«Եկեղեցին և պետությունը այլևս իրար հետ են», - այսօր հայտարարում էր Հայաստանի վարչապետը:
Փորձելով նույնացնել պետությունն ու եկեղեցին և խառնվելով կրոնական կազմակերպության գործերին՝ Փաշինյանը մի օր հնարավոր է կանգնի դատարանի առջև, կարծում է ընդդիմադիր գործիչ Էդմոն Մարուքյանը:
«Ես կասկած չունեն, որ ապագայում էս բոլոր գործողություններին իրավական գնահատական տրվելու է», - նշում է Մարուքյանը:
Սահմանադրությամբ Հայաստանում երաշխավորված է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, իսկ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: Երբ վարչապետը ստորագրում է եկեղեցու բարենորոգման մասին փաստաթուղթը, նա խախտում է Սահմանադրությամբ ամրագրված այդ տարանջատման սկզբունքը, բացատրում է մասնագիտությամբ իրավաբան Մարուքյանը: Նա ընդգծում է՝ Սահմանադրությամբ վարչապետը կարող է անել միայն այն, ինչի համար լիազորված է, մինչդեռ եկեղեցու վերաբերյալ որևէ լիազորություն չունի:
«Նա այլևս փաստաթուղթ է պաշտոնապես ստորագրել և այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո անձամբ ներգրավված է հակասահմանադրական գործընթացի մեջ, անձամբ ոտնահարում է Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությունը», - պնդում է Էդմոն Մարուքյանը:
Եթե Կաթողիկոսի հեռացումը պահանջող Փաշինյանը մինչև վերջերս վստահեցնում էր, թե այդ գործին է լծվել որպես Հայ Առաքելական եկեղեցու մտահոգ հետևորդ, օրերս որպես վարչապետ ստորագրեց եկեղեցու բարենորոգման հայտարարության տակ, այսօր էլ քաղաքացիներին կոչ արեց միջամտել, որ պատարագների ժամանակ չհնչի Վեհափառ հոր անունը: Մայր Աթոռը խստորեն դատապարտել է Փաշինյանի առաջ մղած այս պրակտիկան՝ բացատրելով, որ սա ծիսական կանոնին հակառակ է և աղավաղում է պատարագի խորհրդի ամբողջական ընկալումը։
«Պետությունը՝ ի դեմս պետության գործադիր իշխանության ղեկավարի, խախտելով իր սահմանադրական լիազորությունները, նա սահմանազանցում է կատարում իր լիազորությունների շրջանակից և ոտնահարում է Հայաստանի Հանրապետության այս պահին գործող Սահմանադրությունը: Ավելին՝ նա իր գործողություններով նաև քրեորեն արգելված արարքներ է կատարում, քանի որ նա խախտում է կրոնական ծեսը, և այդ խախտումները ամեն անգամ տարատեսակ ձևերով արձանագրվում են», - շեշտում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդը:
Մարուքյանը նկատում է, որ Փաշինյանը Սահմանադրության ու Քրեական օրենսգրքի խախտումներին ներգրավում է նաև իրավապահ կառույցներին, տարբեր պաշտոնյաների: Վարչապետը վերջերս հաստատել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունն էլ է ներգրավված Կաթողիկոսի անունը զեղչելու գործում: Իսկ այդ մասին բարձրաձայնել էր Շիրակի թեմի հոգևորականներից մեկը, որը հրաժարվել էր մատուցել վարչապետի նախընտրած պատարագը:
«Թե՛ ոստիկանական գվարդիայի ղեկավարը, թե՛ ՊՆ նախարարը, ցանկացած, ինչ պաշտոն որ հիմա ես թվարկում եմ, այս բոլոր պաշտոններին ինքն է անձամբ աշխատում: Հետևաբար՝ ինքն իր դեմ գործ չի հարուցելու, ինքն իրեն չի արգելելու, ինքն իրեն չի բռնելու և այս ապօրինությունը շարունակելու է մինչև այն պահը, որ երկրում լինեն փոփոխություններ, և իր գործողություններին գնահատականներ տրվեն», - ասում է Մարուքյանը:
Փաշինյանի գործողություններում իրավական խնդիրներ է տեսնում նաև Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:
«Սահմանադրության խախտումը ինքն ըստ էության էլի կարող է հիմք հանդիսանալ ցանկացած պաշտոնատար անձի, այսպես ասած, նկատմամբ անվստահություն հայտնելու, նրա նկատմամբ անվստահություն հայտնելու, Կառավարության նկատմամբ, այդպիսի գործողությունների համար բավականին լուրջ հիմք է», - ասում է Գյուլումյանը:
Վարչապետը եկեղեցականներին նաև մեղադրում է քաղաքականությանը խառնվելու համար: Բարձր դատարանի նախկին դատավորն ասում է՝ ոչ մի օրենքով դա արգելված չէ, բայց վարչապետին Սահմանադրությունն է արգելում միջամտել եկեղեցու գործերին. - «Իսկ որտե՞ղ է արգելքը, որ հոգևորականը չի կարող քաղաքականության մեջ մտնել՝ ոչ սահմանադրական, ոչ էլ օրենքով արգելք չունենք: Նրանք էլ մեր նման քաղաքացիներ են և կարող են, այո, նաև քաղաքականության մեջ իրենց խոսքը ասել: Ի վերջո, այս երկրում կյանքը նաև նրանց է վերաբերվում»:
Ըստ ընդդիմադիր Էդմոն Մարուքյանի՝ Նիկոլ Փաշինյանի նպատակը իրեն լոյալ եկեղեցի ունենալն է. - «Իր նպատակն այն է, որ Հայաստանի Հանրապետության մեջ ունենա իրեն լոյալ եկեղեցի՝ ղեկավարով, ովքեր կընդունեն «Արևմտյան Ադրբեջանի» թեզերը և Հայաստանի Հանրապետության միակողմանի զիջումները, մեր պետության էս ընթացքը, որը որ անդադար մենք միայն կորուստներ ենք ունենում, էդ ընթացքի վերաբերալ ծպտուն չեն հանի: Ավելին՝ նաև կտարանջատի եկեղեցին Սփյուռքի կառույցներից»:
Վարչապետը, մինչդեռ, հակառակն է պնդում: Նա այսօր հայտարարում էր, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոմանք փորձում են օգտագործել որպես հենման կետ Հայաստանի դեմ գործելու համար, ինչն էլ իրենք կկանխեն: