Շուրջ 3 օր տևած ներկուսակցական ընտրությունների արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագրի» 274 հոգանոց նախընտրական ցուցակը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամենաշատը ՔՊ-ականները հենց նրա օգտին են քվեարկել:
Անցած շաբաթավերջին տեղի ունեցած ընտրություններին մասնակցել է 1028 կուսակցական:
932 վավեր քվեաթերթիկներից 894-ը Նիկոլ Փաշինյանի օգտին է եղել: Այսինքն՝ շուրջ 1000 մասնակիցներից ընդամենը 38 կուսակցական է նախընտրել չքվեարկել Փաշինյանի օգտին:
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է, թե իրենք ժողովրդավար կուսակացություն են և կան մարդիկ, ովքեր չեն քվերակել Նիկոլ Փաշինյանի օգտին:
Առաջին փուլից հետո սպասվում է ևս մեկ քվեարկություն՝ մոտ մեկ ամիս անց, ամենաշատ ձայներ հավաքած առաջին 50 թեկնածուները ևս մեկ անգամ կռեյտինգավորվեն, և այդ ժամանակ կորոշվի նաև ՔՊ վարչապետի թեկնածուն: