Միայն Հայ Առաքելական եկեղեցու ներքին կյանքին խառնվելու, Մայր Աթոռի դեմ պայքարելու հարցով վարչապետ Փաշինյանը դատարանի առջև է կանգնելու մի քանի հոդվածներով: Վստահ է ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Մասնագիտությամբ իրավաբան Մինասյանը վերլուծել է վարչապետի խախտումներն ու եզրակացրել. «Քրեական պատասխանատվություն է նախատեսված ընդհուպ որպես առանձնապես ծանր հանցագործություն մինչև 10-15 տարի ժամկետով»:
Վարչապետը երկրի մայր օրենքն է խախտել ու Քրեական օրենսգրքից հոդվածներ, պնդում է Արծվիկ Մինասյանը: Ի պաշտոնե Փաշինյանը ստորագրել է վերջին հայտարարության տակ, ինչը նշանակում է ի պաշտոնե խառնվել եկեղեցու ներքին կյանքին, մինչդեռ Սահմանադրությամբ պետությունն անջատ է եկեղեցուց:
«Սահմանադրության կոնկրետ 6-րդ հոդվածի առաջին մասը, որտեղ ասվում է, որ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք կարող են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքով, չունենալով նման լիազորություն, փաստացի դադարեցրել է Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության 6-րդ հոդվածի կատարումն, ինչը հավասարազոր է Քրեական օրենսգրքով ամրագրված սահմանադրական կարգը տապալելուն», - նշեց Մինասյանը:
Ի՞նչ է արել Փաշինյանը, որ օրենք է խախտել, զարմանում է իշխող կուսակցության վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը: Պատգամավորը խախտումներ չի նկատել. «Ո՛չ տարբեր եկեղեցականներին նշանակելու հետ կապված խառնվում է վարչապետն ու իշխանական վերնախավը, ո՛չ ֆինանսական բաշխումներին է խառնվում, իրենց ներքին գործերին չի խառնվում, ընդամենն ասվում է, որ այս մարդը չպետք է, չէր էլ կարող լինել կաթողիկոս: Պետք է հավաքվեն այս հարցերը լուծվեն»:
Արծվիկ Մինասյանը մանրամասնում է՝ Քրեական օրենսգրքից միայն Փաշինյանը հետևողականորեն խախտում է 209 և 441 հոդվածները: Չարաշահում է պաշտոնական լիազորություններն ու խոչընդոտում կրոնական կազմակերպության օրինական գործունեությունը:
«Նիկոլ Փաշինյանի արածը ոչ միայն իր լիազորությունների անցում է նշանակում, այլ նաև ունի կոնկրետ բովանդակություն Քրեական օրենսգրքում ամրագրված, ընդ որում մի քանի հոդվածներով», - ասաց Մինասյանը:
Պատգամավոր Հակոբյանը Փաշինյանի խախտումները նկատող ու դրանց մասին բարձրաձայնող իրավաբաններին ու սահմանադրագետներին չի վստահում: Նրանց համարում է ընդդիմադիրների դաշնակիցը ու մտավախություն չունի, որ մի օր իրենց առաջնորդը դատարանի առաջ կկանգնի:
«Չի կարող կանգնել պատասխանատվության առաջ, որովհետև կամայական կերպով է մեկնաբանվում Սահմանադրությունը, և լսում եք այնպիսի սահմանադրագետների կամ իրավաբանների, որոնք ընդդիմադիրների ցույցերի ակտիվ մասնակիցներ են, ու քաղաքական հայտարարություններ են դրանք, ոչ թե անկախ փորձագետի մեկնաբանություն Սահմանադրությանը», - ընդգծեց Հասմիկ Հակոբյանը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Կան մարդիկ, ովքեր ասում են՝ որ իրենք տարբեր եկեղեցիներում երբ պատարագի են մասնակցում, հնչում է Կտրիճ Ներսիսյանի անունը, իրենք ցանկություն ունեն իրենց բողոքն արտահայտել հենց այդ պահին: Արդյոք նման բան կարելի՞ է և թույլատրելի՞ է, ես կարծում եմ, որ՝ այո, կարելի ու թույլատրելի է»:
«Ինքը իր գործողություններով, այդ թվում ՝ կազմակերպելով, հորդորելով, քարոզելով Հայ առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռների նաև ու ներքին կանոնակարգի դեմ ուղղված գործողություններ, փաստացի իրականացրել է նշված հանցագործությունները», - ասաց Արծվիկ Մինասյանը:
Նիկոլ Փաշինյանի կոչին թերևս ամենաակտիվը հետևում է Թալինի ՔՊ-ական համայնքապետը: Տավրոս Սափեյանը Փաշինյանի հովանու տակ անցած կարգալույծ քահանայի հետ դեկտեմբերի 31-ին խոչընդոտել է Նռնօրհնեքի արարողությունը: Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում թույլ չեն տվել, որ եկեղեցու հոգեւոր հովիվը ծեսը կատարի, բացի դրանից ՔՊ-ականը պահանջել է, որ սուրբ ծննդյան պատարագին իրեն խաչքավոր ներկայացնեն: Տավրոս Սափեյանի արարքի մասին՝ որպես հանցագործության ահազանգեց Արագածոտնի թեմը: Իրավապահները դրան չարձագանքեցին: Երեկ էլ ՔՊ-ականի թիմը, նախկին քահանայի հետ խոչընդոտեց Սուրբծննդյան պատարագը. եկեղեցու հոգևոր հովվին դարձյալ չթողեցին ներս մտնել:
«Ծանր հանցագործություն է, որովհետև 209-ը միջին ծանրության է նախատեսում, այս դեպքում ծանր հանցագործություն է, որովհետև իր լիազորություններն ակնհայտորեն գերազանցել է այս անձնավորությունը», - նշեց Արծվիկ Մինասյանը:
Ընդդիմադիր պատգամավորը համոզված է՝ իշխանափոխության դեպքում եկեղեցու դեմ պայքարին լծված Փաշինյանը, այս գործում իր ակտիվ թիմակիցներն ու անգործության մատնված իրավապահները պատժվելու են:
Կուսակցի արարքի մասին իշխանական պատգամավոր Հակոբյանը չի ուզում գնահատական տալ, դա թողնում է իրավապահներին: Քննչականն արդեն «Ազատությանը» ասել է՝ հրապարակային հայտարարության հետքերով չեն գնում, պատշաճ հաղորդում պետք է ստանան: Իսկ Գլխավոր դատախազությունը, որ հայտարարության հետքերով կարող է գնալ ու որոշել ընթացք տալ կամ՝ ոչ, «Ազատության» հարցերին դեռ չի պատասխանել: