«Իրազեկ քաղաքացիների միավորումը» Վեդիի բնակչի՝ վարչապետի ներկայությամբ կիրակնօրյա պատարագին մասնակցության առթիվ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Գլխավոր դատախազություն: ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը կասկածներ ունի, որ հանցագործություն է տեղի ունեցել. քաղաքացին ոչ թե իր կամքով է գնացել, այլ՝ հարկադրված, խախտվել է քրեական օրենսգրքի՝ հավաքներին մասնակցելուն հարկադրելու հոդվածը:
Վեդիի կոմունալ սպասարկում և բարեկարգում ընկերության աշխատակիցը երեկ լրագրողներին սկզբում ասում էր, թե պահանջել են, որ հասնի Մասիս, հետո էլ, թե՝ իր ցանկությամբ է եկել:
Գլխավոր դատախազությունն արդեն ստացել է բողոքը: «Ազատությանը» փոխանցեցին, որ օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել դրան: