« Պարզ ճակատով ասելու ենք՝ բերել ենք խաղաղություն»
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է սահմանադրական մեծամասնություն կազմել, այսինքն՝ 50+ տոկոսից էլ շատ ավելի մեծ թվով ձայներ ստանալ:
«Մեզ համար պլան Բ գոյություն չունի, մենք գնում ենք սահմանադրական մեծամասնության հետևից», - «Ազատության» հետ զրույցում ասաց իշխող կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ հավելելով. - «Մենք դրա համար ամեն ինչ արել ենք և շարունակելու ենք անել»»:
Նոր Սահմանադրության ընդունման կամ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու համար խորհրդարանը պետք է որոշման նախագիծ ընդունի, որի համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը: Ըստ այդմ՝ իշխանությունը չի կարողանա նախաձեռնել նոր Սահմանադրություն ընդունում կամ փոփոխություններ, եթե չունենա սահմանադրական մեծամասնություն:
Այսինքն՝ Սահմանադրության նոր տեքստ գրող ՔՊ-ին խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալը խիստ անհրաժեշտություն է նաև այս առումով:
Չնայած ընտրություններից չորս ամիս առաջ կուսակցությունների նախընտրական ռեյտինգների մասին առայժմ վստահելի սոցհարցումներ չկան, ՔՊ-ում համոզված են՝ իրենց հաջողվելու է ստանալ ընտրողների ձայների մեծամասնությունը, քանի որ, ինչպես պնդում են, կատարել են դեռևս 2021-ին տրված ամենակարևոր՝ խաղաղություն բերելու խոստումը:
«Հպարտությամբ, թույլ տվեք ասել, և պարզ ճակատով մենք գնալու ենք ու ասելու ենք, որ այն ամենակարևոր խոստումը, որը ձեզ տվել էինք՝ էն խաղաղություն բերելու խոստումը, մենք էսօր ձեզ հողի վրա բերել ենք խաղաղություն: Այսօր զինվոր ունեցող, ապագա զինվոր ունեցող ընտանիքները հանգիստ են իրենց զավակների համար, որովհետև տեսնում են, թե սահմանին ինչքան խաղաղ է, տեսնում են, որ էն երկիրը, ումից ռազմական ագրեսիա են սպասել տարիներով և տեսել, էդ երկիրը ինչպիսի հայտարարություններ է անում, ինչպիսի համագործակցություն են այժմ տեսնում: Եվ հետևաբար՝ էս առումով մենք շատ պարզ ճակատով գնում ենք էլի մեր ընտրողների մոտ», - հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:
«Որ ասում եք՝ պլան Բ չկա, այսինքն՝ Դուք բացառո՞ւմ եք, որ ընդդիմությունը կարող է հանրագումարում ավելի շատ ձայն հավաքել ձեզանից», - այս հարցին Հակոբյանն արձագանքեց. - «Միանշանակ, միանշանակ»:
Ընդդիմությունը, մինչդեռ, պարբերաբար հիշեցնում է Նիկոլ Փաշինյանին, որ նա չի կատարել իր հիմնական նախընտրական խոստումները: Մասնավորապես, խոստացել է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ լուծում՝ այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա, սակայն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ինչին հետևել է Արցախի վրա ադրբեջանական հարձակումն ու հայաթափումը: Փաշինյանը խոստացել է պաշտպանել Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը, սակայն ադրբեջանական հարձակումների հետևանքով Հայաստանի ինքնիշխան տարածքներից շուրջ 200 քառակուսի կիլոմետրը օկուպացված է: Ընդդիմության պնդմամբ՝ անկատար են մնացել նաև սոցիալական ոլորտի, ներառյալ՝ աղքատության կրճատման մասին պնդումները:
«Իր խոսք տված անվտանգությունից ոչինչ չմնաց, ունեցանք երեք պատերազմ: Հիմա էլ խոսք է տալիս, ասում է խաղաղություն է լինելու: Բան կա՞ր, որ խոսք տվեց ու արեց», - հայտարարում էր «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Փաշինյանը եկել է մի կարգախոսով, որ ժողովրդին սիրում է, հետո պարզվեց, որ փողն է սիրում, ոչ թե ժողովրդին: Եթե ժողովրդին սիրեր, թոշառումների վիճակը այսպիսին չէր լինի», - պնդում էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Սահմանադրական մեծամասնության ձգտող ՔՊ-ում վստահ են, որ ի տարբերություն իրենց՝ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ընդդիմադիր ուժերն այսօր խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունեն, այդ թվում՝ միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան»-ը, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքն ու գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
«Նման դաշինքները և ուժերը այսօր մինիմալ շեմը հաղթահարելու խնդիր են իրենց առաջ դնում», - վստահեցրեց Հասմիկ Հակոբյանը:
Հարցին՝ Սամվել Կարապետյանի ուժն է՞լ, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. - «Այո, առաջիկայում ընտություններ կլինեն, և կտեսնենք՝ ինչպիսի բան են իրենց առաջ դրել, և կարողանո՞ւմ են էդ խնդիրը հաղթահարել, թե՞ չէ»:
Դիտարկմանն էլ՝ «իրենք ասում են՝ «մենք գալիս ենք իշխանությունը փոխելու», այս մասին է իրենց խոսույթը», Հակոբյանն արձագանքեց. - «Շատ լավ, շատ լավ, շատ լավ, շատ լավ, կսպասենք, կսպասենք»:
ՔՊ-ն 279 հաստատված պատգամավորի թեկնածու ունի. նրանք այս շաբաթ կռեյտինգավորվեն
Մինչ ընդդիմադիր դաշտում վերադասավորումներ են, իշխող ՔՊ-ն արդեն հաստատել է իր 279 պատգամավորի թեկնածուներին:
Փետրվարի 13-15-ը ՔՊ շուրջ հազար պատվիրակներ փակ, գաղտնի քվեարկությամբ այդ 279 թեկնածուներին կռեյտինգավորեն, ինչից հետո էլ պարզ կլինի, թե ովքեր են առաջնային շարքերում:
Ընդ որում՝ պատվիրակները միաժամանակ կարող են լինել պատգամավորի թեկնածուներ:
Գործընթացը, սակայն, այսքանով չի ավարտվի: ՔՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանն «Ազատությանը» փոխանցեց, որ առաջին փուլից հետո՝ մոտ մեկ ամիս անց, ամենաշատ ձայներ հավաքած առաջին 50 թեկնածուները ևս մեկ անգամ կռեյտինգավորվեն, և այդ ժամանակ կորոշվի նաև ՔՊ վարչապետի թեկնածուն:
Դիտարկմանը, որ անկախ ներկուսակցական փակ, գաղտնի քվեարկություններից, բոլորին էլ պարզ է, որ ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հասմիկ Հակոբյանն արձագանքեց. - «Ես ուրախ եմ, որ Դուք ևս տրամաբանական եք համարում, որովհետև Նիկոլ Փաշինյանը մեր կուսակցության լիդերն է՝ բացի այն, որ մեր վարչապետն է, մեր կուսակցության լիդերն է, և վստահ եմ, որ էն բարձր վստահությունը, որը ունի վարչապետը կուսակցականների շրջանում, դա, վստահ եմ, որ արտացոլվելու է նաև այս քվեարկությամբ»:
«Վստահ եմ դրանում, տրամաբանական չեմ համարում որևէ շեղում», - ընդգծեց իշխող կուսակցության վարչության անդամը: