Մատչելիության հղումներ

Չինական սնկերից մինչև պամպերս. Նոր երանգներ Փաշինյան-Կարապետյան բանավեճում

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից ուղիղ մեկ օր առաջ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը փակագծեր չի բացում՝ ո՞րն է իրենց «պլան Բ»-ն, եթե ինչ-որ պահի կասեցվի կուսակցության գրանցումը և չհաղթելու դեպքում պարտաստվո՞ւմ են մանդատները վերցնել և խորհրդարանում աշխատել որպես ընդդիմություն: Փոխարենը միանշանակ պնդում է՝ ընտրություններում հենց իր ղեկավարած ուժն է հաղթելու, ինքն էլ լինելու է վարչապետը:

«Պլան Բ-ն ունի հայ ժողովուրդը, այսինքն, ես ի՞նչ պետք է ամեն մենակ, դրա համար հաստատ հայ ժողովուրդն ունի բոլոր պլանները, քանի որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի և վստահ ենք դրա մեջ: Ես ասացի, որ միայն սոցհարցումների վրա չեմ հիմնվում, ես հիմնվում եմ նաև Փաշինյանի բացարձակ ցածր ռեյտինգի վրա», - հայտարարեց Կարապետյանը:

Սամվել Կարապետյանը պնդեց, թե 25 տոկոս վարկանիշ ունեցող «Քաղաքացիական պայմանագիրը» Հայաստանում իշխանություն դառնալու հնարավորություն չունի: Հրաժարվեց առհասարակ հետընտրական փուլից խոսել՝ շեշտելով, որ իրենց խնդիրն է կենտրոնանալ սպասվող հաղթանակի վրա:

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ կրկնել է՝ իրենց խնդիրն է այնպես անել, որ երեք կուսակցություն, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի ուժը, չանցնեն խորհրդարան:

«Ասենք այդ կուսակցությունները հլը պիտի մտածեն խորհրդարան անցնելու մասին: Այդ որ ասում են՝ «հաղթելու ենք, այս ենք անելու, ինչ ենք անելու», ծիծաղելի է ուղղակի: Էդ ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ մարդիկ Հայաստանում քաղաքական գործընթացի հետ, ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեն, որևէ կապ չունեն։ Իրենց ինֆորմացիայի և ներշնչանքի աղբյուրները Հայաստանի Հանրապետությունում չեն հարյուր տոկոս», - հայտարարեց Փաշինյանը:

Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը վստահ, թե հաղթելու է առաջիկա ընտրություններում, հարցրեց լրագրողներից մեկը՝ նաև ընդգծելով, թե Նիկոլ Փաշինյանն ունի միջազգային հանրության աջակցությունը:

«Մենք հենվում ենք հայ ժողովրդի վրա, ոչ թե միջազգային հանրության վրա։ Միջազգային հանրությունը թող շատ հաճույքով կազմակերպեն ընտրությունները իրենց երկրներում։ Հայ ժողովուրդը հունիսի 7-ին կանի իր ընտրությունը Հայաստանում», - արձագանքեց Կարապետյանը։

Փաշինյանը պարբերաբար ակնարկում է, թե Սամվել Կարապետյանին Ռուսաստանից են գործուղել Հայաստան, այսօր լրագրողները նաև փորձեցին հասկանալ՝ ինչ կապ ունի Վլադիմիր Պուտինը նրա՝ Հայաստան գալու և քաղաքական հայտ ներկայացնելու որոշման հետ: Կարապետյանը հեգնեց. «Պուտինը ինձ կանչեց, ասաց՝ «գիտես, շուտով հորդ քառասունքն է, դու կգնաս անպայման կմասնակցես հորդ քառասունքի պատարագին, դուրս գալուց մենք ունենք մեր գործակալ լրագրողը, կմոտենա քեզ, մի հատ հարց կտա, հետո ունենք մեր գործակալ Փաշինյանը քեզ կձերբակալի, կկալանավորի, կտանիք կպահի ամենածանր պայմաններում, դրանից հետո դու խելքդ, գլուխդ կհավաքես, կմտնես քաղաքականության մեջ, կգնաս, կհաղթես»։ Եթե դուք այդպես եք պատկերացնում, ես ոչ մի մեկնաբանություն չունեմ»։

«Ռուսաստանից կախվածությունը ես ավելի մեծ մակարդակի, եթե ուզեմ էլ, չեմ կարող հասցնել»

«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդն արձագանքեց նաև «Քաղաքացիական պայմանագրից» հնչող հիմնական մեղադրանքներից մեկին, թե իշխանության գալու դեպքում Հայաստանը դարձնելու են միութենական պետության մաս: Իսկ տնտեսական ու քաղաքական կախվածությունը Ռուսաստանից մեծանալու է՝ հաշվի առնելով նաև, որ Կարապետյանն իր ունեցվածքը կուտակել է հիմնականում այդ երկրում:

«Կախվածությունը ես ավելի մեծ մակարդակի, եթե ուզեմ էլ, չեմ կարող հասցնել։ Բայց եթե ես հասկանում եմ, որ Ռուսաստանը եղել է, լինելու է մեր ռազմավարական դաշնակիցը, լինելու է մեր գլխավոր տնտեսական դաշնակիցը, որովհետև մենք ուրիշ հնարավորություն այսօր չունենք», - նշեց նա։

«Ուժեղ Հայաստան»-ում ինչպե՞ս են պատկերացնում հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ։ Սամվել Կարապետյանը պնդեց, թե այդ կառույցին ինքն էլ հարցեր ունի, բայց և հավելեց՝ շատ մանրամասների տեղյակ չէ, թե ինչու, օրինակ, այդ կառույցը իր պայմանագրային պարտավորությունները չի կատարել, երբ Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի վրա։

Արդեն մի քանի տարի ՀԱՊԿ-ում անդամակցությունը սառեցրած իշխանությանն էլ հարց ունի. «Երբ որ ներկա իշխանությունները պամպերսները հագած ինչ-որ հայտարարություններ են անում, չեմ էլ ուզում մեկնաբանեմ, որովհետև իրենք հնարավորություն ունեին... քանի տարի է այդ հայտարարությունները անում եմ, մի հատ ստորագրությամբ դուրս գային ՀԱՊԿ-ից: Վախնո՞ւմ են»:

Անդրադարձավ նաև Ռուսաստանի դեմ ավելի քան չորս տարի պատերազմող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Հայաստան այցին, Կարապետյանն ասաց, թե նրան եվրոպացիները բերել են Հայաստան, որ Նիկոլ Փաշինյանի համար մաստեր կլաս անի՝ ինչպես համարձակ հանձնել երկրի տարածքները:

«Ես անհանգստություն ունեմ, որ այդ ամենից մեր ժողովուրդը օգուտ չի ունենալու։ Փաշինյանը ամեն ինչ հանձնելով, իրեն մնացել է ընդամենը մեկ բան վաճառել եվրոպացիներին։ Դա հակառուսական քաղաքականությունն է, ինչը եվրոպացիք շատ հաճույքով կգնեն իրենից», - նշեց նա։

ԵՄ հարաբերությունների, խաղաղության պայմանագրի և TRIPP-ի մասին

Եվրամիության հետ հարաբերությունները, Կարապետյանն ասաց՝ ամեն ինչ կանեն, որ նորմալ լինի, բայց Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը, ըստ Սամվել Կարապետյանի, կեղծ է, իսկ Բրյուսելում ոչ ոք Երևանին չի սպասում: Այս ուժը երաշխավորված խաղաղություն է խոստանում, ՀԱՊԿ-ին դիտարկո՞ւմ են որպես երաշխավոր, Կարապետյանը հստակ չասաց՝ միայն նշեց երաշխավոր կլինի ոչ թե մեկ, այլ մեկից ավելի երկիր: Իսկ ինչպե՞ս են վարվելու նախաստորագրված խաղաղության պայմանագրի և TRIPP-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ: «Կլավարկենք», - վստահեցրեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը:

«Մենք, նորից եմ ասում, չենք կանգնեցնելու ոչ մի պետական մակարդակով ստորագրված փաստաթուղթ, բայց դա չի նշանակում մենք անելու ենք այն, ինչ գրված է այնտեղ: Մենք փորձելու ենք ինչքան հնարավոր է լավարկել այդ փաստաթուղթը ,ավելի համապատասխանեցնել մեր երկրի շահերին, քանի որ ես մտավախություն ունեմ, որ դա դրանից օգտվում են բոլորը, բացի Հայաստանից», - ընդգծեց Կարապետյանը:

«Չկա որևէ ուժ, որ կարող է ինձ ունեզրկել»

Այսօրվա ասուլիսը առիթ դարձավ, որ Կարապետյանը արձագանքեր նաև Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արված ևս մեկ պնդման, թե ինքն ընտրություններից հետո ունեզուրկ է դառնալու։ Համարեց, թե դա վարչապետի «ցնորքն է»։ Պատճառն էլ, ըստ նրա, Չինաստանից բերված սնկերն են։

«Կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովում բարձրանում է ամբիոն, անպայման օգտագործում է այդ սնկերից։ Եվ իր կյանքի երազները, ինչ երազ տեսնում է, երազում է, ինքը կարող է ամբիոններից դուրս տալ, դա ընդհանուր այդ սնկերի հիվանդությունն է, այսինքն ոչ թե հիվանդություն է, շնորհքն է, դրա համար շատ լուրջ մի ընդունեք»:

Փաշինյանը դատական հայց կներկայացնի Սամվել Կարապետյանի դեմ

Նիկոլ Փաշինյան արդեն արձագանքել է՝ դատական հայց կներկայացնի Սամվել Կարապետյանի դեմ. «Բնականաբար դատի եմ տալու կալուգացի օլիգարխին և բառիս իրավական իմաստով մի տոննա հալուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու կալուգացի օլիգարխին»։

«Ուժեղ Հայաստան»-ը առաջնորդ Սամվել Կարապետյանին արձագանքել են նաև ՔՊ-ական այլ պատգամավորներ, նրան անվանելով տգետ, անմակարդակ, մեծաբերան, ապուշություններ դուրս տվող։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG