Մատչելիության հղումներ

Պուտինը՝ Թրամփին. «Մոսկվան կվերանայի նախկին պայմանավորվածությունների վերաբերյալ իր դիրքորոշումը»

Լրացված

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, կոլաժ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, կոլաժ

«Մոսկվան կվերանայի նախկինում ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունների վերաբերյալ իր դիրքորոշումը», - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ այս քայլի պատճառը Ռուսաստանի նախագահի Վալդայում գտնվող նստավայրի դեմ ուկրաինական հարձակման փորձն է։

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մանրամասները ներկայացրել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ պնդելով, որ ուկրաինական կողմի վերջին գործողությունները «ցնցել էին Թրամփին»։

«ԱՄՆ նախագահը ցնցված էր և բառացիորեն վրդովված։ Նա նշեց, որ չէր էլ կարող պատկերացնել, թե [ուկրաինական կողմը] կարող է դիմել նման խելագար քայլերի», - հայտարարել է Ուշակովը։

Նրա պնդմամբ՝ Թրամփը նույնիսկ գոհունակություն է հայտնել, որ ամերիկյան կողմը Ուկրաինային չի փոխանցել Tomahawk տեսակի հեռահար հրթիռները։

Ամերիկյան կողմը Ուշակովի կողմից Թրամփին վերագրվող հայտարարությունների իսկությունը դեռ չի հաստատել։

Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր հայտարարել, թե անցած գիշեր «Կիևի վարչակազմը գրոհ է իրականացրել Ռուսաստանի նախագահի՝ Նովգորոդի մարզում գտնվող նստավայրի ուղղությամբ»։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պնդմամբ՝ գրոհին մասնակցող բոլոր անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

«Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ այս գործողությունը ձեռնարկվել է Ուկրաինայում իրադրության կարգավորմանն ուղղված ակտիվ բանակցությունների ֆոնին», -ընդգծել է Լավրովը։

Նա շեշտել է՝ «ուկրաինական կողմի այս քայլն անպատասխան չի մնա»։ «Պատասխան հարվածի թիրախներն ու ժամկետը հստակեցված են», - ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել է Լավրովի հայտարարությունները և պնդել, որ «Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Կիևի կառավարական թաղամասին»:

«Նման հայտարարություններով Մոսկվան ցանկանում է զրոյացնել այն առաջընթացը, որ ձեռք է բերվել նախօրեին Մայամիում կայացած բանակցությունների ժամանակ», - ասել է Զելենսկին։

Ֆլորիդայում բանակցություններից հետո Թրամփը և Զելենսկին հայտարարել էին զգալի առաջընթացի մասին

Ֆլորիդայում երեք ժամ բանակցելուց հետո ԱՄՆ և Ուկրաինայի նախագահները հայտարարել են, որ խաղաղության հասնելու ուղղությամբ զգալի առաջընթաց են գրանցել։ Սակայն գլխավոր հարցերից մեկը՝ տարածքների հարցը, մնում է չլուծված. Ռուսաստանը պահանջում է Դոնբասը, ինչին Ուկրաինան դեմ է։

Մար-ա-Լագոյի իր առանձնատանը կայացած հանդիպումից հետո Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ բանակցությունները «հրաշալի» են անցել, և Վլադիմիր Զելենսկիի հետ ունեցել է «հիանալի» զրույց, որը շատ ավելի է մոտեցրել պատերազմի ավարտը: Ըստ նրա՝ կողմերը համաձայնել են հարցերի մոտ 95 տոկոսի շուրջ։

«Կարող ենք շատ մոտ լինել կարգավորմանը։ Կան մեկ կամ երկու շատ խնդրահարույց, դժվար հարցեր, բայց կարծում եմ՝ մենք շատ լավ աշխատանք ենք անում։ Այսօր մեծ առաջընթաց ենք գրանցել», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը:

Զելենսկին, որը հանդիպումից առաջ հայտարարել էր, թե շատ բան կարող է որոշվել մինչև Նոր տարի, ասել է, որ մեծ առաջընթաց կա: Դոնբասի հարցը, սակայն, մնում է չլուծված, նշել է նա՝ հավելելով, որ երկարաժամկետ խաղաղության հասնելու ճանապարհին գլխավորը անվտանգության երաշխիքներն են, որոնց շուրջ գրեթե ամբողջական համաձայնություն կա, իսկ Ուկրաինայի վերականգնման ծրագիրը վերջնական փուլում է:

Առաջնորդները պայմանավորվել են, որ թիմերը կհանդիպեն հաջորդ շաբաթ՝ քննարկված բոլոր հարցերը վերջնականապես լուծելու համար, ասել է Զելենսկին՝ հավելելով, որ խաղաղության ծրագիրը կարող է հաստատվել կա՛մ հանրաքվեով, կա՛մ խորհրդարանի կողմից:

«Մենք կարող ենք հանրաքվե անցկացնել այս ծրագրի ցանկացած կետի վերաբերյալ ... Սա կարևորագույն հարցերից մեկն է։ Կամ կարող ենք օգտագործել խորհրդարանում քվեարկելու հնարավորությունը՝ օրենքով սահմանված կարգով», - նշել է Ուկրաինայի նախագահը:

Այսօր էլ Զելենսկին հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրեն Ուկրաինան, ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Եվրոպան: Ըստ նրա՝ Ռուսաստանի հետ հանդիպում կկայանա, եթե ԱՄՆ-ն և Եվրոպան համաձայնեն խաղաղության համաձայնագրի շուրջ: Նա նաև հայտնել է, որ առաջարկվող փաստաթղթով ԱՄՆ-ն պարտավորվում է անվտանգության երաշխիքներ տրամադրել 15 տարի, թեև ինքը 30-ից 50 տարի էր խնդրել:

Զելենսկին նաև ասել է, որ երկրում ռազմական դրությունը կհանվի, միայն երբ անվտանգության երաշխիքներն ամրագրվեն փաստաթղթերով, քանզի առանց դրա կստացվի, որ պատերազմը փաստացի չի ավարտվել: «Նման հարևանի պարագայում ագրեսիայի կրկնվելու ռիսկ կա», - բացատրել է նա։

Զելենսկիի հետ հանդիպումից առաջ Թրամփը մեկ ժամից ավելի հեռախոսազրույց էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ՝ զրույցը որակելով «շատ արդյունավետ»։ Ուկրաինայի նախագահի հետ մամուլի ասուլիսին էլ Սպիտակ տան ղեկավարն ասել է, թե Ռուսաստանի նախագահը լուրջ է տրամադրված խաղաղություն հաստատելու հարցում և մտադիր է օգնել, որ Ուկրաինան հաջողի: Թրամփի այս խոսքերի ժամանակ Զելենսկին ժպտում էր՝ դիմախաղով ցույց տալով, որ թերահավատ է:

ԱՄՆ նախագահը նշել է, որ Պուտինի հետ քննարկել են նաև Ռուսաստանի կողմից գրավված Զապորոժիեի ատոմակայանի ճակատագիրը, ասելով, թե Ռուսաստանն Ուկրաինայի հետ աշխատում է այս հարցի ուղղությամբ:

Կրեմլի խոսնակն արձագանքել է Թրամփին՝ ասելով, թե համաձայն են, որ խաղաղության գործարքը մոտ է: Սակայն Ուկրաինան պետք է իր զորքը դուրս բերի Դոնբասից, հայտարարել է Դմիտրի Պեսկովը: Ըստ նրա՝ առաջիկայում դարձյալ Թրամփ-Պուտին հեռախոսազրույց կլինի:

Երեկ էլ Ռուսաստանի նախագահի օգնականն էր մանրամասներ ներկայացրել Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից: Ըստ Յուրի Ուշակովի` առաջնորդները համաձայն են, որ հանրաքվեի նախապատրաստման նպատակով հրադադարը, որն առաջարկում են Եվրոպան և Ուկրաինան, միայն կերկարաձգի հակամարտությունը և հղի է ռազմական գործողությունների վերսկսման վտանգով: Նա նաև ասել է, որ Ուկրաինան պետք է «համարձակ, քաղաքականապես պատասխանատու» որոշում կայացնի Դոնբասի հարցով:

«Հաշվի առնելով առաջնագծում փոփոխվող իրավիճակը, ուկրաինական ռեժիմի կողմից խելամիտ կլիներ անհապաղ կայացնել այս որոշումը Դոնբասի վերաբերյալ», - պնդել է Պուտինի օգնականը:

Ուշակովը նաև հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են աշխատանքային խմբեր ստեղծել՝ խաղաղության համաձայնագիրը կնքելու համար: Մանրամասները կհայտարարվեն հունվարի սկզբին, սակայն արդեն պարզ է, որ խմբերից մեկը կկենտրոնանա անվտանգային, իսկ մյուսը՝ տնտեսական հարցերի վրա:

Երեկվա համատեղ ասուլիսից հետո Թրամփն ու Զելենսկին հանդիպման արդյունքները տեսակապով քննարկել են եվրոպական երկրների առաջնորդների հետ: Ավելի ուշ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան կշարունակի համագործակցությունը ձեռք բերված առաջընթացն ամրապնդելու համար։ «Այս ջանքերում ամենակարևորն այն է, որ առաջին իսկ օրվանից անվտանգության անսասան երաշխիքներ ապահովվեն», - սոցցանցում գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Ռուսական զորքը «բավական լավ տեմպերով շարժվում է դեպի Զապորոժիե»

Դիվանագիտական ճակատում այս զարգացումների ֆոնին Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ռուսական զորքը «բավական լավ տեմպերով շարժվում է դեպի Զապորոժիե»: Այսօր կայացած խորհրդակցության ժամանակ Պուտինն ասել է, որ ռազմաճակատի այս հատվածում ռուսական զորքերը հատել են Գայչուր գետը՝ ճեղքելով ուկրաինական զորքերի պաշտպանությունը։ Ռուսաստանի գլխավոր շտաբի պետն էլ ասել է, որ հարձակումը շարունակվում է ռազմաճակատի մի շարք այլ հատվածներում, այդ թվում՝ Դոնեցկից արևմուտք ընկած շրջաններում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG