Մատչելիության հղումներ

Ծառուկյանը հայտարարում է՝ իր հանդեպ իրականացվողը «ակնհայտ կեղծ է»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել՝ պնդելով՝ իր հանդեպ իրականացվողը «ակնհայտ կեղծ է»:

«ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը։ Անկախ բոլոր անարդարություններից՝ ես շարունակելու եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին», - ֆեյսբուքյան էջում գրել է Ծառուկյանը:

Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է: Խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավոր քննադատներից Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց իր առանձնատանը մոտ 12 ժամ տևած խուզարկությունից հետո, Ազգային անվտանգության դիմակավորված աշխատակիցները Ծառուկյանին տարան նախ Քննչական կոմիտե՝ այստեղ նրան մեղադրանք առաջադրվեց խարդախություն կատարելու և փողերի լվացման հոդվածներով:

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին՝ ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ կուսակցությունը «հավաքել է բավարար ձայներ՝ ԱԺ մտնելու համար»։

«Բոլորիդ աչքի առաջ տեղի ունեցավ պարզ գողություն։ Գործող իշխանությունների կամայական որոշմամբ՝ մի ամբողջ խմբակցության թույլ չտվեցին լինել ԱԺ-ում։ Մեր տասնյակ հազարավոր ընտրողների իրավունքները ոտնահարվեցին, ձայները փոշիացվեցին։ Ամեն ինչ կատարվեց հայ ժողովրդի աչքի առաջ, աշխարհի աչքի առաջ», - ընդգծել է Ծառուկյանը։

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարան են անցել Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» և Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» ընդդիմադիր դաշինքները: Քաղաքական 7 ուժեր դիմել էին Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Մեկ շաբաթ քննելով ընդդիմադիրների դիմումները՝ Սահմանադրական դատարանը մերժեց դրանք և ուժի մեջ թողեց հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:

Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից, երբ ԿԸՀ-ն չեղարկեց երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները: Գործարարի կուսակցությանը մի քանի տասնյակ քվե չբավարարեց անցողիկ 4 տոկոսի շեմը հաղթահարելու համար:



XS
SM
MD
LG