Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի վարչապետի հավանական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, վերջնական որոշումը, սակայն, սոցհարցումներից հետո կկայացվի. «Ես համարում եմ, որ ինձնից լավ ոչ ոք չի կարող երկիրն այս վիճակից հանի և դրա համար եմ մասնակցում»,- այսօր ավելի քան 3 ժամ տևած ասուլիսում հայտարարեց երկրորդ նախագահը՝ ընդգծելով.
«Սոցիոլոգիական հարցում ենք անելու փետրվարի սկիզբ, այդ արդյունքերով որոշելու ենք, թե ով է առաջնորդը: Եթե սոցիոլոգիական արդյունքները ցույց տան, որ ես եմ ամենամեծ ձայներ բերողը, ուրեմն ես եմ լինելու, եթե հայտնվի մեր դաշինքում որևէ մեկը, որը կարող է ավելի մեծ ձայներ ապահովի, ուրեմն նա է»:
«Ազատություն»- «Մինչև այդ սոցիոլոգիական հարցումները, անձամբ Ձեր հաշվարկներն ի՞նչ են ցույց տալիս, Ձեր թիմն ավելի մեծ հնարավորություններ կունենա խորհրդարանական ընտրություններին, եթե Դուք գլխավորեք ցուցակը, թե՞ եթե զիջեք տեղը մեկ այլ անձի»։
Ռոբերտ Քոչարյան.- «Այսօր այն հրապարակումները, որոնք այլ լրատվամիջոցներում կան այլ սոցիոլոգիական ուսումնասիրությունների առումով, ցույց են տալիս, որ դեռ, այո, ես եմ ավելի մեծ հավանական թեկնածուն, որը կգլխավորի ցուցակը, այսօրվա դրությամբ այդպես է, բայց վերջնական որոշում կայացնելու համար պետք է ինքս հասկանամ՝ ինչքանով է սա արդյունավետ լինելու ամբողջ թիմի համար»:
«Հայաստան» դաշինքն այս պահին վերջնական որոշում չունի նաև ընտրություններին մասնակցելու ֆորմատի հարցում։ Երկրորդ նախագահն ասաց, թե հակված են գնալ նախորդ ընտրություններում հաստատված ձևաչափով։ Ռոբերտ Քոչարյանը պնդեց՝ այժմ ընտրությունների են գնում ավելի լավ դիրքերից, քան 2021-ին էր, քանի որ վարկանիշային առումով իրենց դաշինքն այսօր ավելի լավ վիճակում է: «Ազատության» հարցին, թե արդյոք ապագա դաշինքում նոր դեմքեր կընդգրկվեն, երկրորդ նախագահը պատասխանեց. «Այո, որոշակի թարմացում լինելու է, ուղղակի պետք է դա անել։ Մենք ունեք լավ, ակտիվ ձևավորված թիմ, բայց, անկասկած, նոր մարդիկ են հայտնվելու այդ ցուցակում»:
Երկրորդ նախագահի համոզմամբ՝ այսօր Հայաստանում ստեղծվել է ներքաղաքական բացառիկ իրավիճակ, երբ ամբողջ ընդդիմադիր դաշտի ուժերն ունենալով տարբեր հայացքներ, միմյանց հետ լավ կամ վատ հարաբերություներ, միևնույն է՝ հիմնարար հարցերի շուրջ ունեն միևնույն մոտեցումները. խոսքը եկեղեցու միասնության, ազգային ինքնությունը պաշտպանելու մասին է: Այս իրավիճակն, ըստ Քոչարյանի, բավական մեծ համագործակցության հնարավորություն է բացում, նաև խոշոր նախընտրական դաշինքներ ձևավորելու համար.
«Ես տեսնում եմ, որ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների՝ երեք, առավելագույնը՝ չորս խոշոր բլոկներով»,- շեշտեց Քոչարյանը։
Երկրորդ նախագահի համոզմամբ՝ ընտրություններին մասնակցող ցանկացած ընդդիմադիր ուժ պետք է հայտարարի, որ բացառում է որևէ համագործակցություն Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» հետ։
Հետընտրական հնարավոր կոալիցիաների և վարչապետի միասնական թեկնածուի մասով, ըստ Քոչարյանի, բանաձևը շատ հստակ է՝ որ ուժը ամենից շատ ձայներ հավաքի, նա էլ կունենա առաջնային իրավունք վարչապետ առաջադրվելու համար: Ինքն այս պարագայում այդ պաշտոնից հրաժարվելը խնդիր չի համարում.
«Եթե մեր քաղաքական ուժն այդ առաջին տեղում չլինի, իհարկե ես որևէ հավականություն չեմ ունենալու, խնդիր չկա»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
4 ամսից կայանալիք խորհրդարանական ընտրությունները Ռոբերտ Քոչարյանը բնորշեց ունիկալ, որոնք էլ որոշելու են, թե ինչպիսին է լինելու Հայաստանն ապագայում. «Հայաստանի Հանրապետություն է լինելու առանց Սյունիքի՞ կամ ՀՀ-ն է լինելու առանց Հայ Առաքելական եկեղեցու, հայ ժողովրդի Հանրապետություն ենք լինելու, թե՞ չգիտեմ ինչ»,- շեշտում է երկրորդ նախագահը։
Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսն անցկացնում էր Արարատի մեծ պաստառի ներքո։ Նա պարզաբանեց՝ երբ փորձում են պատմական Հայաստանը առանձնացնել այսօրվա Հայաստանից՝ հայտնվում են Արարատի նկարով պաստառները, քանի որ մեկը մյուսի օրգանիկ շարունակությունն է, ասում է. - «Փորձում են կիսել, ստիպված իմ նմանները այսպիսի նկար են դնում»։
«TRIPP-ը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու». Քոչարյան
Նախընտրական թեմաներից բացի, մյուս գլխավոր հարցը, որին այսօր անդրադարձավ 2-րդ նախագահը, հայ-ամերիկյան «TRIPP» նախագիծն էր, որն, ըստ Ռոբերտ Քոչարյանի, դառնալու է լուրջ անվտանգային սպառնալիք Հայաստանի համար:
Քոչարյանի խոսքով.- «Դա հայ-ամերիկյան պրոյեկտ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար: Հայաստանը նույնիսկ կողմ չէ այստեղ, այլ դառնում է՝ կիսակողմ»:
2-րդ նախագահի վերլուծության համաձայն՝ ԱՄՆ-ն այս ծրագրում 0 տնտեսական շահ ունի և նրան հետաքրքրող միակ հանգամանքն Իրանն է և այդ երկրի հետ սահմանի վերահսկողությունը։ Պնդելով, թե այս ծրագրով Հայաստանն իրեն դնում է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում, Քոչարյանը հայտարարեց՝ միակ ճանապարհը, որը Հայաստանին կհանի այդ կետից, «TRIPP» ծրագրի ընդլայնումն է, երբ տարածաշրջանի խաղացողները դառնան նաև շահառուներ: 2-րդ նախագահի համոզմամբ՝ իրանական անհանգստությունները կչեզոքանան, եթե ծրագրում ներգրավվեն Չինաստանը կամ Ռուսաստանը:
Երկրորդ նախագահն ընդգծում է.- ««TRIPP»-ը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու։ Ինձ ամենից շատը մտահոգում է Իրանի հետ սահմանի հանգամանքը, և այն հայտարարությունները, որ վերջերս լսեցինք իրանական կողմից։ Հարևանի հետ հարաբերությունները, երբ փչացնում ես, շատ դժվար է վերականգնել, այդ երկրի նկատմամբ անվստահության մթնոլորտ ձևավորելը շատ ծանր է նստելու մեզ համար»։
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ երբ 2000-ականների սկզբին կառուցվում էր Իրան- Հայաստան գազատարը, Միացյալ Նահանգները դեմ էին այդ ծրագրին, բայց հայկական կողմի փաստարկված բացատրություններից հետո Վաշինգտոնն ի վերջո համաձայնեց: Ավելին, Քոչարյանը պատմեց, որ այդ ժամանակ ամերիկացներին առաջարկել է միասին կառուցել գազատարը: «TRIPP»-ի դեպքում էլ, ըստ Քոչարյանի, հնարավոր էր ծրագրում ներառել Ռուսաստանին՝ ցույց տալով ԱՄՆ-ին, որ դա նաև իր շահերից է բխում:
«Հատկապես Ռուսաստանի հետ Միացյալ Նահանգներն այսօր պատրաստ է կառուցողական պրագմատիկ հարաբերություներ կառուցել։ Իրենց հետ հնարավոր է նստել կոնկրետ ծրագրի շուրջ խոսել: Ուղղակի դա ոչ ոք չի արել։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը ուրախացել է, որ գնա նկարվի Թարմփի հետ, իրեն նկար է պետք ընտրությունների համար»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց երկրորդ նախագահը։
Վարչապետը հակադարձում է
Ռոբերտ Քոչարյանի «TRIPP»-ի վերաբերյալ պնդումներին այսօր կառավարությունում՝ ճեպազրույցի ժամանակ, շտապեց հակադարձել վարչապետ Փաշինյանը.
«Պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են: «TRIPP»-ը հարյուր միլիոնների ներդրումներ են լինելուՀՀ-ում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին և Չինաստանին, մենք շատ սերտ գործակցում ենք թե՛ Ռուսաստանի, թ՛ե Չինաստանի հետ»,- շեշտեց Փաշինյանը։
Իր տարածաշրջանային գիտելիքները հնացած համարող Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց արձագանքել, ասաց միայն.- «Էդ մարդուն ես վաղուց չեմ արձագանքում, թող իր կապռեմոնտով զբաղվի»: