Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատարանով պահանջում է՝ վարչապետ Փաշինյանը հրապարակային հերքի պնդումը, թե «մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ըտրակաշառքով քվե»:
Տավուշի թեմի նախկին առաջնորդը հայտարարում է՝ ընտրել է ընդդիմությանն առանց կաշառքի. «Զրպարտել է ու պետք է հերքում տա»:
Հոգևորականի դիմումը դատարանը ստացել է, բայց դեռ վարույթ չի ընդունել:
Նիկոլ Փաշինյանը, որ ընտրողների 49.7 տոկոսն է ստացել, ընտրություններից չորս օր անց հայտարարեց, թե իր առաջնորդած ուժի ձայները մաքուր են, իսկ մյուսներինը՝ կաշառքով:
«Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդը Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտրողներին, որ կես միլիոնից ավելի են, ընտրակաշառք վերցնելու համար մեղադրեց, երբ դեռ մեկ վճիռ չկա: Վեց օր հետո էլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե աչքաչափով է տեսնում՝ 70 տոկոսն է կաշառք վերցրել:
Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ ընտրական հանցագործությունների համար մեղադրվում է 242 հոգի, այդ գործերից դատարան է հասել ընդամենը 14-ը: Դատարանով դեռ չի հաստատվել՝ քանի հոգի է ընտրակաշառք բաժանել կամ ընտրակաշառքով ընտրել:
Բագրատ արքեպիսկոպոսը դատարանից նաև նյութական փոխհատուցում է պահանջում՝ 49.7 դրամ, սա էլ սիմվոլիկ նշանակություն ունի. «Այն տոկոսներն են, որոնք իրենք նկարել են»:
Ի՞նչ ակնկալիք ունի դատարանից արքեպիսկոպոսը. «Որևէ ակնկալիք չունեմ, բայց կարող են հաճելիորեն զարմացնել»:
Բարձրաստիճան հոգևորականը 30-ից ավելի հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ իրեն վիրավորողների ու զրպարտողների: Չորսով արդեն հաղթել է:
Դատարանը «Հանրապետություն» կուսակցության անդամներ Անի Խաչատրյանի և Հայկ Սահակյանի խոսքերը հոգևորականի հասցեին որակել է զրպարտություն ու որոշել հօգուտ արքեպիսկոպոսի յուրաքանչյուրից բռնագանձել 750 հազար դրամ: Դատարանը բավարարել էր նաև իշխանության աջակից Ստյոպա Սաֆարյանի դեմ հայցը, նա Բագրատ Գալստանյանին վերագրել է խոսքեր, որ չի ասել:
Բագրատ Սրբազանն այս վիրավորանքների ու զրպարտության թիրախում է հայտնվել իր դեմ հարուցված քրեական գործից հետո: Տավուշի թեմի նախկին առաջնորդն ու 17 անձ մեղադրվում են իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության համար: Այս գործով վճիռ չկա, նիստերը շարունակվում են, սրբազանն էլ վերջերս բանտից տեղափոխվեց տնային կալանքի: