Մատչելիության հղումներ

Կալանավորված Արթուր Օսիպյանը հացադուլ է սկսել

Վարչապետի հետ թեժ բանավեճից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր՝ Օսիպյանը մարտի 22-ին Ֆեյսբուքի իր էջում վարչապետի հասցեին բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է արել, իսկ մայիսի 18-ին Օսիպյանը, իմանալով Արաբկիրում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մասին, գնացել և խոչընդոտել քարոզչության ընթացքը։

Ըստ հաղորդագրության՝ նա տեղում հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել, չի ենթարկվել հավաքվածների հորդորներին և խախտել հասարակական կարգը։

Օսիպյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել երեք հոդվածով՝ վարչապետի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու, խուլիգանության և նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու համար։

Արաբկիրում վարչապետի քարոզչության ժամանակ Նիկոլ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև թեժ բանավեճ էր սկսվել, Օսիպյանը հարց էր տվել Ղարաբաղի թեմայով, վարչապետն արձագանքել էր վիրավորանքներով ու բղավոցներով: Ժամեր անց ոստիկանությունը Օսիպյանին ձերբակալել էր:

Քաղաքացիական հասարակության մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ՝ խստորեն դատապարտել են Արթուր Օսիպյանի նկատմամբ հարուցված «ակնհայտ անօրինական, անհիմն և քաղաքականապես մոտիվացված» քրեական հետապնդումն ու ազատությունից զրկելը՝ պահանջելով անհապաղ արգելանքից ազատ արձակել նրան ու դադարեցնել քրեական հետապնդումը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG