Մատչելիության հղումներ

Դատական հայցեր՝ ներկայացված վարչապետի դեմ և վարչապետի կողմից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի Արթուր Օսիպյանի վեճը, Երևան, 18-ը մայիսի, 2026թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի Արթուր Օսիպյանի վեճը, Երևան, 18-ը մայիսի, 2026թ.

Նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետի հետ բանավեճի բռնված, ապա բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեղադրանքով Նուբարաշենի բանտում 23 օր անցկացրած արցախցի Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով հերքել իր հասցեին արած արտահայտություններն ու ներողություն խնդրել: Արցախցի գործիչը, մասնավորապես, պահանջում է, որ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ներողություն խնդրի իրենից «համբալի մեկը», «թալանչի անասուն», «տականք» և «ստահակ» անվանելու համար ու հերքի «փախած» և «թալանչի» լինելու վերաբերյալ պնդումները:

«Նիկոլ Փաշինյանը ռուպորը ձեռը որ սկսել ա խոսելը, դա հրահանգ է եղել ամբողջ համակարգին», - պնդում է Օսիպյանը:

«Դատական համակարգի վրա վստահությունը՝ իր արդարության վերաբերյալ, զրոյին մոտ է, ճիշտն ասած, բայց, համենայն դեպս, ինձ համար շատ կարևոր է, որ հասարակությունը, քանի որ լայն արձագանք է ստացել այս դատական պրոցեսները և Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները իմ վերաբերյալ ու զրպարտանքները, որպեսզի հասարակությանը պարզ լինի, որ դա կեղծ է», - ընդգծեց նա:

Ընտրություններից շաբաթներ առաջ Արաբկիրում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանն այդ օրը առավոտից էր հունից դուրս եկել. նախ 44-օրյա պատերազմից ի վեր եղբորից լուր չունեցող բժիշկ Արփինե Սողոյանի հետ վիճեց՝ նրա վրա բղավելով, քաշքշելով ու ընդդիմադիրներ գործիչների հետ նույնականացնելով: Վարչապետն ըստ էության չհանդարտվեց գրեթե ողջ օրվա ընթացքում, և օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ Արթուր Օսիպյանի հետ միջադեպը. նա որևէ վիրավորական արտահայտություն չանելով մոտեցել էր Փաշինյանին ու հարցեր ուղղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բանակցությունների, Արցախի նախկին իշխանություններին ֆինանսավորելու մասին: Նիկոլ Փաշինյանը դարձյալ հունից դուրս եկավ, վիրավորանքների տեղատարափ սկսվեց, որը չավարտվեց նույնիսկ Օսիպյանին այդ տարածքից հեռացնելուց հետո. - «Դու խի՞ ես կենդանի, դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ 5 հազար զոհի մասին ես խասում, այ տականք, ընչի՞ ես կենդանի»:

Ժամեր անց իրավապահները որոշեցին ոչ թե վարչապետի գործողությունները քննել, այլ արցախցի գործչին մեղադրանք առաջադրել ու կալանավորել: Ներողություն պահանջող Արթուր Օսիպյանը Նուբարաշենի բանտում հացադուլ հայտարարեց: Նիկոլ Փաշինյանը, սակայն, անդրդվելի էր, Օսիպյանի կյանքին վտանգ սպառնալու ահազանգերից հետո էլ վարչապետը ներողություն չխնդրեց:

«Ինձ համար Սամվել Շահրամանյանն ու Արթուր Օսիպյանը նույն կատեգորիայի մարդիկ են: Ինքը և պսևդոէլիտայի մյուս ներկայացուցիչները պետք է ներողություն խնդրեն մեր նահատակների ընտանիքներից, որ ուզում են շարունակել այդ պրոցեսը և Հայաստանը վերադարձնել կոնֆլիկտի խորխորատի մեջ», - հայտարարեց վարչապետը:

«Կարա էս հարցը շատ հեշտ փակի, նույնիսկ չեմ ասում՝ տենց ներողություն անպայման, ուղակի ցույց տա, որ ինքը փոշմանած է», - նշում է Օսիպյանը:

Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխեցին և ազատ արձակեցին ընտրություններից, նրա նկատմամբ ապօրինությունների մասին իրավապաշտպանների բարձրացրած աղմուկից ու Օսիպյանին ազատ արձակելու պահանջով քաղաքացիների ստորագրահավաքից հետո միայն: Նա դադարեցրեց հացադուլը և այժմ իրավական ճանապարհով է փորձում վերականգնել իր արժանապատվությանը հասցված վնասը: 44-օրյա պատերազմին մասնակցած 41-ամյա տղամարդն ընդգծում է՝ եթե ինքը դասալիք է, թող իր դեմ այդ հոդվածով գործ հարուցեին. - «Եթե ես փախած եմ, դա դասալիքություն է, դասալիքությունը դա քրեական պատժելի հանցագործություն է, ապա ինչո՞ւ չի քրեական վարույթ էդ հարցով նախաձեռնված»:

Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանից նաև խորհրդանշական փոխհատուցում է պահանջում՝ 1 դրամ. - «Սա արժանապատվության հարց է, և ստեղ գումարի խնդիր չկա, էդ 1 դրամը ես ուղակի սիմվոլիկ եմ պահանջել, ասեցի՝ ինչի համար»:

Իր դեմ հարուցված քրեական գործը, որն արդեն դատաքննության փուլ է հասել, Արթուր Օսիպյանն աբսուրդային է որակում: Պնդում է՝ իր իրավունքները պաշտպանելու համար պատրաստ է Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասնել:

«Ոստիկանների ցուցմունքները ինչպիսին են՝ հայհոյանք է եղել, բայց ինչ է հայհոյել՝ չգիտեմ ինչ է հայհոյել, ուղղակի կրակն ընկած հրաման են կատարում ու բերել հասցրել են մի հատ աբսուրդի: Ուղղակի երբ որ տրամադրություն չի լինում, ես ընթերցում եմ, էնքան որ, էն որ ասում է, զուտ խնդալու, ղժժալու համար», - ասաց Օսիպյանը՝ շարունակելով. - «Մեկնաբանությունները ու հիմքերը՝ ասում է՝ «դու մոտեցել ես վարչապետին նախօրոք պատրաստված հարցերով»: Բնականաբար»:

Դատական գործերի Datalex համակարգում նրան առաջադրված մեղադրանքի մասին շատ մանրամասներ չկան, մեղադրական եզրակացության համառոտ նկարագրությունում հիշատակել են մարտի 22-ին նրա արած ֆեյսբուքյան գրառումները: Վարչապետ Փաշինյանի՝ մետրոյում արցախցի կնոջ հետ աղմկահարույց միջադեպից հետո Օսիպյանը մեկը մյուսի հետևից վրդովված գրառումներ է արել: Իրավապահները, մասնավորապես, հիշատակում են այն գրառումը, որտեղ նա, պնդելով, թե Փաշինյանը չի կարողանա կարևոր հարցերից խուսափել, գրել է. - «Ողնաշարդ կջարդեմ, անասուն»:

Օսիպյանի հայցադիմումը Փաշինյանի դեմ վերջին շրջանում ներկայացված միակ այսպիսի գործը չէ. վարչապետի նախկին թիմակից Սոֆյա Հովսեփյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, քաղաքացի Լուսինե Ավագյանը դատի են տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով հերքել պնդումը, թե ընդդիմությանը ձայն տված քաղաքացիները կաշառք են վերցրել:

«Ես գիտեմ մի բան՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե, առանց փողի ոչ մեկ չի քվեարկել նրանց օգտին», - հայտարարել է վարչապետը:

«Նա անվանարկել է, վարկաբեկել, զրպարտել է և պետք է հերքում տա», - պնդում է Բագրատ Գալստանյանը, - «Ես անձնապես պատասխանատվություն եմ ստանձնում հանրայնորեն ասելու, որ ես ոչ կաշառք եմ վերցրել և ոչ էլ կաշառք եմ տվել որևէ մեկին ընտրություն կատարելու համար»:

Ներողություն խնդրելու և պնդումները հերքելու պահանջով հայց է ներկայացրել նաև նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը. քարոզարշավի ընթացքում Փաշինյանը նրան «ծախված» էր անվանել:

Փաշինյանին դատի է տվել նաև կալանավորված Գագիկ Ծառուկյանը. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը պահանջում է հերքել վարչապետի՝ իր մասին ասված խոսքերը. Փաշինյանը Ծառուկյանին «հանցագործ» , «շպիոն», «գործակալ» է անվանել:

Փաշինյանը հետ չի մնում, նա էլ, իր հերթին, վերջին ամիսներին հինգ հայցադիմում է ներկայացրել դատարան: Վարչապետը «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանից, իր նախկին թիմակից Սոֆյա Հովսեփյանից պահանջում է հերքել ընտրությունները կեղծելու մասին պնդումներն ու ներողություն խնդրել:

Նիկոլ Փաշինյանը նաև «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանին է դատի տվել՝ պահանջելով հերքել իր այն հայտարարությունը, թե ինքը Կանադայում տուն ունի: Փաշինյանը նաև Կարապետյանի առաջնորդած կուսակցության դեմ է հայց ներկայացրել՝ պահանջելով հերքել տեղեկությունը, թե ինքը հաստատել է՝ 300 հազար ադրբեջանցի է Հայաստան բերելու:

Հերքման պահանջով Փաշինյանն ավելի վաղ Սամվել Կարապետյանի դեմ մեկ այլ հայց էր ներկայացրել. պատճառը գործարարի հայտարարությունն էր, թե վարչապետը Չինաստանից հալյուցինացիաներ առաջացնող սնկեր է գնել:

Այս բոլոր հայցադիմումները դատարանները վարույթ են ընդունել:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG