«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ նոր քաղաքական կոնսոլիդացիա է ձևավորվում, «Ազատությանը» հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը: Հենց Ծառուկյանի հետ էլ Սուրենյանցը կմասնակցի չորս ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Դաշինքո՞վ, թե՞ կուսակցությունով. նախընտրական ձևաչափն, ըստ
քաղաքական գործչի, կորոշովի առաջիկայում:
«Ես կարծում եմ, որ 3-4 կոնսոլիդացիոն կենտրոն կա ընդդիմության դաշտում, մեր համար ամենաարժանահավատը այդ կենտրոններից այն առանցքն է, որ ձևավորվում է Գագիկ Ծառուկյանի շուրջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սուրենյանցը:
«Ազատություն». - Ծառուկյա՞նը կառաջնորդի այդ ուժը:
Սուրենյանց. - Ինձ թվում է դա անկասկած է, որովհետև հարցումները ցույց են տվել, որ նա քաղաքական դաշտում ամենակոնսոլիդացնող գործիչն է: Անշուշտ այս քաղաքական կոնսոլիդացիայի առաջնորդը Գագիկ Ծառուկյանն է:
«Ազատություն». - Եվ հետաբար նա էլ կլինի՞ վարչապետի թեկնածուն:
Սուրենյանց. - Եկեք նման բաներից ձեռնպահ մնամ, ասում եմ, որ կոնսոլիդացիոն առաջնորդը Գագիկ Ծառուկյանը կլինի:
Դեռ անցած տարվա սեպտեմբերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին «Առաջարկ Հայաստանին» ծրագրով: Այդ ծրագրի շրջանակում Ծառուկյանը տարբեր ոլորտներին առնչվող առաջարկներ է հավաքագրում, ներառյալ ՝ «ներքին համերաշխության, իրական խաղաղության, խեղճության մերժման, արդար բարքերի և ընդունակների իշխանություն» ձևավորելու շուրջ: