Նախաքննության հապճեպ ավարտ. փաստաբանը պնդում է՝ փորձում են կանխել Դավիթին ազատ արձակելը

Միջադեպը Երևանի Սուրբ Աննա եկեղեցում, 29-ը ապրիլի, 2026թ.

Երկու շաբաթից էլ կարճ տևեց Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի մասնակցությամբ միջադեպի առանցքային մեղադրյալ 18-ամյա Դավիթ Մինասյանի գործի նախաքննությունը: Խուլիգանության և վարչապետի նկատմամբ բռնության մեջ մեղադրվող Դավիթին վերաբերող դրվագն առանձնացվել է բուն գործից:

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի համոզմամբ՝ ոչ աշխատանքային օրով նախաքննության ավարտի մասին հապճեպ հայտարարելու նպատակը ապրիլի 17-ին Վերաքննիչի որոշմամբ պատանուն ազատ արձակելու հնարավորության կանխումն է:

«Ուղարկում է դատարան, բայց էստեղ խնդիրը նրանում է, որ իրենք փորձում են կանխել Վերաքննիչ դատարանի կողմից ամսի 17-ի որոշման կայացումը: Այսինքն՝ իրենք էստեղ վտանգ են տեսնում, էս գործողությունները միանշանակ դրա մասին են վկայում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Մարտիրոսյանը:

Օրենքով, երբ նախաքննությունն ավարտվում է, և գործը սկսում է քննել դատարանը, հենց այդ դատարանն էլ առաջին նիստով քննարկում է խափանման միջոցի հարցը: Ստացվում է, որ Դավիթ Մինասյանի կալանքը փոփոխելու հարցի քննությունը Վերաքննիչում կչեղարկվի և կտեղափոխվի առաջին ատյանի դատարան:

«Այսինքն՝ մուտք է անում առաջին ատյանի դատարան, եթե առաջին ատյանի դատարանը վարույթ ընդունեց, ինքը տենց կկանխի Վերաքննիչի որոշումը», - նշեց փաստաբանը:

Ըստ Լուսինե Մարտիրոսյանի՝ մինչև դատախազը հաստատի մեղադրականը, գործն ուղարկի դատարան, մինչև դատարանը գործը մակագրի որևէ դատավորի, վերջինս էլ վարույթ ընդունի, նիստի օր նշանակի, առնվազն 15 օր կանցնի: Մինչդեռ Վերաքննիչը վեց օր հետո պետք է հրապարակեր իր որոշումը՝ ազա՞տ է արձակում տղային, թե՞՝ ոչ:

«Ի դեպ, նաև ասեմ, որ մենք տեղեկություն չունենք՝ Դավիթին հասցված վնասվածքի հետ կապված, հարվածի հետ կապված ինչ են արել», - ասաց փաստաբանը:

Մարտի 29-ին Ծաղկազարդի պատարագի մասնակցող Դավիթ Մինասյանը ձերբակալվեց վարչապետի չհայտարարված այցից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են նրա անվտանգության աշխատակիցները ճանապարհ բացելիս հրմշտում մարդկանց, այդ թվում՝ Դավիթին ու երկվորյակ եղբորը: Հրմշտոցի դեմ բողոքած և վարչապետի ուղղությամբ ձեռքը բարձրացրած Դավիթին անվտանգության աշխատողը բռունցքով հարվածել էր, ինչից պատանին վայր էր ընկել։

Օրերս բժշկական հետազոտությունների պատասխանը ստացած փաստաբանները հայտարարեցին՝ պատանին ուղեղի ցնցում և փակ գանգուղեղային տրավմա է ստացել: Ըստ փաստաբանների՝ դրանք առաջացել են վարչապետի անվտանգության աշխատողի հարվածից հետո: Նրանք ակնկալում են, որ իրավապահները նույն փութաջանությամբ պատասխանատվության կկանչեն նաև անվտանգության աշխատակցին: Քննչականը, սակայն, դեռևս չի պարզաբանում՝ զբաղվո՞ւմ է նաև այս հարցով, թե՞՝ ոչ. «Ազատություն»-ը այս հարցի վերաբերյալ հարցում է ուղարկել Քննչական, պատասխան դեռ չունենք:

«Դա առանձին քրեական գործ պետք է հարուցվի, քննություն իրականացվի՝ ոչ միայն բացահայտելու համար, թե ինչի հետևանքով է, այլ նաև՝ ում կողմից է արված, և եթե ենթադրենք, որ պահպանության ծառայության աշխատողի կողմից է, ապա պետք է քննության առնվի այդ միջոցի, այսինքն՝ եթե կիրառվել է ուժ, ապա ուժի կիրառման միջոցի համաչափության հարցը, այսինքն՝ ինչքանով է դա եղել համաչափ և ինչքանով է եղել իրավաչափ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի տեսանյութերը դիտած իրավապաշտպանը նկատում է՝ վարչապետի ուղղությամբ ձեռքը բարձրացրած տղային անվտանգության աշխատողը հարվածում է ոչ թե այդ պահին, այլ՝ ավելի ուշ, երբ Փաշինյանն արդեն այդտեղ չէր: Կարծում է՝ իրավապահները պարտավոր են քննել բռունցքի դրվագը: Ավելին՝ վերադաս դատարանները պետք է քննեն նաև պատանու կալանքի հիմնավոր լինելու հարցը:

«Խիստ կասկածելի է կալանքը որպես խափանման միջոցի կիրառումը տվյալ դեպքում, որովհետև պետք է քննարկվեր, ես տեղյակ չեմ՝ քննարկվե՞լ է մնացած, օրինակ, տնային կալանք, ստորագրություն չհեռանալու մասին ... Ինչքանո՞վ են դատարանի որոշումները պատճառաբանված, որովհետև դրանք էլ պետք է բողոքարկվեն», - նշեց Սաքունցը:

Իրավապաշտպանը պնդում է՝ Հայաստանում ծայրահեղ միջոց համարվող կալանքը շատ հաճախ է կիրառվում: Դա է վկայում վիճակագրությունը, ըստ որի՝ բանտերում ավելի շատ կալանավորներ կան, քան՝ դատապարտյալներ. - «Եվրոպայի խորհրդի կողմից, կարծեմ անցած տարի էր, այդ զեկույցների մեկում շատ լուրջ մտահոգություն էր արտահայտված, որ Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց շատ է կիրառվում, և, ըստ էության, քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց թիվը շատ ավելի մեծ է, քան թե դատապարտվածների, և դա համարում են որպես մտահոգիչ իրավիճակ»:

Բանտում երկու գիշեր անցկացրած պատանին մի քանի անգամ ուշագնաց լինելուց հետո հիվանդանոց էր տեղափոխվել: Փաստաբաններն ասում են՝ գլխապտույտներն ու գլխացավերը չեն դադարում: Չնայած սրան, Գլխավոր դատախազությունը երեկ մերժեց վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը՝ փաստաբանների խնդրանքը որակելով անհիմն:

Մինչդեռ փաստաբանների խոսքով՝ տղան ունի երկու հիվանդություն, որը հենց Կառավարությունն է որակել անհամատեղելի բանտային պայմանների հետ: Թե ինչու է Դատախազությունն անհիմն որակել փաստաբանների փաստարկները, իրավապահ կառույցը չի մանրամասնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայտարարվել է Դավիթ Մինասյանի գործով նախաքննության ավարտի մասինԻնչո՞ւ չի քննվում Փաշինյանի անվտանգության աշխատողի հարվածը. դատախազությունը դեմ է 18-ամյա պատանուն ազատելունԳլխավոր դատախազը չի փոխել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքըԱկցիա դատախազության մոտ՝ Դավիթ Մինասյանին ազատելու պահանջովՄԻՊ-ն առաջարկել է քննարկել Դավիթ Մինասյանի այլընտրանքային խափանման միջոցի կիրառումըԱռանց խնամակալ՝ ոստիկանական հսկողությամբ հիվանդասենյակում. Դավիթ Մինասյանի կալանքի հարցը վերաքննիչում էՓաշինյանն արդարացնում է Դավիթ Մինասյանին հարվածը, թիմակիցը՝ հեգնում18-ամյա Դավիթ Մինասյանի վերաքննիչ բողոքը կքննի դատավոր Ադրինե Ղուկասյանը