Արցախցի Արթուր Օսիպյանը պետք է ներողություն խնդրի մեր նահատակների ընտանիքներից, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինձ համար Սամվել Շահրամանյանն ու Արթուր Օսիպյանը նույն կատեգորիայի մարդիկ են, որտե՞ղ է Արթուր Օսիպյանը կռվել, որ մի հատ էլ եկել է Ղարաբաղի հարց է առաջ տանում: Նա պիտի ներողություն խնդրի ու իր նման պսևդոէլիտայի ներկայացուցիչները: Գիտեք՝ մենք չգիտե՞նք նրա և Ղարաբաղի իշխանության կապերի մասին, թվում է, որ մենք տենց միամի՞տ ենք: Ինքը և պսևդոէլիտայի ներկայացուցիչները պետք է ներողություն խնդրեն մեր նահատակների ընտանիքներից, որ ուզում են շարունակել այդ պրոցեսն ու Հայաստանը վերադարձնել կոնֆլիկտի խորխորատի մեջ», - ասաց Փաշինյանը:
Արաբկիրում վարչապետի հետ վիճաբանությունից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել: Արցախցի Արթուր Օսիպյանը թեժ վիճաբանության ժամանակ վարչապետին հիշեցնում էր բանակցային գործընթացը, քննադատում նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը: Ի վերջո, սակայն, բանը հասավ վիրավորանքների, երբ ակտիվիստն ասաց, թե Ալիևը ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցն է բարձրացնում: Ժամեր անց Օսիպյանին մեղադրանք առաջադրվեց բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով: