Մատչելիության հղումներ

Իրանի դեսպանն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի գործին. Շիրղոլամին «միջնորդ» է եղել, փորձել լուծել հարցը

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին այսօր արձագանքել է կալանավորված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քրեական գործին, որում, ըստ Քննչական կոմիտեի, ներգրավված են նաև Իրանի քաղաքացիներ:

70-ամյա ԲՀԿ առաջնորդին գետնին տապալելով կալանավորած Քննչական կոմիտեն նախօրեին հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։

Այսօր Երևանում տեղի ունեցած ասուլիսում դեսպան Խալիլ Շիրղոլամիին հարցրեցին, թե նրան ինչ է հայտնի այս գործից, քանի որ Ծառուկյանն ու նրա փաստաբանները պնդում են, որ հենց Իրանի քաղաքացիների կողմից է եղել չարաշահումը:

Իրանցի դիվանագետը նախ շեշտեց, թե «Հայաստանի ներքաղաքական հարցերին չեն միջամտում և ցանկություն չունեն միջամտելու»:

Ապա, անդրադառնալով արդեն բուն գործին, իրանցի դիվանագետը փակագծեր բացեց՝ տեղեկացնելով, որ որպես միջնորդ՝ տևական ժամանակ փորձել է լուծում գտնել Գագիկ Ծառուկյանի և նրա իրանցի բիզնես գործընկերոջ միջև:

Այս վեճը վերաբերում է «Առինջ մոլի» տարածքում 2 տարի առաջ բացված Իրանի առևտրի կենտրոնին, որտեղ ներկայացված պետք է լինեին իրանական շուկայի խոշորագույն արտադրողները՝ նավթի, գազի, դեղագործության ու շինարարության ոլորտներում:

Հայ-իրանական բիզնես կենտրոնի 50 տոկոսի բաժնետերը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»-ն էր, մյուս 50 տոկոսը՝ իրանական ParsHilal Caspian Group-ը։ Իրանական այս ընկերության սեփականատերերի մասին համացանցի բաց աղբյուրներում տեղեկություն չկա:

18 հազար քառակուսի մետր տարածք ունեցող կենտրոնը կառուցվել էր Գագիկ Ծառուկյանի միջոցներով։ Տարօրինակ կերպով նա կենտրոնի հանդիսավոր բացմանը չմասնակցեց, կարմիր ժապավենը կտրեցին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Իրանի արդյունաբերության և առևտրի նախարարը և Հայաստանում Իրանի նախկին դեսպանը:

Տարածաշրջանի ամենամեծ իրանական առևտրի կենտրոնը, սակայն, ոչ միայն իրականություն չդարձավ, այլև ներքաղաքական առճակատումից հետո Ծառուկյանի դեմ քրեական գործի հիմք հանդիսացավ:

Հայաստանում Իրանի դեսպանն այսօր ափսոսանք հայտնեց, որ ծրագիրը տապալվեց, չնայած ներդրված ջանքերին:

«Մենք ցանկանում էինք համատեղ առևտրի կենտրոն հիմնել, որի աշխատանքներում ներգրաված էր պարոն Գագիկ Ծառուկյանը և Իրանի քաղաքացիներ: Սա շատ լավ հնարավորություն կլիներ իրանական ապրանքներն ու արտադրանքը հայկական շուկայում ներկայացնելու համար: Սակայն ափսոսանքով պետք է նշենք, որ կողմերը թե՛ այս պրոյեկտի, թե՛ այլ բիզնես ծրագրի շրջանակներում ունեցան որոշակի տնտեսական տարաձայնություններ:

Ես անձամբ բազմիցս քննարկումներ եմ ունեցել երկու կողմերի հետ էլ՝ ցանկանալով հանդես գալ որպես միջնորդ, որպեսզի փորձենք փոխզիջումների արդյունքում հասնել համաձայնության:

Մինչև վերջերս էլ կապի մեջ էի կողմերի միջև և փորձում էի գտնել լուծման մի տարբերակ, որը ընդունելի կլիներ երկու կողմերի համար էլ:

Քանի որ այս պահին գործ ունենք իրավական գործընթացի հետ, մենք հույս ունենք, որ առկա ապացույցների և վկայությունների հիման վրա հնարավոր կլինի լուծել այս հարցը:

Մենք բնավ չէինք ցանկանա, որ երկու երկրների քաղաքացիների միջև բիզնես գործունեության անհաջող փորձը հանրային կարծիքում ներկայացվեր այնպես, թե Իրանի և Հայաստանի քաղաքացիները չկարողացան աշխատել և այժմ տարաձայնություններ ունեն», նշեց ՀՀ-ում Իրանի դեսպանը:

Շեշտելով, թե Իրանը չի խառնվում Հայաստանի ներքաղաքական գործերին, բայց և այնպես, ելնելով իրանական ներքաղաքական փորձից, Իրանի դեսպանը նշեց, որ «երբ որևէ իրադարձության ազդեցության տակ երկրի ներսում որոշակի պառակտում է ստեղծվում, ապա դա երբեք չի կարող բերել լավ արդյունքի»:

«Մենք հուսով ենք և մաղթում ենք, որ Հայաստանի բոլոր ուժերը, թե՛ իշխող կուսակցությունը, կառավարությունը և թե՛ ընդդիմությունը, կարողանան միասնական լինել ազգային շահերի և նպատակների շուրջ: Քանի որ, եթե չլինի այս միասնականությունը, ապա հնարավոր չեն զարգացման հետագա ճանապարհները: Իրանը ցանկանում է տեսնել ուժեղ, միասնական և համախմբված Հայաստան», ասաց դեսպանը։

Վերադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քրեական գործին՝ դեսպան Խալիլ Շիրղոլամին չցանկացավ անդրադառնալ հարցին, թե արդյոք այս գործի միջոցով քաղաքական հետապնդում է իրականացվում ընտրություններին մասնակցած ԲՀԿ առաջնորդի նկատմամբ:

Դեսպանը միայն նշեց, որ թե՛ Ծառուկյանը, թե՛ նրա իրանցի գործընկերը միմյանց են մեղադրում հափշտակության մեջ, բայց և այնպես, իրանցի դիվանագետը հույս հայտնեց, որ այս խնդիրը կլուծվի փոխզիջման ճանապարհով:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG