Մատչելիության հղումներ

«Ինձ դատի տաս՝ նույնն է, թե Ռոնալդուի հետ ֆուտբոլ խաղաս». Փաշինյանը Մարուքյանին դատի է տվել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քարոզարշավի ժամանակ, Երևան, մայիս, 2026թ.
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քարոզարշավի ժամանակ, Երևան, մայիս, 2026թ.

Մինչ արձակուրդում գտնվող վարչապետը Սյունիքում Խուստուփի բարձունքն է հաղթահարում, Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին զգուշացնում է՝ իրեն դատի տալը նույն է, թե «Ռոնալդուի հետ ֆուտբոլ խաղալը»։

«Ինքը ինձ ա դատի տվել, իսկ ինձ որ դատի ա տվել, դա նույնն ա, ոնց որ ի՞նչ անես, չգիտեմ, գնաս, ասենք, Ռոնալդուի հետ ֆուտբոլ խաղաս, էլի, ասենք անիմաստ», - հայտարարեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը:

«Հիմա, ասենք, Քոչարյանը կեղծում էր ընտրությունները, Սերժը կեղծում է... նույն սիստեմի վրա նստել ես, նույն ձևի կեղծում ես, նույն ձևի կեղծել ես: Սրա համար պետք ա գլխով պատասխան տաք, ու անձամբ դու, Նիկոլ, անձամբ դու: Փաստը ձեռիս հեսա ցույց եմ տալիս, տեսեք՝ սովորական, տարրական, ասենք, բան, պուճուր ընտրակեղծարարներ», - Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան այս լայվը վիրավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և նա դիմել է Քաղաքացիական դատարան։

Դատական դեպարտամենտի կողմից «Ազատությանը» տրամադրված հայցադիմումից պարզ է դառնում, որ Փաշինյանը պահանջում է պարտավորեցնել Մարուքյանին ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների, մասնավորապես՝ իրեն «տարրական պուճուր ընտրակեղծարար» անվանելու համար: Վարչապետը սա որակել է զրպարտություն և նաև պահանջում է հերքել այս խոսքերը, ինչպես նաև պարտավորեցնել Մարուքյանին վճարել 6 միլիոն դրամի փոխհատուցում։

Փաշինյանի այս հայցադիմումը, որ Քաղաքացիական դատարան է մուտքագրվել հուլիսի 9 -ին և հենց հաջորդ օրը մակագրվել է դատավոր Աննա Շիլաջյանին, դեռևս վարույթ չի ընդունվել:

«Էականն այն է, որ էս համակարգը դառել է նաև ընտրակեղծարար։ Որ մենք ասում ենք՝ երրորդ ժամկետով երբ որ մարդը ընտրությանը մասնակցում ա, դառնում ա, ադրբեջանացնում ա երկիրը, դառնում ա ավտորիտար համակարգ: Այսինքն՝ կեղծել եք դուք», - պնդել էր «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը:

«Ելք» դաշինքի առաջնորդներ Նիկոլ Փաշինյան և Էդմոն Մարուքյան, 2017թ.
«Ելք» դաշինքի առաջնորդներ Նիկոլ Փաշինյան և Էդմոն Մարուքյան, 2017թ.

Դատական հայցի պատճառ դարձած ֆեյսբուքյան այս լայվը Փաշինյանի երբեմնի թիմակից, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Մարուքյանն արել էր հունիսի 7-ի ընտրություններից երկու օր անց, երբ հայտնաբերել էր, որ «Լուսավոր Հայաստան»-ի օգտին քվեարկած ձայները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի քանի տեղամասերում չէր հաշվարկել: ԿԸՀ-ն դա տեխնիկական խնդիր էր համարել:

Այդ խնդրի մասին, ի դեպ, առաջինը բարձրաձայնել էր այժմ կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան»- կուսակցությունը։

«21/17 տեղամասը՝ 6 ձայն ենք ստացել, ԿԸՀ-ում՝ 0 ձայն, 21/24՝ 1 ձայն, ԿԸՀ-ում՝ 0 ձայն, 21/29 տեղամաս՝ 3 ձայն, ԿԸՀ-ում՝ 0 ձայն, 21/32 տեղամաս՝ 4 ձայն, ԿԸՀ-ում՝ 0 ձայն: Այսինքն՝ էս փոքր գյուղերում 6 հոգի, 4 հոգի, մի հոգի գոնե եղել ա՝ գնացել ընտրել ա մեզ, ինչ ա արել Նիկոլը՝ ԿԸՀ կայք ա մուտքագրել 0 ձայն: Ինչի եմ ասում Նիկոլը՝ որովհետև համակարգը իշխանության ա պատկանում», - ասել էր «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը:

Մարուքյանն արդեն «խայտառակություն» է որակել Փաշինյանի հայցադիմումը։ Ընդդիմադիր գործչի խոսքով՝ վարչապետը փորձում է իրեն հետապնդել իր քաղաքական խոսքի համար, քանի որ այլ բան հնարավոր չի եղել գտնել։

Մարուքյանը համեմատություն է անցկացնում իր և ընտրություններին մասնակցած ու այժմ տարբեր քրեական գործերով հետապնդվող՝ կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև. - «Ես առյուծներ չունեմ, որ գան տանեն գլուխն ուտեն, բիզնեսներով չեմ զբաղվում, որ գնան փակեն, ակտեր գրեն, չգիտեմ, հետապնդեն, երբևէ գործադիր որևէ պաշտոն չեմ զբաղեցրել, որ, ասենք, չգիտեմ, աուդիտ անեն, իմ դեմ մի բան ման գան գտնեն, երբևէ հանրապետության նախագահ չեմ եղել, որ միլիարդներ թալանեմ, հետո, ասենք, կոպեկներ ապօրինի գույքով պահանջեն, և, էն որ ասում են, դուք գիտեք, կլասիկ քաղաքական գործչին ո՞նց կարան հետապնդեն, փորձեն քաղաքական խոսքի համար հետապնդել, որը մեծագույն աբսուրդ է, բայց հա, օքեյ, թող փորձեն»։

Հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին՝ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը նշում է, որ քաղաքական գործիչը մեկ այլ քաղաքական գործչին քննադատելու համար չի կարող հետապնդվել:

Բայց քանի որ վարչապետի հայցադիմումն արդեն դատարանում է, Մարուքյանն ակնկալում է, որ Փաշինյանն անձամբ գա դատարան ու բացատրի, թե ինչպես և ինչից է վիրավորվել. - «Հիմա ինքը պետք ա գա դատարան և ասի, թե ինչ ա զգացել էդ պահին, երբ որ նայել ա էդ տեսաուղերձը, և ինչ ապրումներ ա ունեցել, երբ որ ասել են՝ «դու ընտրակեղծարար ես», և սկսի հիմնավորել, թե ինքը ոնց ա վիրավորվել: Որովհետև ուրիշ ձև չկա, որ ինքը կարողանա էդ դատը կրել»:

Վարչապետի փաստաբան Դավիթ Ավագյանն այսօր հրաժարվեց խոսել՝ ասելով, թե լիազորված չէ։ Ըստ փաստաբանի՝ այս պահին հայցադիմումի մասին խոսելը նպատակահարմար չեն համարում։

Ի դեպ, Էդմոն Մարուքյանից բացի, նույն օրը՝ հուլիսի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ հայցադիմում է ներկայացրել իր մեկ այլ նախկին թիմակցի՝ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի դեմ՝ իրեն «տականք» անվանելու և «թվեր նկարելու» մեղադրանքի համար:

Փաշինյանն այս հայցով ևս պահանջում է, որ Հովսեփյանն իրենից հրապարակային ներողություն խնդրի, նաև հերքի զրպարտությունը, միաժամանակ Հովսեփյանից պահանջելով 6 միլիոն դրամի փոխհատուցում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ Դատալեքսի, իրեն վիրավորելու և զրպարտելու համար ընդդիմադիր գործիչների դեմ դատական հայցեր ներկայացնելու մեծ փորձ ունի։ Անցած երկու ամսում նա միանգամից երեք հայց է ներկայացրել։

Հունիսին նա դատարան է դիմել «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ՝ պահանջելով, որպեսզի վերջինս հերքի իր այն հայտարարությունը, թե ինքը Կանադայում ունի տուն։ Վարչապետը միլիարդատեր գործարարից նաև 6 միլիոն դրամ է պահանջել։

Անցած ամիս Փաշինյանը հայցադիմում է ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստան»-ի դեմ՝ պահանջելով, որ այս կուսակցությունը հերքի տեղեկությունը, ըստ որի՝ վարչապետը հաստատել է, թե Հայաստան է բերելու 300 հազար ադրբեջանցի։
«Ուժեղ Հայաստան»-ից ևս Փաշինյանը 6 միլիոն դրամ է պահանջում։ Այս հայցադիմումն արդեն վարույթ է ընդունվել։

Մայիսին Նիկոլ Փաշինյանը կրկին դիմել է Քաղաքացիական դատարան՝ կրկին Սամվել Կարապետյանի դեմ, պահանջելով, որ միլիարդատեր գործարարը հերքի իր այն հայտարարությունը, համաձայն որի՝ Փաշինյանը Չինաստանից մեկ տոննա հալյուցինացիաներ առաջացնող սունկ է գնել ու Հայաստան բերել։ «Սնկերի գործը» ևս վարույթ է ընդունվել։

«Ինքը այնտեղ փորձել էր, դուրը եկել էր, և իմ ինֆորմացիայով՝ մոտավորապես մեկ տոննա հետը առել բերել ա Հայաստան», - մասնավորապես հայտարարել էր Կարապետյանը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG