Մատչելիության հղումներ

Ծառուկյանը «սարքովի գործ» է որակում մեղադրանքը, Փաշինյանը դեռ կատարված չի համարում իր խոստումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյան, «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյան, կոլաժ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյան, կոլաժ

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդն Ազգային անվտանգության ծառայության բանտախցից առաջին անգամ արձագանքել է իր շուրջ տեղի ունեցող գործընթացներին: Գագիկ Ծառուկյանը իրեն վերագրվող մեղադրանքը որակել է «սարքովի գործ», իսկ տեղի ունեցածը՝ ԲՀԿ-ի մանդատների գողության շարունակություն: Իշխանություններին կամայականության մեջ մեղադրող և հանրային համերաշխության կոչ անող Ծառուկյանն իր տեքստում չի տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը։

«Իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ, սարքովի գործը այս ամենի շարունակությունն է։ Մի դատարկ, փուչիկ գործ։ Իմ խիղճը հանգիստ է։ Ցավոք, Հայաստանը կանգնած է անխուսափելի մարտահրավերների առաջ։ Մեզ սպասում են բարդ ու ռիսկերով լեցուն ժամանակներ։ Դրանց դիմակայելու համար մեզ, առաջին հերթին, անհրաժեշտ է խոհեմություն։ Մեզ նաև շատ անհրաժեշտ է, ինչպես ասել եմ ընտրություններից առաջ և ասում եմ հիմա՝ ներքին, հանրային համերաշխություն։ Սա ասում եմ ես, ում հանդեպ կատարվեց ամենամեծ անարդարությունը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ առաջնորդը:

Թե ում է ուղղված համերաշխության կոչը և ում է Ծառուկյանը մեղադրում իր նկատմամբ տեղի ունեցած անարդարության համար, տարածված հայտարարության մեջ այդպես էլ չի հստակեցնում:

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդն արդեն երրորդ օրն է՝ կալանքի տակ է. նրան մեղադրանք է առաջադրվել խարդախության և փողերի լվացման հոդվածներով։

Գագիկ Ծառուկյանի կալանավորմանն ու նրա ընկերություններում տեղի ունեցողին այսօր հրապարակային առաջին անգամ անդրադարձավ նաև վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նախընտրական փուլից թիրախավորել էր Ծառուկյանին, սպառնացել նրան ոչ միայն բանտ ուղարկել, այլև ունեզրկել: Վարչապետին այսօր «Ազատություն»-ը հարցրեց՝ գո՞հ է իրավապահների գործողություններից, համարո՞ւմ է իր խոստումն իրագործված: Փաշինյանը հասկացրեց, որ գործընթացները դեռ ավարտված չեն։

«Նախընտրական իմ խոստումները կհամարեմ իրականացված, եթե, ինչպես և խոստացել եմ, ամբողջ թալանվածը՝ բոլորի, հատիկ առ հատիկ, մինչև վերջ հետ բերվի, և տակը մնա էն, ինչ որ, ինչին որ ձեզ հայտնի շրջանակները արժանի են: Այդ ժամանակ կհամարեմ, որ իմ նախընտրական խոստումը կատարված է: Այն ժամանակ, երբ որ «Մարտի 1»-ի գործով պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության, այն դեպքում, որ խարդախությամբ և քցելով հարստություն կուտակածները ենթարկվեն պատասխանատվության: Ոչ, չեմ համարում, որ իմ նախընտրական խոստումները կատարվել են», - ասաց վարչապետը:

Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի առանձնատուն ներխուժած իրավապահները նրան գետնին էին տապալել, նկարահանել այդ կադրերն ու հրապարակել: Այսօր արդեն մի շարք հասարակական կազմակերպություններ դատապարտել են տեղի ունեցածն ու ընդգծել՝ Ծառուկյանի նկատմամբ անհամաչափ ուժ է գործադրվել այն դեպքում, երբ նա որևէ դիմադրություն չի ցուցաբերել։ Ավելի քան մեկ տասնյակ կազմակերպությունների գնահատմամբ՝ ԲՀԿ առաջնորդին գետնին տապալելն ուղիղ կապ ունի նախընտրական փուլում վարչապետի հայտարարությունների հետ: Ինքը՝ Փաշինյանը, սակայն, այսօր պնդեց, թե աղմուկ բարձրացրած այդ կադրերը չի տեսել, բայց միևնույն ժամանակ տարակուսեց՝ ինչո՞ւ «ասֆալտին փռելու» իր նախկին հրահանգներն ավելի վաղ չեն կատարվել:

«Դե ես ձեր նկարագրած տեսարանները չեմ տեսել, ընդհանրապես գաղափար չունեմ, թե ինչի մասին էիք խոսում, դրանք ինձ հետաքրքիր չեն: Իսկ ինչ վերաբերում է ասֆալտին փռելու և ոչ միայն փռելու հրահանգներին՝ էդ հրահանգները տրվել են շատ վաղուց, և հարց է, թե ինչու էդ հրահանգները մինչև հիմա չեն կատարվել: Այսինքն հարցը էդտեղ է՝ ինչո՞ւ էդ հրահանգները նախկինում չեն կատարվել: Էն, ինչ որ ասել եմ, ասել եմ, էն, ինչ որ ասել եմ, պետք է դառնա իրականություն, որովհետև այդ թվում էն պատճառով, որ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին», - հայտարարեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը դարձյալ շեշտեց՝ ժողովուրդն է իրեն գործելու մանդատ տվել: Սա մի մեկնաբանություն է, որ վարչապետից հաճախ ենք լսում, երբ ընդդիմախոսներին բանտարկելու, նրանց ունեցվածքը խլելու հայտարարություններ է անում: Այդպես էր բացատրել անգամ անկախ մարմին համարվող Բարձրագույն դատական խորհրդի նախագահին ուղարկված sms-ը, որով նրան հորդորել էր լքել պաշտոնը:

Ո՞վ և ինչպե՞ս է չափել հանրային պահանջը

Իրավապաշտպան Աննա Մելիքյանը հարցնում է՝ ո՞վ և ինչպե՞ս է չափել հանրային պահանջը, որին պարբերաբար հղում է անում վարչապետը:

«Ժողովրդավարությունը ժողովրդի՝ Ֆեյսբուքում պահանջը չէ: Եթե մենք իրապես ժողովրդավար հասարակություն ենք ուզում ստեղծել, մենք պետք է ունենանք ուժեղ ինստիտուտներ, որոնք պետք է գործեն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում, և պետք է ունենանք արդյունավետ զսպիչների և հավասարակշիռների մեխանիզմ: Մենք արդեն չունենք դա օրենսդրությամբ, իրականում բավականին խնդրահարույց է դա: Իսկ երբ որ մենք դա տեսնում ենք արդեն ընտրովի և հատկապես գործադիր իշխանության կողմից կիրառման դեպքում, որը որ որևէ կերպ չի հավասարակշռվում, և իրականում զսպիչ չկա էդ գործողությունների, մենք իրականում ունենում ենք միանձնյա կամ համանման ինչ-որ կառավարում, ոչ թե ժողովրդավարություն», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց իրավապաշտպանը:

Իրավապահ համակարգի աշխատանքից վարչապետը կարծես թե գոհ է, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ նրանց հարցեր չունի: Դժգոհ է դատական համակարգից, պնդում է, թե դատավորների շարքերում նախկիններին պաշտպանողներ կան:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG