ասել է Փաշինյանը:

Որտեղի՞ց իշխող ուժի ղեկավարին այս վստահությունը:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հարցին կարճ է արձագանքել՝ «տիրապետում ենք իրավիճակին». «Իրենք էլ են վստահ, որ ջախջախիչ պարտություն են տանելու»:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մինչդեռ իշխանության այս պնդումները դասում է հերթական «անհիմն և անտրամաբանական» հայտարարությունների շարքին, պնդելով, որ նույն հաջողությամբ Փաշինյանը կարող է ասել, որ կարողանում է քայլել ջրի վրայով:

«Մարդը, որ որոշում է կայացնում եկեղեցու հետ կապված, ամեն ինչի հետ կապված, կարծում է, որ ամեն ինչում էլ կարող է որոշում կայացնել, իր համար օրենք, Սահմանադրություն որևէ կապ չունեն: Ճտերն աշնանն են հաշվում, կհասնենք ընտրությանը օրը, կտեսնենք», - նշեց Մանուկյանը:

Ընտրություններում ջախջախիչ պարտության մասին Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան 3 -րդ նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետականից խորհուրդ են տալիս վարչապետին մտածել, ոչ թե քաղաքական պարտությունների, այլ իր առաջնորդությամբ Հայաստանի կրած պարտության մասին. «Թող իր դարդերը լացի»:

XS
SM
MD
LG