Մատչելիության հղումներ

Նորընտիր Ազգային ժողովն սկսեց աշխատանքները

Լրացված

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովն այսօր սկսեց աշխատանքները:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` խորհրդարանական հերթական ընտրությունների դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը` ժամը 10:00-ին:

Նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերն են՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում, ԱԺ նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, Էթիկայի հանձնաժողովի ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ, Կառավարության առաջարկությամբ` Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

Մինչև խորհրդարանի խոսնակի ընտրությունը նիստը վարում է ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը, ով նստաշրջանը հայտարարեց բացված: Նիստին ներկա են բոլոր երեք խմբակցությունները, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Հնչեց Հայաստանի օրհներգը, ապա ելույթ ունեցավ երկրի նախագահը:

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից

«Հանրության սպասելիքն է, որ Ազգային ժողովը այն վայրն է, որտեղ տարբեր քաղաքական հայացքները ոչ թե խորացնում են բաժանարար գծերը, այլ մրցում են պետությանն առավել օգտակար լուծումներ առաջարկելու հարցում։ Մեզ անհրաժեշտ է քաղաքական մշակույթ, որտեղ անհամաձայնությունը չի վերածվում անհանդուրժողականության, իսկ սկզբունքայնությունը երբեք չի բացառում փոխադարձ հարգանքը», - մասնավորապես հայտարարեց Խաչատուրյանը:

«Առողջ ժողովրդավարության մեջ իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր ճանապարհներով ծառայում են նույն նպատակին՝ Հայաստանի Հանրապետության առաջընթացին», - նշեց նախագահը՝ ընդգծելով. - «Մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են պետական շահի բարձր գիտակցում, հեռատեսություն և համագործակցելու կարողություն»։

Թեև Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված է նաև, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Ամենայն Հայոց կաթողիկոսն ու հանրապետության նախագահը, Գարեգին Երկրորդը նիստին ներկա չէ՝ նրան հրավեր չի ուղարկվել: Սա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այդպիսի դեպքն է:

ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը:

Նոր խորհրդարանում մեծամասնություն է կազմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ստացել է 105 մանդատներից 64-ը: Մեծությամբ երկրորդը ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքն է, որը ստացել է 29 մանդատ: Ազգային ժողովում 12-հոգանոց խմբակցություն կունենա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը: Ընդդիմադիր երկու առաջնորդները, այդուհանդերձ, խորհրդարանում չեն լինի՝ Կարապետյանին արգելում է օրենսդրությունը, Քոչարյանն ինքն է հրաժարվել մանդատից:

«Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը խմբակցության ղեկավար է ընտրել Արուսյակ Մանավազյանին, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանին, «Հայաստան» դաշինքը՝ Աննա Գրիգորյանին:

ՔՊ վարչությունը նոր Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, տեղակալների թեկնածուներ՝ Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին: Իշխող կուսակցության վարչությունն ընտրել է նաև 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներին. ըստ ՔՊ պլանի, եթե հանձնաժողովի նախագահ դառնա ընդդիմության թեկնածուն, ՔՊ-ի ներկայացուցիչը այդ նույն հանձնաժողովում կդառնա փոխնախագահ։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG