Մատչելիության հղումներ

Փաշինյանին, 14-ամյա անչափահասին և 18-ամյա դպրոցականին ազատազրկած դատավորը. Մնացական Մարիտիրոսյանի արդարադատության 30 տարիները

Armenia -- Judge Mnatsakan Martirosian, undated.
Armenia -- Judge Mnatsakan Martirosian, undated.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ժամանակին «տխրահռչակ» որակված դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր 2 ամսով կալանավորեց դպրոցական Դավիթ Մինասյանին՝ հարուցելով հանրության վրդովմունքը:

63-ամյա Մարտիրոսյանը, որ դատական համակարգում է գրեթե 30 տարի, բոլոր իշխանությունների օրոք աչքի է ընկել քաղաքական դատավարությունների ընթացքում իր կայացրած իշխանահաճո վճիռներով և ընդդիմադիր գործիչներին մեծ պատժաչափերով ազատազրկելու որոշումներով:

Մնացականյանի թերևս առաջին աղմկահարույց գործը 2000-ականների սկզբին էր՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում: «Պապլավոկում» Պողոս Պողոսյանին ծեծելով սպանելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի՝ «Կուկու» մականունով Աղամալ Հարությունյանի գործը քննում էր Մնացական Մարտիրոսյանը: Հենց նրա որոշմամբ Աղամալ Հարությունյանը «անզգույշ սպանություն» որակմամբ դատապարտվեց պայմանական ազատազրկման, այսինքն՝ չազատազրկվեց:

Մնացական Մարտիրոսյանի քննած այս գործը վերաբացվեց 20 տարի անց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք:

Նույն Մնացական Մարտիրոսյանն էր, որ 2006-ին, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, ազատազրկման դատապարտեց մի շարք ընդդիմադիր գործիչների, ներառյալ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանին՝ ապօրինի զենք պահելու մեղադրանքով: Սեֆիլյանն այն ժամանակ Մարտիրոսյանի վճռից հետո ասել էր՝ «սա դատարան չէ, սա թատրոն է»:

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք՝ 2006-ին, Մնացական Մարտիրոսյանը քննում էր նաև «Ժամանակ Երևան» թերթի գլխավոր խմբագիր, իշխանության սուր քննադատ Արման Բաբաջանյանի գործը՝ դատապարտելով նրան 4 տարվա ազատազրկման՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Երկարամյա փորձով դատավորն արդեն 2008 թվականին առանցքային դերակատար դարձավ «Մարտի 1»-ի գործով:

Հենց Մնացական Մարտիրոսյանին մակագրվեց մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո ընդդիմության առանցքային գործիչների դատավարությունը, որը ստացել էր «7-ի գործ» անվանումը:
Նրանց թվում էր նաև նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ով այժմ Լեհաստանում Հայաստանի դեսպանն է:
Ի դեպ, այն ժամանակ ամբաստանյալի աթոռին նստած Արզումանյանը, ինչպես նաև մյուս ընդդիմադիր գործիչները, որոնց թվում էր նաև Փաշինյանի այսօրվա թիմակից Սասուն Միքայելյանը, ի նշան բողոքի ոտքի չէին կանգնում, երբ դատարան էր մտնում Մնացական Մարտիրոսյանը:

Մնացական Մարտիրոսյանի կողմից զանգվածային անկարգությունների համար մեղավոր ճանաչված անձինք արդեն Փաշինյանի իշխանության օրոք արդարացվեցին, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրեց, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը իր վճռով խախտել է խոսքի և խաղաղ հավաքների մասնակցության ազատության իրավունքը:

Նույն Մնացական Մարտիրոսյանն էր, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք՝ 2010-ին, 7 տարվա ազատազրկման դատապարտեց նաև այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան մեղավոր ճանաչելով 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ»:

Այս դատավճռից հետո Նիկոլ Փաշինյանը «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից հայտարարություն տարածեց՝ Մնացական Մարտիրոսյանին անվանելով «խամաճիկ»:

«Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը հերթական անգամ ապացուցում է իմ դեմ հարուցված քրեական հետապնդման քաղաքական բնույթը։ Խամաճիկային դատարանը, հանցագործ դատախազությունը, ապօրինի իշխանություններն ի սկզբանե որոշել են ինձ բանտում պահել», - նշել էր նա:

2014-ին, այսինքն՝ կրկին Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, դատավոր Մնացական Մարտիրոսյանը հանրությանը ցնցեց իր մեկ այլ որոշմամբ:

Նա 6 տարվա ազատազրկման դատապարտեց «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով բողոքի ակցիա անցկացրած Շանթ Հարությունյանին՝ խուլիգանության համար: Իսկ նրա 14-ամյա որդուն՝ անչափահաս Շահեն Հարությունյանին, Մարտիրոսյանը դատապարտեց 4 տարվա ազատազրկման, որը հետո փոխարինվեց պայմանականով:

Մնացական Մարտիրոսյանը շարունակեց արդարադատություն իրականացնել նաև 2018-ի հեղափոխությունից հետո՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ այս անգամ արդեն հաջողությամբ քննելով նախկինների դատավարությունները: Նրանց շարքում էր նաև ԵԿՄ նախկին նախագահ, Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետականի պատգամավոր Մանվել Գրիգորյանը:

Չնայած Գրիգորյանի առողջական ծանր վիճակին, դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրաժարվում էր փոխել նրա խափանման միջոցը: Գրիգորյանին ազատեցին կալանքից միայն այն բանից հետո, երբ նրա վիճակը խիստ վատթարացավ:

Ավելի ուշ արդեն դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժում էր Գրիգորյանին Ֆրանսիա տեղափոխելու և այնտեղ բուժումը շարունակելու փաստաբանների միջնորդությունը: Մարտիրոսյանը նշում էր, թե դատարանին որևէ ապացույց ներկայացված չէ այն մասին, որ Գրիգորյանի վիճակի վատթարացումն ուղղակիորեն կապ ունի արտերկրում հետազոտություն չանցնելու հետ։ Մարտիրոսյանը չհասցրեց ԵԿՄ նախկին նախագահին ազատազրկման դատապարտել: 2018-ին ապօրինի զենք պահելու և յուրացումների համար կալանավորված Մանվել Գրիգորյանը 2020-ի նոյեմբերին մահացավ:

Ի դեպ, Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնի է ոչ միայն իր աղմկահարույց վճիռներով, այլև տարբեր ընդդիմադիր գործիչներին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունները բավարարելով:

Օրինակ՝ 2020-ին նա բավարարեց ԱԱԾ միջնորդությունը և 2 ամսով կալանավորեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Դրանից առաջ Ծառուկյանը խիստ քննադատել էր Փաշինյանին՝ ասելով, որ նրա կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի:

2021-ին Մնացական Մարտիրոսյանը բավարարեց նաև փողերի լվացման և կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը:

2022-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը քննում էր իշխանությանը սուր քննադատող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանքի խափանման միջոցի հարցը: Ազգային թշնամանք հրահրելու մեղադրանքով շուրջ 2 ամիս կալանքի տակ գտնվող պրոդյուսերը, սակայն, հենց դատարանի դահլիճում էլ մահացավ:

Արմեն Գրիգորյանի մահվանից հետո Մնացական Մարտիրոսյանը նրան հետմահու մեղավոր ճանաչեց:

Չնայած իրավապաշտպանների, փաստաբանների և նախկին ու ներկա ընդդիմադիրների քննադատություններին, դատավոր Մնացական Մարտիրոսյանը ոչ միայն շարունակում է իր գործունեությունը, այլև պաշտոնական առաջխաղացում է ունենում: Մինչդեռ հեղափոխությունից հետո՝ դեռևս 2019-ին, վարչապետ Փաշինյանը վստահեցնում էր՝ կոպիտ խախտումներով որոշումներ կայացրած դատավորները պետք է հեռացվեն պաշտոններից. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված, քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»:

Եվրոպական դատարանի վճիռներով խախտումներ թույլ տված դատավոր Մնացական Մարտիրոսյանը ոչ միայն չավարտեց իր կարիերան, այլև 2022-ին ընտրվեց նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։

2023-ին նախագահի հրամանագրով Մարտիրոսյանը նշանակվեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ՝ համակարգելով 60 դատավորների աշխատանքը։

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG