Թալինի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվին այսօր չի հաջողվել եկեղեցի մտնել, խորան բարձրանալ ու Սուրբծննդյան պատարագ մատուցել:
ՔՊ-ական համայնքապետը, յուրայիններն ու կարգալույծ եղած քահանան ավելի շուտ են եկել ու որոշել՝ պատարագն իրենք են մատուցում: Եկեղեցին շրջապատած ոստիկաններն էլ քայլ չեն արել, որ եկեղեցու հոգևոր հովիվը՝ Տեր Հայկը ներս մտնի: «Ազատությանը» պատմեց Տեր Փառենը, որ այնտեղ է եղել, ասաց. «Այսօր մեզ խոչընդոտել են, մենք չենք կարողացել ներս մտնել ու պատարագ մատուցել»:
Հոգևորականների բացատրությունները, որ պարտադիր է տաղավար տոնի պատարագը եկեղեցու հոգևոր հովիվը մատուցի, չեն օգնել: Փաստաբան Արա Զոհրաբյանի բանակցություններն էլ ոստիկանների հետ ապարդյուն են եղել, նրանք, ու ինչպես պնդում է փաստաբանը՝ Արագածոտնի մարզպետարանի ու Թալինի համայնքապետարանի աշխատակիցները չեն թողել, որ օրինական սպասավորները ներս մտնեն: Ըստ Զոհրաբյանի՝ Սուրբծննդյան պատարագը ոստիկանների թողտվությամբ է խոչընդոտվել, իսկ դա քրեորեն պատժելի է:
«Ծեսի կատարումը խոչընդոտելը հանցագործություն է», - ոստիկաններին դիմելով ասում էր Արա Զոհրաբյանը:
Որ բախում ու քաշքշոց չլինի, եկեղեցու քահանաները Սուրբծննդյան պատարագը հարևան Մաստարայի եկեղեցում են մատուցել:
ՔՊ-ական Տավրոս Սափեյանը դեկտեմբերի 31-ին էլ այս եկեղեցում Նռօրհնեքի ծեսն էր խոչընդոտել: Դարձյալ պահանջել էր՝ ծեսը կատարի իշխանության հովանու տակ անցած, կարգալույծ եղած նախկին քահանան: Այդպես էլ եղել է, խորան է բարձրացել աշխարհիկ Արամայիս Թախմազյանը:
Քրեական օրենսգրքում պարզ գրված է՝ կրոնական կազմակերպության օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսը խոչընդոտելը պատժվում է ընդհուպ ազատազրկմամբ: Արագածոտնի թեմը հինգ օր առաջ է ահազանգել՝ Թալինի ՔՊ-ական համայնքապետն ու նախկին քահանան այս գործով են զբաղված դեկտեմբերի 31-ից: Մայր Աթոռի դեմ պայքարի ակտիվիստ Սափեյանը նույնսիկ պահանջել է Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբծննդյան պատարագի խաչքավորը դառնալ: Ի՞նչ է արել Գլխավոր դատախազությունը: Հաղորդմանը ընթացք տվե՞լ է: Մեր հարցին այսօր էլ չարձագանքեցին: Քննչական կոմիտեում էլ հանցագործության մասին հրապարակային հայտարարությունը հիմք չեն ընդունում, պատշաճ հաղորդում են պահանջում:
«Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի և կարգալույծ Արամայիս Թախմազյանի ապօրինությունն իրականացվում է իրավապահների հովանավորչությամբ: Գիտակցված և համակարգված սրբապղծություն է՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ»,- բանտից հայտարարել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:
«Սրբավայր ներխուժելը, եկեղեցական կարգի ոտնահարումը և հոգևոր իշխանության բացահայտ անտեսումը ոչ միայն հակասում են Հայաստանի Սահմանադրությանը և օրենքին, այլև վկայում են պետական մտածողության լուրջ խաթարման մասին։ Սա փողոցային ճնշման, սադրանքի և հոգևոր արժեքների դեմ ուղղված ագրեսիայի օրինակ է, որը քայքայում է հասարակական համերաշխությունը և վտանգում իրավական պետության հիմքերը», - ասված է Արագածոտնի թեմի առաջնորդի հայտարարությունում:
Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ազատությունից զրկվել է նաև պատարագը խոչընդոտած նախկին Տեր Թադեի ցուցմունքով: Նա առաջիններից էր, որ միացավ Փաշինյանին ու կաթողիկոսի դեմ նրա պայքարին, հետո էլ կարգալույծ եղավ: Այն ինչ անում է այս քահանան սուրբ Աստվածածին եկեղեցում, անվավեր է, պնդում են Արագածոտնի թեմից:
Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հայտարարությունում նշվում է. -«Որևէ իշխանություն, որևէ պաշտոնյա կամ կարգալույծ անձ չի կարող իրեն վերապահել իրավունք՝ ոտնահարելու սրբավայրը, խաթարելու եկեղեցական կարգը և վիրավորելու հավատավոր ժողովրդի հոգևոր զգացմունքները»:
Մայր Աթոռի դեմ կռիվ տվող համայնքապետի համար ինչով է գրավիչ խաչքավորի կարգավիճակը: Սափեյանի հոգևոր մղումների մասին պարզաբանում ստանալ չհաջողվեց: Նա մի քանի օր է՝ մեր զանգերին չի պատասխանում: Մենք նրան փորձում ենք լսել դեռ դեկտեմբերի 18-ից, երբ բարձրացել էր Մայր տաճարի սյուներին ու կատաղի վեճի բռնվել հավանաբար կաթողիկոսի կողմնակիցների հետ: