Գագիկ Ծառուկյանն առավոտից ավելի քան 7 ժամ հարցաքննվում է: Ընտրություններից հետո կալանավորված «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին Քննչական կոմիտե բերեցին կրկին բաց՝ դաստակներից փոքր ձեռնաշղթաներով, լրագրողների հետ շփվել ուղեկցող ոստիկանները թույլ չտվեցին:
Կալանավորված Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար: Ըստ իրավապահների՝ մեծահարուստ գործարարը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից: Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին, և դա ապացուցող պարտավորագրեր կան:
«Հստակ ստորագրել են պարտավորագիր, որով հիմնավորվում է, որ իրենք 14.5 միլիոն դոլար պարտք են եղել պարոն Ծառուկյանին և պարտավորված են եղել վերադարձնելու էդ պարտքը երկու տարվա ընթացքում: Իսկ էդ երկու տարվա ընթացքը ավարտվում էր հենց էս պահին, հետևաբար՝ մենք համոզմունք ունենք, որ նման գործելակերպը նրանց ուղղված է, որպեսզի էդ պարտավորությունները չկատարեն», - ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Գագիկ Ծառուկյանը և հայկական կողմն են տուժող հանդիսանում, այսինքն՝ գումար ներդրողները իրենք են: իԻրենք էդ ամենը հերքում են, և միայն նրանց բանավոր ասածը, որ «մենք ենք գումարով ապրանք առել ուղարկել, ու դա հափշտակվել է», բայց հափշտակության փաստն էլ չի հմնավորվում, դա իրենց համար վերջին աստիճանի ճշմարտություն է դիտարկվում: Իսկ կոնկրետ ապացուցողական փաստերով, հենց էս պարտավորագրերը, երաշխավորագրերը և այլն, նաև ցուցմունքները՝ սենց մատների արանքով են նայում, որովհետև էս պահին դա իրենց հետաքրքիր չի», - նշեց փաստաբանը:
Հարցաքննությունից ժամեր առաջ հրապարակվել էր Գագիկ Ծառուկյանի ուղերձը մեկուսարանից, նա այս անգամ իշխանություններին չի քննադատում, թվում է իր կատարած աշխատանքն ու խոստանում շարունակել կառուցել:
Ընտրություններին «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակով մասնակցած Սուրեն Սուրենյանցը բացառում է, որ գործարարը երկրորդ անգամ կփակի քաղաքականության էջը, ինչպես դա արեց Սերժ Սարգսյանի օրոք:
«Վստահաբար՝ ոչ, մարտական է տրամադրվածությունը, և նման սցենար ընդհանրապես չի էլ քննարկվում», - ասաց Սուրենյանցը:
Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ը խորհրդարանից դուրս մնաց հաշվված ձայների տարբերությամբ, արդյունքները չեղարկված երկու տեղամասերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերաքվեարկություն չնշանակեց, արդյունքում «Քաղաքացիական պայմանագրի» մանդատները որոշիչ մեծամասնության հասան:
«ԲՀԿ-ի խորհրդարանում չհայտնվելը միանգամայն փոխում է խորհրդարանի պատկերը, և այս պատկերը շարունակվելու է առաջիկա տարիների ընթացքում, բայց դա չի նշանակում, որ խորհրդարանում չլինելը ստիպելու է մեզ չզբաղվել քաղաքականությամբ», - ասաց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Միաժամանակ շարունակում են փակ մնալ Ծառուկյանի տասնյակ ձեռնարկությունները, իսկ «Արարարատցեմենտ» գործարանի կառավարումն արդեն անցել է պետությանը: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն առավոտյան գրառմամբ հայտնել է, որ իր գլխավորած գերատեսչությունն է զբաղվելու ղեկավարմամբ, առաջիկա օրերիին նշանակվելու է կառավարիչը։ Մինչ այդ նախարարը ընկերության աշխատակիցներին հորդորում է բարեխիղճ կատարել աշխատանքը՝ զգուշացնելով ոչ միայն աշխատանքից ազատմամբ, այլև անգամ քրեական պատասխանատվությամբ:
«Նույն հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, երբ որ տարբեր ձեռնարկությունների աշխատակիցների ինքը կոչ էր անում ակտիվորեն մասնակցել ցույցերին, միտինգներին, հեղափոխությանը և այլն, և հիմա առավել քան տարօրինակ է իշխանությունների որդեգրած էս քաղաքականությունը, երբ հնարավոր և անհնարին բոլոր առիթներով կոնկրետ սպառնում են «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գործող ընկերությունների աշխատակիցներին բարձրաձայնել իրենց բողոքի ձայնը», - ընդգծեց Տոնոյանը:
«Երբ որ մի երկրում ոչ ամբողջ մեկ տարվա ընթացքում երկու համակարգաստեղծ ձեռնարկություն ըստ էության պետական ռեկետի միջոցով խլում են մասնավոր սեփականատերերից, սա շատ վատ ազդակ է: Առաջինը՝ սա խոսում է քաղաքական ռեպրեսիայի մասին, երկրորդը՝ սեփականության տոտալ վերաբաժանում է երկրում տեղի ունենում, ինչը անպայման իր շատ մեծ բացասական ազդեցությունը կունենա ներդրումային միջավայրի վրա, մանավանդ առանձնապես ներդրումներ էլ չկան», - նշեց Սուրենյանցը:
Գործարանի կառավարումը պետությանը հանձնելու դատարանի որոշումը դեռ հրապարակված չէ, դրան նաև Ծառուկյանի թիմակիցները ծանոթ չէին: «Արարատցեմենտ»-ը Սամվել Կարապետյանի էլցանցերի օրինակով պետականացնելու մասին առաջինը հայտարարել է վարչապետը քարոզարշավի ժամանակ: Քրեական գործին զուգահեռ՝ Դատախազությունը հայտնել էր նաև, որ Կառավարությանն առաջարկել է ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը քննարկել: Գործարանը որպես Ծառուկյանի ձեռք բերած ապօրինի գույք էլ է անցնում: Նիկոլ Փաշինյանը նաև պնդել էր, որ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը ազատազրկվելու է:
Ի դեպ, Դատախազությունը դադարեցրել է ընտրություններից երկու օր անց Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեկ այլ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքը, ինչպես փոխանցեց փաստաբանը՝ «ապօրինի լինելու հիմքով»: Հունիսի 9-ին Գագիկ Ծառուկյանին հետ էին ուղարկել «Զվարթնոց» օդանավակայանից, ապա հրավիրվել քննչական մարմին: Մեղադրանքն առաջադրվել էր առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ հարուցելով իրավապաշտպանների քննադատությունը. Ծառուկյանն այդ պահին դեռ պատգամավորի թեկնածու էր: Ըստ փաստաբանների՝ գործը յոթ տարվա վաղեմության էր: