Մատչելիության հղումներ

Ով ում հետ կմիավորվի. ընտրություններից 4 ամիս առաջ ընդդիմադիր դաշտում ակտիվ քննարկումներ են

Խորհրդարանական ընտրություններից 4 ամիս առաջ ընդդիմադիր ուժերը ոչ միայն փորձում են ցույց տալ, թե ով ավելի լավ կկառավարի Հայաստանը, այլև ակտիվ քննարկումների մեջ են նախընտրական ֆորմատների շուրջ: Ով ում հետ կմիավորվի, ովքեր առանձին կմասնակցեն, վերջնական որոշումները թերևս կհրապարակվեն այս ամսվա ընթացքում:

Ո՞վ կլինի Քոչարյանի դաշինքի 2-րդ ուժը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս հայտարարեց, որ թեև վերջնական որոշում չունեն, բայց հակված են պահպանել գործող ֆորմատը:

2021-ի ընտրություններին Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը բաղկացած էր 2 ուժից՝ Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցություններից: Վերջինը, սակայն, 2022-ին քաղաքական տարաձանությունների պատճառով լքեց դաշինքը:
Ո՞վ կլինի Քոչարյանի առաջնորդած դաշինքի 2-րդ ուժը 2026-ի խորհրդարանական ընտրություններում: «Ազատության» տեղեկություններով, ամենայն հավանականությամբ, դաշինքում կընդգրկվի Սևակ Խաչատրյանի ղեկավարած «Առաջ» կուսակցությունը: Դաշնակցությունն այս ուժի հետ արդեն դաշինք կազմելու փորձ ունի անցած տարի Վաղարաշապատի տեղական ընտրություններում:

Ի դեպ, Քոչարյանն իր վերջին ասուլիսում պնդեց, որ այսօր ընտրությունների են գնում ավելի լավ վարկանիշային դիրքերից, քան 2021-ին: Անցած ընտրություններրում նրա առաջնորդած «Հայաստան» դաշինքը հավաքել էր 260 հազարից ավելի ձայն: «Ազատության» հարցին, թե արդյոք ապագա դաշինքում նոր դեմքեր կընդգրկվեն, երկրորդ նախագահը պատասխանել էր. «Այո, որոշակի թարմացում լինելու է: Մենք ունեք լավ, ակտիվ ձևավորված թիմ, բայց, անկասկած, նոր մարդիկ են հայտնվելու այդ ցուցակում»:

«Մեր ձևովն» առաջարկում է նոր ուժ՝ նոր դեմքերով

Այս պահի դրությամբ հստակ է, որ տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի առանձին, այսինքն՝ դաշինք չի կազմի:
Ինչու է միլարադատեր գործարարը նախընտրել առանձին մասնակցել, ինչ հաշվարկներ կան այդ որոշման տակ, «Ազատության» այս հարցին Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանը հստակ պատասխան չտվեց. «Մենք առաջարկում ենք նոր ուժ, առաջարկում ենք ճանապարհ ուժեղ Հայաստանի՝ նոր դեմքերով և ունենալու ենք վարչապետի մեր թեկնածուն»,- ասաց Ալեքսան Ալեքսանյանը:

Գործարար Սամվել Կարապետյանը թեև առաջնորդում է շարժումը, սակայն ընտրություններին մասնակցելու իրավունք չունի, քանի որ երկքաղաքացի է: Իսկ թե ով կլինի «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն և կգլխավորի նախընտրական ցուցակը, պարզ կդառնա փետրվարի 12-ին կայանալիք կուսակցության համագումարում: «Թեկնածուն երկար ժամանակ է՝ որոշված է, այդ մասին կհայտարարենք փետրվարի 12-ին»,- այս մասին ասել էր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը:

«Ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է ». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետականը» դեռ շարունակում է անպատասխան թողնել հարցը՝ մասնակցելո՞ւ են հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, թե՝ ոչ: Այսօր Սերժ Սարգսյանն իր դատական նիստից առաջ պնդեց՝ չունեն որոշում. «Ոչ, չունենք որոշում, եթե ունենանք, կասենք»,- հայտարարեց Սարգսյանը:

Միասնական ճակատով ընտրություններին մասնակցելու հարցին ի պատասխան երրորդ նախագահն ասաց, թե այդպիսի ցանկություն ունի, այլ հարց է, որ դրա իրագործումը բարդ է:

«Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորելը դա բարդ խնդիր է»,- շեշտեց երրորդ նախագահը:

Նախորդ ընտրություններին Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետականը» դաշինք էր կազմել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ, հավաքելով շուրջ 66 հազար ձայն:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին քաղաքական քննարկումների մեջ է տարբեր ուժերի և քաղաքական գործիչների հետ: Նրա խոսնակն «Ազատությանը» փոխանցել էր, որ առայժմ չեն քննարկել՝ դաշինքով, թե կուսակցությունով են մասնակցելու ընտրություններին: Այս պահին մշակում են «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, որն էլ ամենայն հավանականությամբ կդառնա Ծառուկյանի նախընտրական ծրագիրը:

Մինչ ԲՀԿ առաջնորդը կհայտարարի, թե ինչ ֆորմատով է մասնակցելու ընտրություններին, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը երեկ «Ազատությանը» տեղեկացրեց, որ այս պահին քաղաքական կոնսոլիդացա է տեղի ունենում Ծառուկյանի շուրջ և իր ուժն էլ ԲՀԿ առաջնորդի հետ է մասնակացելու ընտրություններին: «Միանշանակ, կարող եմ պնդել, որ խորհրդարանում կհայտնվենք ...միանգամայն, հաղթահարելի է դա»,- հայտարարել է Սուրեն Սուրենյանցը:

ԲՀԿ-ն նախորդ ընտրություններում հավաքել էր ընդամենը 50 հազար ձայն՝ դուրս մնալով խորհրդարանից:

Ընտրություններին առանձին մասնակցելու մասին արդեն իսկ հայտարարել են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ իր «Հայրենիք» կուսակցությունով: Այսօր նա «Ազատությանը» փոխանցեց, որ որոշումը այս պահի դրությամբ ուժի մեջ է, բայց հետագայում՝ ինչ զարգացումներ կլինեն, պարզ կդառնա ամսվա վերջին:

Ընտրություններին իր կուսակցությամբ կմասնակցի նաև նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ իր ղեկավարած «Նոր ուժ»-ով:

Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև «Միասնության թևեր» շարժման ղեկավար, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, նա էլ այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ առայժմ որոշում չունեն՝ դաշինքով, թե կուսկացությունով կգնան ընտրություններին:

Առայժմ անորոշություն է նաև Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանում». Մարուքյանն «Ազատությանը» փոխանցեց, որ եթե մինչև ամսվա վերջ դաշինքով մասնակցելու իրենց ջանքերը արդյունք չտան, միանշանակ ընտրություններին կմասնակցեն առանձին:

«Լուսավոր Հայաստանը» նախորդ ընտրություններում հավաքել էր շուրջ 15 հազար ձայն՝ չանցնելով խորհրդարան:

XS
SM
MD
LG