Մատչելիության հղումներ

«Ինչպե՞ս կարող է իրեն չընտրած քաղաքացուն համարել հանցագործ». Լուսինե Ավագյանը դատի է տվել վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լուսինե Ավագյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լուսինե Ավագյանը

Հունիսի 7-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանին չընտրած ու վարչապետի հայտարարությունից վիրավորված Լուսինե Ավագյանը դատի է տվել վարչապետ Փաշինյանին:

Վարչապետը հայտարարել էր. «Ես գիտեմ մի բան՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե, առանց փողի ոչ մեկ չի քվեարկել նրանց օգտին»:

Քաղաքացիական դատարան ներկայացրած հայցադիմում Լուսինե Ավագյանը նշել է, որ ինքն ընդդիմադիր քաղաքական ուժին ձայն տված քաղաքացի է, և Փաշինյանի հայտարարությունը, թե ընդդիմադիր ուժերը ընտրակաշառքով են քվե ստացել «չի համապատասխանում իրականությանը, արատավորում է իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը»։ Հետևաբար, քաղաքացին պահանջում է դատարանից պարտավորցնել Նիկոլ Փաշինյանին՝ հրապարակայնորեն հերքել Լուսինե Ավագյանի հասցեին տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները, հերքման մեջ նշելով, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, այսինքն՝ «սուտ» է:

Լուսինե Ավագյանի խոսքով.- «Շատ վիրավորկան էր այդ արտահայտությունը, որովհետև ես իսկապես ընտրել եմ հանուն փոփոխության»:

Ավագյանը նաև պահանջում է, որպեսզի վարչապետը հրապարակայնորեն ներողություն խնդրի՝ իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների համար, մասնավորապես՝ Լուսինե Ավագյանին «ընտրակաշառք ստացող անվանելու համար»։

«Ես, իսկապես, որպես իրավաբան զարմանում եմ, ինչու պետք է մի ամբողջ ժողովրդի հսկայական մասի... չէ՞ որ բոլորս էլ գիտենք՝ 50 տոկոսի շեմն էլ չի հաղթահարել, մնացած մասին համարել հանցագործներ: Նորմալ է, յուրաքանչյուր երկրում կգտնվեն մարդիկ, ովքեր չեն ընտրի իշխող կուսակցությանը, հետևաբար ի՞նչ, այդ մարդիկ հանդիսանում են ռուսամետ, եվրոպամետ կամ կաշառք վերցրա՞ծ»,- շեշտում է Ավագյանը:

Փաստաբանն ասում է, որ թեև անհատական հայց է ներկայացրել վարչապետի դեմ, սակայն իր այս քայլով փորձում է վերականգնել ոչ միայն իր պատիվն ու արժանապատվությունը, այլ բոլոր այն քաղաքացիների, ովքեր օգտվելով իրենց ընտրական իրավունքից, ձայն են տվել ոչ թե իշխանությանը, այլ ընդդիմադիր որևէ ուժի:

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում միայն ընդդիմադիր 3 ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», «Հայաստան» դաշինքի և ԲՀԿ-ի օգտին քվեարկել էր շուրջ 550 հազար ընտրող:

Ի դեպ, հունիսի 11-ին կառավարությունում արված իր հայտնի հայտարարությունը վարչապետը 6 օր անց փոքր-ինչ խմբագրել էր, թերևս փորձելով մեղմել նախկինում արված պնդումը: Նա ընդդիմությանն արդեն մեղադրել էր, ոչ թե 100, այլ 70 տոկոսով ընտրակաշառքով ձայն ստանալու մեջ:

«Ես պաշտոնապես ասում եմ՝ աչքաչափով էլ երևում է, որ էդ եռագլուխ կուսկացությունների ստացած ձայների 70 տոկոսը փողով ստացած ձայներ են»,- ասել էր վարչապետը:

Փաշինյանին դատի տված քաղաքացին հարցնում է.- «Իսկ ասե՞լ է, որ այս 30-ից ներողություն եմ խնդրում, հուսանք այս հայցով կհասնենք դրան»:

Քաղաքացին վարչապետից 6 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջում

Ի դեպ, դատարան դիմելուց բացի, փաստաբանը նաև հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն, նշելով, որ վարչապետի հայտնի հայտարարությունը հանցագործության տարրեր է պարունակում: Դատախազությունը հաղորդումը ուղարկել է Քննչական կոմիտե, սակայն քննիչը մերժել է վարույթ հարուցել ՝ հանցակազմի բացակայության հիմքով:

«Մարդկանց մեղադրում են հանցանք կատարելու մեջ, իսկ ընտրակաշառքը բավական կեղտոտ հանցանք է, իմ գնահատմամբ: Մեր երկրում 5 տարում 1 անգամ են հարցնում կարծիքը, թե հետո ինչ է լինելու քո պետության հետ: Ինչու դու պետք է մարդկանց հավասարեցնես ցածր նիշին, որ բոլորն ունակ են ընտրակաշառք վերցնել, իրենց ձայները վաճառել»,- հարցնում է Լուսինե Ավագյանը:

Զրպարտությունը հերքելուց ու ներողություն խնդրելուց բացի, քաղաքացին միաժամանակ վարչապետից պահանջում է 6 միլիոն դրամի փոխհատուցում: Եթե դատարանը հայցը բավարարի, Լուսինե Ավագյանը վարչապետի փոխանցած գումարը մտադիր է տրամադրել այն ընտանիքներին, ովքեր այսօր տուն չունեն: Ըստ Ավագայնի՝ Արցախից տեղահանված այդպիսի մի ընտանիք էլ այս պահին ապրում է իր հայրական տանը:

Ավագյանն ասում է.- «Մարդը կարող է չընտրել «Քաղաքացիական պայմանագրին» և ունենալ դրա համար արդարացված հիմնավորում: Քանի որ ընտրության իմաստը հենց դա է, հենց բառը նշանակում է ընտրություն, ինչպես կարելի է առանձնացնել, կիսել հասարակությանը: Եթե մենք խոսում ենք սիրուց, եթե խոսում ենք սրտիկներից, համերաշխությունից, այդ համերաշխությանն ինչպե՞ս են հասնում, բաժանելո՞վ»

«Դատալեքսից» տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի դեմ հուլիսի 10-ին ներկայացված հայցադիմումը մակագրվել է դատավոր Նաիրա Ավետիսյանին: Առայժմ, սակայն, գործը վարույթ չի ընդունվել:

Օրերս Գլխավոր դատախազությունը տեղեկացրեց՝ խորհրդարանական ընտրությունների գործընթացի մեկնարկից ի վեր ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ արդեն ուղարկվել է դատարան։ Հաստատված մեղադրական եզրակացություններով անցնում է 153 անձ, որոնց մեծ մասը մեղադրվում է ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու համար։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG