Մատչելիության հղումներ

Հարկադրաբար՝ պատարագի՞. Դատախազություն հաղորդում է ներկայացվել


Պատարագը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում, 11-ը հունվարի, 2026թ.
Պատարագը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում, 11-ը հունվարի, 2026թ.

«Ինչ անե՞մ, հիմա, պահանջվել ա սենց, պիտի գամ՝ որպես աշխատող: Կոմունալի աշխատողներից պահանջվել ա, մենք եկել ենք». - Վեդիի բնակիչը հիվանդանոցից հասել էր Մասիս, որ առավոտյան ներկա լինի վարչապետի մասնակցությամբ կիրակնօրյա պատարագին:

Վեդիի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ընկերության աշխատակիցը երեկ լրագրողներին սկզբում ասում էր, թե պահանջել են, որ հասնի Մասիս, հետո էլ, թե՝ իր ցանկությամբ է եկել. - «Շատ են էկե, ես նոր եմ էկե, ես էլ հիվանդանոցից եմ էկե, հիմա նորից պտի հետ գնամ հիվանդանոց: Ես դուս եմ գրվե հիվանդանոցից, էկել եմ, էկել եմ տուն, նոր էկել եմ ստե»:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» արդեն հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Գլխավոր դատախազություն: Կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը կասկածներ ունի, որ հանցագործություն է տեղի ունեցել. քաղաքացին ոչ թե իր կամքով է գնացել, այլ՝ հարկադրված, խախտվել է Քրեական օրենսգրքի՝ հավաքներին մասնակցելուն հարկադրելու հոդվածը:

«Հարկադրանքի դրվագ ոնց որ թե մենակ էդ դեպքում կա: Եթե ուրիշ դեպքեր էլ ի հայտ գան, իհարկե, ուրիշ դեպքերով էլ կներկայացնենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իոաննիսյանը:

Վեդիի ՔՊ-ական քաղաքապետ Գարիկ Սարգսյանը, սակայն, երեկ հերքում էր, որ հրահանգ է իջեցվել՝ անպայման մասնակցել պատարագի:

«Տեսնում եմ՝ բազմաթիվ աշխատակիցներ կան, կիրակի օր է, ոչ աշխատանքային օր է, իմ աշխատակիցներն էլ միգուցե և տեղյակ են, որ ես մասնակցում եմ, իրենք էլ ցանկություն են ունեցել մասնակցելու», - ասում էր Սարգսյանը, - «Եթե մարդիկ ստիպված եկած լինեն, դրա մասին նաև կարտահայտվեն»:

Գլխավոր դատախազությունն արդեն ստացել է բողոքը: «Ազատությանը» փոխանցեցին, որ օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել դրան: Սա նշանակում է, որ կա՛մ գործ կհարուցեն, կա՛մ՝ ոչ:

Մինչ Դատախազությունը որոշում կկայացնի, Իոաննիսյանն անդրադառնում է մեկ այլ խնդրի՝ ինչպե՞ս է ստացվում, որ տարբեր եկեղեցիներում Փաշինյանի մասնակցությամբ պատարագներին պետական ու համայնքային աշխատողներ են: Իրավապաշտպանը մտահոգիչ է համարում այս երևույթը, բայց ասում է՝ սա Քրեական օրենսգրքով արգելված արարք չի համարվում:

«Ես ազատ եմ՝ ասելու, որ սա խնդիր է, որովհետև մտածել, որ էդ ամբողջ կոլեկտիվը միահամուռ որոշեց, որ այ հիմա ժամանակն է, որ իրենք սկսեն գնալ պատարագների, կամ ամբողջ կոլեկտիվը Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետևորդն է, և որոշեցին, որ եթե Նիկոլ Փաշինյանը գնում է, ուրեմն՝ իրենք էլ պետք է գնան, մի քիչ միամիտ դատողություն է: Հակված ենք համարել, որ էդտեղ կա որոշակի կա՛մ պարտադրանք, կա՛մ գոնե չձևակերպված պարտադրանք», - ընդգծեց Իոաննիսյանը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ եթե այս դրվագներով էլ հաղորդում ուղարկեր Դատախազություն, դա, ըստ էության, արդյունք չէր տա:

Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում պատարագի եկածները տարբեր մարզերից էին: Երևանի քաղաքապետարանի աշխատակից ներկայացած տղամարդը լրագրողներին պատմում էր, որ սեփական կամքով է մասնակցում, իր խոսքով, քարոզարշավին:

Վարչական ռեսուրսը ներգրավվում է վարչապետի նախաձեռնած շարժմանը, շեշտում է իրավապաշտպան Արթուր Սաքունցն ու հարցնում՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ պետական ծառայողները հանգստյան օրերին համախմբված մասնակցում են տարբեր մարզերում Փաշինյանի մասնակցությամբ անցկացվող պատարագներին: Օրինակ, հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան պատարագին անգամ հեռավոր քաղաքներից էին Երևան հասել տարբեր տեղական պաշտոնյաներ: Նրանցից էր Վարդենիսի համայնքապետը:

«Միայն կարող է վկայել, ոչ միայն որ վարչական ռեսուրս է կիրառվում, այլ նաև՝ որ դա կազմակերպված բնույթ ունի: Բայց հատկապես, որ բյուջետային հիմնարկների աշխատողներ են, դա կարող է վկայել նաև, որ մարդիկ մտահոգություն ունեն՝ եթե չմասնակցեն, չաջակցեն, ապա կարող են լուրջ խնդիրներ ունենալ իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանվածության տեսակետից», - նշեց Սաքունցը:

Արդյո՞ք միայն քաղաքական համախոհությամբ է պայմանավորված վարչապետի հետևից պատարագին գնալը, հարցնում է իրավապաշտպանն ու ընդգծում՝ տեղի ունեցողը խնդրահարույց է հավաքների ազատության տեսանկյունից:

«Նույն մարդկանց մենք տեսնում ենք ամենատարբեր եկեեցիներում: Եթե մի մարդ իր տարածքում ունի եկեղեցի և պատարագին գնում է մասնակցելու մեկ այլ տարածքում, որտեղ վարչապետը պատարագի է մասնակցում, ապա, իհարկե, հարցեր են առաջ գալիս՝ էդ ինչ գլխապատառ որոշեցիք գնալ և մասնակցել: Պատկերը ինքը չի կարող ձևավորել ազատ կամքի արտահայտության մասին վստահություն», - ընդգծեց Արթուր Սաքունցը:

Արդյո՞ք Դատախազությունը նույն կերպ կվարվի ու քրեական գործ կհարուցի Դանիել Իոաննիսյանի այս մի բողոքի հետքերով այնպես, ինչպես հարուցել էր ամիսներ առաջ: Իոաննիսյանն էր բողոք ուղարկել իրավապահներին, պնդել, որ Արագածոտնի թեմի առաջնորդը խախտել է օրենքը, երբ հարկադրել է իր ենթակա հոգևորականներին մասնակցել ընդդիմության հավաքներին ու չընտրել Փաշինյանի կուսակցությանը: Մկրտիչ սրբազանին ու ևս 10 հոգևորականների ձերբակալել էին, այնուհետև մեղադրանք ներկայացրել բարձրաստիճան հոգևորականին ու արդեն երեք ամիս է նրան պահում են բանտում՝ կալանքի տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG