Մատչելիության հղումներ

Երբ որևէ մեկը գործողություն է անում, բեյջ չունի, որ 18 տարեկան է, առողջական խնդիրներ ունի. Փաշինյան

Երբ որևէ մեկը գործողություն է անում, բեյջ չունի՝ 18 տարեկան է կամ առողջական խնդիրներ ունի, ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չի՞ պատժվել ՊՊԾ աշխատակիցը, որ, ըստ ահազանգերի, հարվածել է, Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանին:

Փաշինյանն ասաց, որ ինքը չի տեսել, թե ինչ է տեղի ունեցել, սակայն շեշտեց՝ երբ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, նա կարող է ուժ գործադրել, հարվածել, իսկ սուր իրավիճակներում՝ նույնիսկ զենք կիրառել։

«Պետական պահպանության աշխատողը դրա համար է, որ անհրաժեշտության դեպքում ուժ գործադրի», - նշեց վարչապետը՝ հավելելով, որ հակառակ դեպքում ծառայողի դեմ կարող է քրեական գործ հարուցվել:

Համացանցում տարածված կադրերում երևում էր, թե ինչպես են հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցում վարչապետի անվտանգության աշխատողները դեպի ելք ճանապարհ բացում, երբ եղբայրներից մեկը բողոքում է իրեն իր տեղից հեռացնելու համար, ինչից հետո ձեռքը մեկնում է վարչապետի ուղղությամբ: Կադրերում երևում է նաև, թե ինչպես է Դավիթը անվտանգության աշխատակցի հարվածից վայր ընկնում ու հետո ոտքի կանգնում:

Անցած կիրակի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպից հետո մեղադրյալի կարգավիճակ ստացած Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրների մայրը դատավորին բաց նամակ էր գրել, խնդրել էր երկվորյակ որդիներից Դավիթին հնարավորություն տալ դատական նիստերին սպասել ազատության մեջ, շեշտել՝ նա 4 տարեկանից շուրջօրյա հատուկ խնամքի կարիք ունի, առողջական խնդիրներն ուղղակի անհամատեղելի են բանտի հետ: 2 ամսով կալանավորված 18-ամյա երիտասարդը երեկ բանտի ճանապարհին վատացել է, կորցրել գիտակցությունը: Հիվանդանոցում կարճ զննությունից հետո, սակայն, տղային «Արմավիրի» բանտ են տարել:

Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ Միքայելը՝ աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:

XS
SM
MD
LG