Մատչելիության հղումներ

Փաշինյան. «Եկեղեցին պետք է ազատենք հերձվածից»


Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Վարչապետ Փաշինյանն այսօր է՛լ ավելի թեժացրեց Կաթողիկոսի դեմ իր արշավն ու Հայ Առաքելական եկեղեցու հովվապետին դարձյալ աղանդավորության մեջ մեղադրեց:

«Այսօր եկեղեցու փաստացի պետը և իր վերնախավը, իր ձևավորած նեղ շրջապատը, ըստ էության, մենք պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են: Սա նշանակում է, որ մենք մեր եկեղեցին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ազատենք հերձվածից», - հայտարարեց պետության ղեկավարը:

Մայր Աթոռի կողմից ոչ կանոնական որակված և երբեմն նաև կարգալույծ քահանաների մատուցած պատարագներին մասնակցող Նիկոլ Փաշինյանն աղանդավորության մեջ է մեղադրում հոգևոր վերնախավին, այն դեպքում, երբ հենց Մայր Աթոռն է վարչապետին միացած հոգևորականներին հորդորում կանոնական դաշտ վերադառնալ ու եկեղեցուն առնչվող հարցերը եկեղեցու ներսում քննարկել:

Վարչապետ Փաշինյանն ու Կաթողիկոսի հրաժարականի պահանջին միացած եպիսկոպոսներն օրերս եկեղեցին նորոգելու մասին մի թուղթ ստորագրեցին, այսօր էլ վարչապետը քաղաքացիներին հրավիրել էր երթի՝ ի աջակցություն այս արշավին:

Մինչ այդ նա Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագին էր մասնակցում, խորանին Կաթողիկոսի հրաժարականի պահանջին միացած Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն էր, քարոզի ավարտին նա մեկ նախադասությամբ խոսեց նաև իրենց արշավի մասին. - «Մեր պետության հետ համատեղ Սուրբ Ծննդյան այս հրաշազարդ օրերին ծնունդ առավ մեր սիրելի եկեղեցու բարեկարգության օրակարգը, և ես վստահ եմ, որ բոլորիս աղոթքներով մենք պիտի գոտեպնդվենք և խրոխտ քայլերով քայլենք առաջ՝ ի փառս մեր եկեղեցու և ի հզորացում մեր պետականության»:

Առաջին շարքում վարչապետն էր, նրա կինը, նախագահը, խորհրդարանի խոսնակը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրորդում՝ նրանց անվտանգությունը հսկողները, վերջիններս ոչ միայն Փաշինյանի թիկունքում էին, այլև եկեղեցու գրեթե բոլոր անկյուններում: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագին ներկաները կիսում էին Կաթողիկոսի դեմ վարչապետի օրակարգը, այսօր, կարծես, Երևանի Մայր եկեղեցի էին գնացել հիմնականում հենց Փաշինյանի աջակիցները.

«Լրիվ կիսում եմ, մեր վարչապետը լրիվ ճիշտ ա իր բոլոր քայլերում»:

«Եկեղեցու ներքին խնդիրը չի, եկեղեցին թող մի հատ քաղաքականությունով չզբաղվի, առաջին հերթին: Եկեղեցին ի՞նչ գործ ունի քաղաքականության հետ, հեռու բաներ են դրանք իրարից»:

«Մեր ղեկավարը ճիշտ ա անում, ինչ անում ա՝ ճիշտ ա անում, հասկացա՞նք, սխալ քայլ չի անում»:

«Էս ժողովուրդը պիտի հասկանա, ավելի ճիշտ՝ մեր հոգևոր ժողովուրդը պիտի հասկանա՝ ինչի համար ա ինքը հելել ըտեղ, ինչ ա անում»:

Երթի մեկնարկին իշխանական դեմքերի թիվը մեծացավ՝ նախարարներ, պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների մամուլի քարտուղարներ, համայնքապետեր ու բազմաթիվ այլ պաշտոնյաներ: Մեծաթիվ ոստիկանների ուղեկցությամբ, հավաքվածները շարժվեցին դեպի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի, որի հարևանությամբ Կաթողիկոսի երևանյան նստավայրն է:

Փաշինյանին մոտենալու ու հարցեր տալու հնարավորություն չկար, անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս, որ պաշտոնյաների ու լրագրողների միջև հեռավորությունը գոնե 30 սանտիմետրով կրճատվի:

Հենց այդտեղ՝ բակում տեղադրված բեմահարթակից էլ վարչապետ Փաշինյանը հավաքվածներին դիմեց: Կաթողիկոսի ու հոգևոր վերնախավի հասցեին մեղադրանքները Փաշինյանի ելույթի միայն մի մասն էին: Նա հայտարարեց՝ եկեղեցին ու պետությունն այսուհետ միասին են, չնայած Սահմանադրության 17-րդ հոդվածը սահմանում է՝ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

«Մենակ չէ եկեղեցին, մենակ չէ պետությունը, որովհետև եկեղեցին և պետությունը այլևս իրար հետ են», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև գործնական քայլերի մասին խոսեց՝ քաղաքացիներին հորդորում է գնալ եկեղեցիներ, հոգևորականներին խնդրել միանալ իրենց նախաձեռնությանն ու պատարագների ընթացքում զեղչել Կաթողիկոսի անունը՝ «մինչև էն պահը, երբ որ մենք կունենանք Հիսուս Քրիստոսի անունով, ժողովրդով, Ազգային-եկեղեցական ժողովով իրապես ընտրված և իր կոչման և իր ապրածի, իր աշխարհայացքի, իր հոգու պարունակության իմաստով լեգիտիմ Կաթողիկոս»:

Փաշինյանն, ի դեպ, ելույթ էր ունենում ճիշտ նույն այն վայրում, որտեղ անցած տարի հավաքներ էր անցկացնում վարչապետի հրաժարականը պահանջող, այժմ բանտում գտնվող Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG