Էջմիածնի Մայր Տաճարում հնչում է ամենալավ լուրը. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և Մեզ մեծ ավետիս, Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»:
Երկու հազար տարվա վաղեմություն ունի Քրիստոսի ծննդյան ավետիսը... տոնական պատարագին Էջմիածնի Մայր տաճարը մարդաշատ էր: Ամենայն Հայոց կաթողիկոսն էր պատարագում: Շուրջ երեք ժամ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները խաղաղ պատարագի էին՝ առանց որևէ ինտրիգի սպասման. կհնչի՞ Վեհափառի անունը, թե՝ ոչ, խորան կբարձրանա՞ կարգալույծ մի քահանա, ուժայինները եկեղեցու դուռը կհսկե՞ն: Այս ամենը տեղի ունեցավ այլ եկեղեցիներում:
Մայր տաճար պատարագի եկածներից ում հարցրինք՝ Վեհափառին գահից իջեցնելու Հայաստանի վարչապետի պլանին, մեղմ ասած, համաձայն չեն. «Փաշինյանը ամեն առավոտ մի բան ա ասում, իշխանությունը թող չխառնվի եկեղեցու գործերին», ասաց մի տարեց կին, մյուսը պնդեց՝ վարչապետը թող եկեղեցական հարցերից պոկվի ու թոշակների մասին մտածի. «Մեր թոշակը մեկ օրվա ծախս էլ չի, ինքը մարդ է, ուզում է ապրի, մենք չէ՞»:
Սուրբծննդյան պատգամում Ամենայն Հայոց կաթողիկոսն այն ինչ տեղի է ունենում, անվանեց եկեղեցու դեմ բռնաճնշումներ:
«Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը և խորը վերք՝ հասցված համայնքներին ու հավատացյալներին։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների՝ մեր Սուրբ Եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր է ու անսասան», - ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Վեհափառն ընդգծեց՝ հայ եկեղեցին բազում հարձակումների, սոսկալի նեղությունների ու տառապանքների միջով է անցել, բայց երբեք հուսահատության գերի չի դարձել: Գարեգին Երկրորդը հավատում է, որ մեղքերի մեջ կորած մարդուն տերը կփրկի անկումներից:
«Հայց վերառաքենք հայրենազրկված արցախահայ Մեր զավակների տոկունության ու ոգու ամրության և նրանց ոտնահարված իրավունքների վերականգման համար։ Աղոթենք հայրենյաց պաշտպան զինվորականների, հայրենիքի համար զոհված մեր քաջորդիների հոգիների հանգստության և նրանց ծնողների ու հարազատների մխիթարության համար»,-շեշտեց Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Սուրբծննդյան պատգամում նույնպես կաթողիկոսը հիշեց արցախցիներին, գերության մեջ գտնվողներին, բանտված հոգևորականներին ու անհայտ կորածներին:
Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին է միանում Մայր Աթոռի 11-րդ միաբանը. Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան վարդապետ Ալճանյանը: Ինչպես է Վեհափառը պատկերացնում հանգուցալուծումը, արդյոք նրանց կարգալուծության հարցը կքննարկվի՝ Գարեգին Երկրորդը մեր այս հարցերին պատասխանեց ժպիտով. «Հիմա չէ»:
Նաթան արքեպիսկոպոսին տոնական տրամադրությունից հնավոր չէր հեռացնել ոչ մի հարցով. «Տոն է և նման սուրբ օրը, տոնն ու պահը չի կարող խամրել, չի կարող խաթարվել որևէ ուրիշ հարցով», - ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Մայր տաճարում իշխանության որևէ ներկայացուցիչ չկար, միայն ընդդիմադիրներն էին: «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը կասկած չունի՝ Հայաստանի վարչապետը վաղ թե ուշ քրեական պատասխանատվության է ենթարկվելու կաթողիկոսին գահընկեց անելու ճանապարհային քարտեզի տակ ստորագրելու, եկեղեցու գործերին միջամտելու համար. «Հակասահմանադրական գործունեություն է», - ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Պատգամավորը, սակայն վստահ է, այս գործընթացում զտման ու արթնացման պահեր կան, նկատել է՝ իրական պատարագները բազմամարդ են դարձել:
Էջմիածնում Մայր Աթոռի շուրջ խաղաղ մթնոլորտի համար աղոթում են ոչ միայն Հայաստանի եկեղեցիներում.
«Մեր բոլոր եկեղեցիներու մեջ, մեր ամենաջերմ աղոթքները պիտի ուղղվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անդորրության համար», -իր խոսքում ասել է Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:
Էջմիածինը կհիշենք շվարած ու տխուր. Պոլսո Հայոց պատրիարքը Սուրբծննդյան ուղերձում անդրադարձել է «ազգընտիր ու օծյալ կաթողիկոսի դեմ հարձակումներին», հարց բարձրացնելով՝ «Երբ և ինչպես Սուրբ Էջմիածինը շրջապատող քաղաքական մշուշը պիտի վերանա»:
Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը վստահ է՝ լուծումը ո՛չ քաղաքական գործիչներինն է, ո՛չ էլ առանձին հոգևորականներինը, հրատապ Ազգային եկեղեցական ժողով պիտի հրավիրվի: Մայր Աթոռը այդ ժողովի նախապատրաստության մասին արդեն հայտարարել է:
Պոլսո պատրիարքը որդիական ակնածանք է հղել Ամենայն Հայոց կաթողիկոսին: Սահակ արքեպիսկոպոսը մտածում է, որ այս տարի փորձանքներ ու իր բառով «պատահարներ» կլինեն, առաջարկում է չմոռանալ, որ Աստված մեզ հետ է: