Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն «պատրաստ է շաբաթավերջին Իրանին օդային հարվածներ հասցնել», եթե Թրամփը նման հրաման տա

Լրացված

Միացյալ Նահանգներն այնքան զորք ու ռազմական տեխնիկա է տեղակայել Մերձավոր Արևելքում, որ պատրաստ է հենց այս շաբաթավերջին Իրանին օդային հարվածներ հասցնել, եթե Դոնալդ Թրամփը նման հրաման տա, CNN-ի փոխանցմամբ՝ Պենտագոնից հայտնել են Սպիտակ տանը։

The New York Times-ը, սակայն, գրում է, որ ԱՄՆ նախագահը դեռ որոշում չունի այս հարցում, թեև Իրանին բազմիցս է սպառնացել «ծանր հետևանքներով», եթե գործարքի չգնա իր միջուկային ծրագրի շուրջ։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան զինուժին է միանում նաև աշխարհի ամենամեծ ավիակիր «Ջերալդ Ֆորդի» գլխավորած նավերի խումբը: ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայից իր ռազմական ինքնաթիռները տեղափոխել է Իրանին ավելի մոտ, նաև հակահրթիռային պաշտպանության լրացուցիչ համակարգեր է տեղակայել տարածաշրջանում։

Սպիտակ տան խոսնակը երեկ չի պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահը մտադիր է հետաձգել հնարավոր ռազմական գործողությունը՝ կախված Իրանի առաջարկներից: Քերոլայն Լևիթն ասել է, որ Ժնևում այս շաբաթ Իրանի հետ անուղղակի բանակցություններում փոքր առաջընթաց է գրանցվել, սակայն շատ հարցեր դեռ համաձայնեցված չեն:

«Որոշ հարցերում մեր դիրքորոշումները, սակայն, դեռ շատ հեռու են միմյանցից։ Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին իրանցիները, թերևս, պետք է ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրեն մեզ։ Եվ նախագահը կշարունակի հետևել, թե ինչպես են իրադարձությունները զարգանում», - ասել է նա։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հաստատել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Ժնևի բանակցություններից հետո Վաշինգտոնն Իրանից գրավոր առաջարկի է սպասում՝ փակուղուց դուրս գալու վերաբերյալ։

Ըստ The New York Times-ի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականները Թրամփին զգուշացրել են՝ եթե հնարավոր գործողության նպատակն Իրանում ռեժիմի փոփոխությունն է, ապա դրա հաջողությունը երաշխավորված չէ։

Իսրայելում թերթի աղբյուրներն ասել են, որ իսրայելական զինուժը ևս պատրաստվում է Իրանին հնարավոր օդային հարվածներ հասցնել՝ ստիպելու Թեհրանին զիջումների գնալ։

Ամերիկացի փորձագետների կարծիքով՝ հնարավոր թիրախները կարող են լինել իրանական կարճ և միջին հեռահարության հրթիռները, միջուկային օբյեկտները և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված օբյեկտները։

Ամերիկացի փորձագետների կարծիքով՝ հնարավոր թիրախները կարող են լինել իրանական կարճ և միջին հեռահարության հրթիռները, միջուկային օբյեկտները և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված օբյեկտները։

Իրանի պետական լրատվամիջոցները, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված ալիքները, իրենց հերթին, ցուցադրել են ստորգետնյա թունելներից և հրթիռային բազաներից կադրեր, որոնք ուղեկցվում են զգուշացումներով, որ երկիրը պատրաստ է պաշտպանվել արտաքին սպառնալիքներից։

Մոսկվան զսպվածության կոչ է արել

ԱՄՆ ճնշման ֆոնին Ռուսաստանը և Իրանն այսօր Հորզմուզի նեղուցում համատեղ ռազմածովային զորավարժություններ են սկսել: Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ադմիրալ Հասան Մաղսուդլուն ասել է, որ զորավարժություններն արտացոլում են երկրների ուշադրությունը տարածաշրջանում ստեղծված իրավիճակին:

Կրեմլի խոսնակն ասել է, որ դրանք նախապես էին պլանավորված: Մոսկվան նաև կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն և խոհեմություն ցուցաբերել և խնդիրը լուծել բացարձակապես դիվանագիտական միջոցներով, ասել է Դմիտրի Պեսկովը:

«Այս պահին մենք ականատես ենք լինում տարածաշրջանում լարվածության աննախադեպ սրման, բայց, այնուամենայնիվ, ակնկալում ենք, որ քաղաքական և դիվանագիտական միջոցներն ու բանակցությունները կշարունակեն գերակշռել լուծման որոնման գործում», - նշել է Պեսկովը։

Երեկ էլ Ռուսաստանի արտգործնախարարն է զգուշացրել, որ Իրանին ցանկացած նոր հարված լուրջ հետևանքներ կունենա: Al-Arabiya-ին տված հարցազրույցում Սերգեյ Լավրովը հորդորել է զսպվածություն ցուցաբերել և գտնել այնպիսի լուծում, որն Իրանին թույլ կտա իրականացնել իր միջուկային խաղաղ ծրագիրը:

«Սա լավ հետևանքներ չի ունենա: Արդեն հարվածներ հասցվել են Իրանի միջուկային օբյեկտներին, և որքան հասկանում ենք, միջուկային վթարի իրական ռիսկեր կային: Բոլորն են հասկանում, որ սա նման է կրակի հետ խաղալուն», - ասել է Լավրովը:

Ռուսաստանը շարունակում է կանոնավոր կապի մեջ լինել Իրանի ղեկավարության հետ, և որևէ պատճառ չունի կասկածելու, որ Իրանը անկեղծորեն ցանկանում է լուծել խնդիրը՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի համաձայն, հավելել է Լավրովը:

Լեհաստանը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը


ԱՄՆ-ի ու Իրանի չմեղմացող լարվածության պայմաններում այսօր Լեհաստանի վարչապետը երկրի քաղաքացիներին կոչ է արել անմիջապես լքել Իրանը և ոչ մի դեպքում չգնալ այդ երկիր: Դոնալդ Տուսկը խնդրել է ամենայն լրջությամբ վերաբերվել իր կոչին, քանզի մի քանի ժամվա ընթացքում տարհանման հնարավորություն կարող է այլևս չլինել:

«Ես չեմ ուզում որևէ մեկին վախեցնել հնարավոր զարգացումներով, բայց բոլորս գիտենք, թե ինչի մասին եմ խոսում։ Թեժ հակամարտության հնարավորությունը շատ, շատ իրական է», - նշել է Տուսկը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգներն էր իր քաղաքացիներին հորդորել դուրս գալ Իրանից:

XS
SM
MD
LG